ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ձերբակալվել է տուժողի որդին:
2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ իրենց հարևանի տղան դանակով հարվածել է հորը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում` տան խոհանոցում, հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 71 տարեկան տղամարդու դին` մեջքի վրա ընկած:
Զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել են կտրած –ծակած բազմաթիվ վնասվածքներ. մասնավորապես` որովայնի առաջային պատին և կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին հայտնաբերվել են հապատասխանաբար 4 և 3 հատ կտրած-ծակած վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 հատ խոհանոցային դանակ` արնանման հետքերով:
Արարատի մարզային քննչական վարչության Արարատ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի որդին` ծնված 1971թ.: Վերջինս համատեղ ապրել է հոր հետ, չի աշխատում, տառապում է «Շիզոֆրենիա» հիվանդությամբ:
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցներ՝ սպանության պատճառները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե