Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական օգտագործված հագուստ ու կոշիկներ՝ ԴԱՀԿ-ի աճուրդում

Փետրվար 17,2017 15:30

ԴԱՀԿ աճուրդում անգամ
112 դրամով վարելահող է վաճառքի հանված

ԴԱՀԿ՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ինչ ասես, որ աճուրդի չի հանում՝ է՛լ մանկական ու կանացի կոշիկներ, է՛լ կանացի հագուստ, է՛լ լուսացույցներ ու նարգիլեի ծխախոտներ, ալրաղաց ու անասնագոմ, տնամերձ հողատարածքներ: Աճուրդում գերակշռում են բնակելի տներն ու բնակարանները, ոսկյա զարդերը, հողատարածքները, որոնց մեծ մասը վարելահողեր են: Պարզ է, որ այս գույքի տեր քաղաքացիները լավ օրից չէ, որ հայտնվել են դատարանում, ու իրենց գույքը դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվի:

ԴԱՀԿ-ն աճուրդի բաժնում նաեւ բաժնետոմսեր կատեգորիա ունի, սակայն այստեղ ոչ ընթացիկ, ոչ էլ ավարտված աճուրդ չի եղել: Նույնը բժշկական սարքեր եւ դեղորայք կատեգորիայում, իսկ ահա բժշկական կենտրոնի գույքի վաճառք կա աճուրդում:
«Մինասյան» բժշկական կենտրոնի եղած-չեղածը աճուրդի է դրված՝ տղաների հանդերձարանի գույքը, աղջիկների մարզասրահի գույքը, բ/կ-ի շոգեբաղնիքի, մերսման սրահի, թենիսի սրահի ու սրճարանի գույքը:

Երեւանի Մոլդովական 43 հասցեում գրանցված «Մինասյան» բժշկական կենտրոնը սնանկացման ճանապարհին է, մարտի 28-ին պարտատերերի առաջին ժողովն է լինելու:
Այս ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ էության կենտրոնը գոյություն չունի, կենտրոնից մնացել է մի փլատակ շենք, կառավարիչը հույս էլ չունի, որ այդ շենքը կվաճառվի: Պարոն Արաբյանը վստահեցրեց, որ Պետական եկամուտների կոմիտեն է դիմել դատարան, ընկերությունը 100 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի: «Մինասյան» բժշկական կենտրոնի ղեկավարին չեն էլ կարողանում գտնել: Պարոն Արաբյանի խոսքով՝ «Ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, չի հայտնաբերվել, որ իմանանք՝ պարտքն ինչպես է գոյացել: Տերն էլ ինչ-որ Ֆլորա Մինաս է, չկա, չեն գտնում»:

Ժիրայր Արաբյանը նույնիսկ զարմացավ, որ ԴԱՀԿ-ում կենտրոնի գույքն աճուրդի է հանված. կառավարիչն ասաց՝ ԴԱՀԿ-ն պարտավոր է աճուրդից հանել գույքը. «Մի քանի ամիս առաջ է դատարանը գործը վարույթ ընդունել, սա նշանակում է՝ ԴԱՀԿ-ն պետք է բռնագանձումը կասեցնի, սխալ բան են անում, պետք է հանեն ու բոլոր փաստաթղթերը մեզ տրամադրեն»:


ԴԱՀԿ-ի աճուրդի հանած ուշագրավ ապրանքներից են նաեւ մանկական կոշիկները, որոնց նկարագրությունից պարզ է դառնում՝ դժվար էլ գնորդ գտնվի: 1488 հատ մանկական կոշիկներից 121 զույգը, ինչպես նշված է նկարագրությունում, արհեստական կաշվից եւ կտորից են, գտնվում են տրորված, ապրանքային տեսքը կորցրած վիճակում, ամբողջ ապրանքի գինն էլ 1.3 միլիոն դրամ է:

ԴԱՀԿ-ն նաեւ օգտագործած հագուստ է աճուրդի հանել՝ տարբեր տեսակի եւ որակի մանկական, տղամարդու եւ կանացի օգտագործված հագուստ եւ կոշիկներ՝ խառը լցված ստվարաթղթե արկղերի մեջ, գտնվում են «Մետէքսիմ» մաքսային պահեստում, ընդհանուր քաշը՝ 734 կգ, վաճառվում են մեկ ամբողջական լոտով, ընթացիկ արժեքը՝ 135 հազար 529 դրամ: ԴԱՀԿ-ում, իհարկե, բացակայում է տեղեկատվությունը, թե այս օգտագործված հագուստները սնանկացած ընտանիքի անդամների՞նն են, թե՞, ասենք՝ «Second hand» խանութների համար էր ներկրվել:

ԴԱՀԿ էլեկտրոնային աճուրդում ամենաէժան գնով վաճառվող գույքերից է Արագածավանի գյուղապետարանի գյուղատնտեսական նշանակության, ջրովի 125 քմ վարելահողը, որի ընթացիկ գինն ընդամենը 399 դրամ է: Ընդ որում, որեւէ տեղեկություն չկա՝ նշված 399 դրամը 1 քմ-ի՞ արժեքն է, թե՞ ամբողջի: Մի էժան հողատարածք էլ Լոռու մարզի Քարինջի գյուղապետարանինն է. ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել այս համայնքի 890 քմ անջրդի խոտհարքը՝ 3 հազար 191 դրամ ընթացիկ գնով: Իսկ, այսպես ասած, ամենաէժան գույքը, որը աճուրդի է հանվել, Վերին Բազմաբերդի գյուղապետարանին պատկանող հինգերորդ կարգի, անջրդի, բայց ոռոգման համակարգով 775 քմ վարելահողն է՝ ընդամենը 112 դրամ արժեքով. այս հողատարածքի հարկի պարտքը կազմում է 5647 դրամ:
Նշենք, որ ըստ ԴԱՀԿ պաշտոնական վիճակագրության՝ 2016 թվականին ծառայության բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը կազմել է 21,6 միլիարդ դրամ՝ պետական բյուջեի օգտին՝ 5,6 միլիարդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11,7 միլիարդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1,7 միլիարդ դրամ:

Ընդհանրապես, ԴԱՀԿ-ի աճուրդների տարբեր բաժիններով վաճառքի հանված գույքից, դրանց գներից ու բռնագանձումների ծավալներից կարելի է պատկերացում կազմել մեր քաղաքացիների ցածր կենսամակարդակի մասին, այս տվյալները նույնիսկ աղքատության ցուցանիշ կարելի է դիտարկել:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728