Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր աղքատ է բնակչության շուրջ 30 տոկոսը՝ յուրաքանչյուր երրորդն աղքատ է. «Հրապարակ»

Փետրվար 17,2017 11:25

«Աղքատության պատճառները պետք է դիտարկել դեռեւս 1990-ական թվականներից,- կարծում է տնտեսագիտության թեկնածու Մարգարիտա Եղիազարյանը։- Հայաստանում աղքատության բարձր մակարդակն ունի մի շարք պատճառներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին ԱՊՀ երկրներից տնտեսական ամենախորը անկումը գրանցվեց Հայաստանի Հանրապետությունում (շուրջ 59 տոկոս)։ Խորհրդային Հայաստանում հիմնականում զարգացած էր ծանր արդյունաբերությունը (մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, էներգետիկա)։ Բնակչության շուրջ 60– 70 տոկոսը զբաղված էր այդ ոլորտներում։ Համախառն ներքին արդյունքի մեծ մասն ապահովում էր ծանր արդյունաբերությունը, հիմնականում արտադրում էին ներկրվող հումքով, եւ թողարկվում էր այնպիսի արտադրանք, որը միության այլ հանրապետություններում էր վերջնական արտադրանքի տեսք ստանում։

Այսինքն՝ տնտեսական կապերն այլ հանրապետությունների հետ մեծ կարեւորություն ունեին։ Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այդ կապերը վերացան, ուստի այդ բնագավառն էլ անկում ապրեց։ 2-րդ հիմնական պատճառը 1988-ի երկրաշարժն էր, 3-րդ պատճառը շրջափակումն էր։ Փաստորեն, զբաղվածություն ունեցող բնակչության մեծ մասը դարձավ գործազուրկ։ Պատճառներից մեկը նաեւ շուկայական տնտեսության անցման Հայաստանի կառավարության որդեգրած «շոկային թերապիայի» եղանակն էր, ինչը ենթադրում էր տնտեսական բարեփոխումների արագ ընթացք։ Կարծում եմ՝ փոփոխությունները պիտի կատարվեին փուլ առ փուլ, իսկ մեզ մոտ այդ գործընթացը շատ արագ տեղի ունեցավ։ Հաջորդ պատճառներից է նաեւ շրջանառության մեջ դրված ազգային դրամի արժեզրկումը, սկզբնական շրջանում 1 դոլարը փոխանակվում էր 14,5 դրամով։ Այս ամենին գումարվեց նաեւ էներգետիկ ճգնաժամը»։

Մասնագետը նշում է, որ աղքատության մակարդակն անցումային շրջանում կազմում էր շուրջ 50 տոկոս։ Այսօր աղքատ է բնակչության շուրջ 30 տոկոսը՝ յուրաքանչյուր երրորդն աղքատ է։ «Աղքատությունը կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ պետությունն ապահովի տնտեսական աճ։ Չնայած 2000-2008 թթ. ՀՀ-ն գրանցեց տնտեսական աճ, սակայն դրան համահունչ աղքատության մակարդակի նվազում չգրանցվեց։ Իսկ 2009 թ. համաշխարհային ճգնաժամը լուրջ խոչընդոտ դարձավ աղքատության մակարդակը նվազեցնելու համար»,-վստահեցնում է նա։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728