Լրագրողների պաշտպանության կոմիտեն և ևս 7 այլ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ բաց նամակ են գրել ԵԱՀԿ Մշտական խորհրդին՝ կոչ անելով չդադարեցնել Մամուլի ազատության գրասենյակի գործունեությունը և փոխարինող նշանակել գրասենյակի ղեկավար Դունյա Միյատովիչին, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է մեկ ամսից:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, լրագրողների և խոսքի ազատության պաշտպանության խոշոր կազմակերպություններս, գրում ենք այս նամակը՝ կոչ անելով ԵԱՀԿ Մշտական խորհրդին ապահովել ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը Դունյա Միյատովիչի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Մենք խստորեն հավատում ենք Մամուլի ազատության ներկայացուցչի գրասենյակի բարձր արժեքներին ու կարևորությանը և ներկայացուցչի մանդատին, որը համաձայնեցվել է ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունների կողմից»,- ասվում է նամակում:
Նամակում նշվում է, որ 1998թ. նշանակումից հետո գրասենյակն ունեցել է առանց ընդհատումների մանդատ, և մամուլի և խոսքի ազատության ներկայացուցիչը հաջողությամբ օգնել է ապահովել մամուլի ազատությունը ԵԱՀԿ տարածքում և զգալիորեն նպաստել է խոսքի ազատությանն առնչվող մեծ թվով նախաձեռնությունների ԵԱՀԿ տարածքում:
«Մենք հասկանում ենք, որ ներկայումս մանդատը կրող Դունյա Միյատովիչը մեկ ամսից ստիպված է լքել գրասենյակը, այն բանից հետո, երբ նրա երկու եռամյա ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով: Այնուամենայնիվ, մինչ օրս ոչ մի հայտարարություն չի արվել նրան փոխարինողի վերաբերյալ, մինչդեռ շաբաթներ անց այդ հաստիքը կազատվի: Իրավիճակը մեծ մտահոգությունների տեղիք է տվել մամուլի և այլ ներգրավված կազմակերպությունների շրջանում, այդ թվում նրանց, որոնք մտահոգված են Եվրոպայում խոսքի ազատության համար, որոնք վախենում են կորցնել արժեքավոր գործընկեր»,- ասվում է նամակում:
Կարդացեք նաև
Նամակի հեղինակները համոզված են, որ մամուլի ազատության ներկայացուցչի աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ, այն դեպքում, երբ լրագրողներն այսօր բախում են աննախադեպ ճնշումների ԵԱՀԿ ամբողջ տարածքում: «Հետևաբար, մենք ցանկանում ենք նախազգուշացնել, որ վտանգ կա կորցնելու այն առաջընթացը, որը գրանցվել էր մամուլի ազատության ոլորտում,- մտավախություն են հայտնում կազմակերպությունները:- Ահա թե ինչու մենք կոչ ենք անում անդամ-պետություններին ստիպել ԵԱՀԿ-ին անհապաղ նշանակելու մամուլի ազատության նոր ներկայացուցիչ, որպեսզի գրասենյակի վերջին երկու տասնամյակների ձեռքերումները չկորչեն: Մենք նաև կոչ ենք անում անդամ պետություններին օգտագործել իրենց համատեղ կշիռը ազդելու նոր ներկայացուցչի նշանակման վրա»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ