Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները չեն ճանաչում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող գործընթաց. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

Փետրվար 17,2017 10:58

ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) փետրվարի 16-ին առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովը հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող ներկա իրավիճակը: Նրանք ևս մեկ անգամ հաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և որ պատերազմը տարբերակ չէ: Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել տեղերում, ինչպես նաև զուսպ լինել իրենց հրապարակային հայտարարություններում և բնակչությանը պատրաստել խաղաղության, ոչ թե՝ պատերազմի:

Համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստորեն հետևել 1994/1995թթ. հրադադարի համաձայնագրերին: Նրանք հիշեցրել են 2011թ. մայիսին Դովիլում իրենց նախագահների համատեղ հայտարարությունը այն մասին, որ ուժի կիրառումը կբերի միայն ավելի շատ տառապանք և հուսահատություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:

Համանախագահները կողմերի հետ իրենց տեսակետն են կիսել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված որոշումները կյանքի կոչելու համար: Համանախագահներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ցուցաբերել ավելի մեծ ճկունություն և սկսել ընդգրկուն բանակցություններ՝ հնարավորինս արագ կայուն խաղաղության հասնելու համար:

Համանախագահները Հայաստանի իշխանությունների՝ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու վերջին որոշումը ընդունել են որպես օգտակար մարդասիրական քայլ: Երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց հավատարմությունը՝ խստորեն հետևել իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին, այդ թվում նրանց, որոնք ստանձնել էին 2010թ. հոկտեմբերին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված Աստրախանի հռչակագրով:

«Համանախագահները քաջատեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղում 2017թ. փետրվարի 20-ին նախատեսվում է անցկացնել այսպես կոչված սահմանադրական հանրաքվե: Չնայած համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման գործընթացի անցկացումը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կարգավորելուն ուղղված ջանք, նրանք ևս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հետևաբար, համանախագահները չեն ճանաչում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող գործընթաց: Համանախագահները նաև ընդգծում են, որ այդ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունները ելքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության ավարտին նշվում է, որ համանախագահները մարտին պատրաստվում են այցելել տարածաշրջան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728