Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ից լինեի, կասեի՝ ճշտի կողմնակից եմ»

Փետրվար 17,2017 16:00

Ի՞նչ կապ ունի Հարություն Առաքելյանը
ՌԱԿ-Գագիկ Ծառուկյան բանակցությունների առկախման հետ

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հայտարարեց, որ ՌԱԿ-ում ներքին խնդիրների` Սփյուռքի եւ հայաստանյան կառույցի միջեւ առկա անհամաձայնությունները այս օրերին հրապարակայնացնելու մեջ դերակատարում է ունեցել ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք. այդ խնդիրների պատճառով «Ծառուկյան» դաշինքում առկախվեցին ՌԱԿ-ի բանակցությունները: ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը երեկ հայտարարեց, որ կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս հարցերի շուրջ երեկ «Առավոտը» զրուցեց Չեխիայում գտնվող ՀՌԱԿ նախկին ատենապետ, ներկայումս Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ Հարություն Առաքելյանի հետ:

– Պարոն Առաքելյան, Երեւանում Ձեզ ուղղված մեղադրանքներ են հնչում, որ Չեխիայից կարողացել եք խանգարել Հակոբ Ավետիքյանին ԲՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացին: Դա այդպե՞ս է:

– Իսկ ո՞վ է ասողը:

– Երեկ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

– Դե գանձագող նախկին վարչապետի թիմակիցը ուրիշ բան չէր էլ կարող ասել: Լավ կանեն իրենց կուսակցության դարդերը լացեն, իրենց կոռեկտ պահեն ու չխառնվեն այլ կուսակցության ներքին հարցերին:

– Բայց այդպես էլ չհստակեցրիք, պարոն Առաքելյան, մասնակի՞ց եք այդ խարդավանքներին:

– Հարգելիս, ես բաց խաղացող եմ, եւ կյանքը ապացուցել է, որ դա է ճիշտը: Իսկ ձեր ասած խարդավանքները, բանսարկությունները, անմեղ մարդկանց վրա միլիցիա, ԿԳԲ, դատախազ բերելը դա հենց այդ անձանց գործելաոճն է: Այդպես արեցին, որ 2012 թվականին ՀՌԱԿ-ի ժողովուրդը թքեց ու հեռացավ:

– Իսկ ի՞նչ եղավ դրանից հետո:

– Դրանից հետո «ավետիքյան խմբակը» դեգերումների մեջ է: Իմ ղեկավարած ՀՌԱԿ-ը 2006-ից աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության օրինավոր շրջանակներից մեկն էր, համագումարներում ներկայանում էինք 7 պատգամավորով: Եվ պատկերացրեք՝ 2016-ին մայր կուսակցությունը աշխարհից հրավիրված պատգամավորներով առաջին անգամ համագումար է անում Հայաստանում, իսկ այդ խմբակին արհամարհում են հենց Երեւանի մեջ: Այսինքն՝ խնդիրը նոր չէ, եւ պետք չէ կապել Գագիկ Ծառուկյանի բարի ցանկության հետ: Ու հիմա, երբ լրատվամիջոցներում Հակոբ Ավետիքյանին որ վերագրում եք ՀՌԱԿ ատենապետ, դա հեռու է իրականությունից: Նա չգիտեմ ինչ անունով է գրանցել կուսակցությունը, բայց հաստատ ՀՌԱԿ չէ, ստուգեք արդարադատության նախարարության համապատասխան բաժնում:

– Դուք պարոն Ավետիքյանի դեմ եք խոսում, բայց նա գտնում է, որ Դուք չեք մասնակցել իր դեմ դավադրությանը, քանի որ չունեք այդ հնարավորությունը:

– Նա շատ թյուր կարծիք ունի իմ հնարավորությունների մասին:

– Պարոն Առաքելյան, Ձեր ասածից հետեւում է, որ, այնուհանդերձ, ինչ-որ չափով խառնվել եք այդ խարդավանքներին:

– Հարգելիս, ինձ համար միեւնույն է` ով ինչ է ասում: Չեմ պատրաստվում որեւե մեկին հաշվետու լինել: Եթե ինչ-որ էակներ գտնում են, որ խառնվել եմ, ապա լավ եմ արել… Արել եմ, անում եմ, անելու եմ… (ծիծաղում է):

– Ստացվո՞ւմ է արդյոք, որ Դուք համագործակցում եք Սերժիո Նահապետյանի գլխավորած ՌԱԿ-ի հետ: Ընդհանրապես, Դուք ո՞ւմ կողմից եք:

– Եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունից լինեի, կասեի՝ ես ճշտի կողմնակից եմ… Բայց քանի որ ՀՀԿ-ից չեմ, ասեմ, որ ինձ համար ցավալի իրավիճակ է: Երկու անհավասար կողմերում էլ կան շատ հարգալից եւ վաստակաշատ ընկերներ, սակայն որքան տարօրինակ թվա ձեզ համար, ինքս ոչ մեկի կողմից չեմ: Բացատրեմ: «Ավետիքյանական խմբակը» ՀՌԱԿ-ի ղեկավարության դեմ ստալինյան մեթոդներով հոդված գրեց, ինչի արդյունքում ուժային գրոհ եղավ ՀՌԱԿ-ի դեմ` բոլոր ուղղություններով, եւ, ինչպես նշեցի, 2012 թվականի ամռանը ՀՌԱԿ-ը դադարեցրեց իր գործունեությունը: Այժմ ավետիքյանական խմբակը փորձում է թագավորե՞լ ավերակների վրա: Անգամ մեծ ցանկության դեպքում էլ չեմ կարող ներել նրանց: Մյուս կողմում օրինավոր ՌԱԿ-ն է, որ ջերմագին հարաբերությունների մեջ է ՀՀ ներկայիս իշխանությունների հետ, իսկ դա ինձ համար անընդունելի քաղաքականություն է: Հետեւաբար ես այդտեղ լինել չեմ կարող: Սա է իրականությունը:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

16,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728