Վիլեն Խաչատրյանը դոլարի փոխարժեքի
բարձրացումը չի կապում նախընտրական շրջանի հետ
Նախընտրական թոհուբոհի մեջ դոլարի բարձրացումը կարծես թե աննկատ է մնում, մինչդեռ վերջին երկու շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը սահուն բարձրանում է` 483 դրամից հասնելով 488 դրամի: Երեկվա դրությամբ դոլարը փոխանակման կետերում վաճառվում էր 488 դրամով, իսկ երեկոյան ժամերին ավելի բարձր կուրսով: Դոլարի կուրսի բարձրացումը զուգադիպությամբ համընկավ նախընտրական շրջանի մեկնարկի հետ: Տպավորություն է, թե թեկնածուներն իրենց դրամական միջոցները վերածում են դոլարի եւ Հայաստանից դուրս են տանում, այսինքն` ապահովագրում են իրենց միջոցները, ինչն էլ դոլարի դեֆիցիտ է առաջացնում: Սակայն տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դոլարի բարձրացումը ավելի շատ պայմանավորում է ոչ այնքան նախընտրական անցուդարձով, որքան համաշխարհային տնտեսության մեջ կատարվող փոփոխություններով, այդ թվում եւ ռուսական ռուբլու արժեւորմամբ:
Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ դոլարը սկսեց բարձրանալ եւ հնարավոր է կրկին բարձրանա այն բանից հետո, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հայտարարեց, որ առաջիկայում պլանավորում է երկու անգամ 0,25 տոկոսով բարձրացնել տոկոսադրույքները:
«Դոլարի փոխարժեքի փոփոխությունը մի գործոնով բացատրելն այնքան էլ ճիշտ չէ, բայց հիմնական ազդեցություն թողնողների մեջ Դաշնային պահուստային համակարգի հայտարարությունը կարելի է դիտարկել»,- ասաց պարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ դրան դեմ է գնում Չինաստանը, ինչի պատճառով էլ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից կան որոշակի հակասություններ. «Այսինքն` Չինաստանին անգամ մեղադրում են, որ չի թողել դոլարն արժեւորվի, եւ դա Չինաստանի համար վերջին ժամանակներս իր ռեզերվների ահագին մասը ծախսելու պատճառ է հանդիսացել: Չինաստանը ռեզերվները ծախսում է, որպեսզի դոլարը չթանկանա, ինչը հանգեցրել է Չինաստանից կապիտալի արտահոսքի: Այսինքն` մեր տնտեսության համար մինչեւ այդ տոկոսադրույքները չբարձրացնեն, մենք ազդեցությունը չենք զգալու»:
Կարդացեք նաև
Տնտեսագետի մեկնաբանմամբ՝ մեզ մոտ արտահանումն աճել է, Կենտրոնական բանկի պահուստները դեկտեմբերին 450 միլիոն դոլարով ավելացել են, արտահանման աճն էլ ստիպել է, որ արտարժույթի մուտք լինի. «Ներմուծումը այնքան էլ չի ավելացել, այսինքն` ներմուծման համար Հայաստանից դոլար քիչ է դուրս եկել, բայց կրճատվել են նաեւ տրանսֆերտները, դա եւս ազդել է, որպեսզի դոլարային ռեզերվները մի քիչ կրճատվեն: Այս շրջանում մենք որոշակի առումով դրական դիրքերում ենք, քանի որ մեր պահուստներն աճել են»:
Վիլեն Խաչատրյանը տնտեսությունում տեղի ունեցող դրական տեղաշարժը նաեւ պայմանավորում է մի շարք բանկերի միավորման հանգամանքով, վարկավորման աճով. «ԿԲ-ն կարողացել է հասցնել իր ռեզերվները 2 միլիարդ 200 միլիոն ԱՄՆ դոլարի»:
Ինչ վերաբերում է նրան, որ դոլարի թանկացումը կարող է պայմանավորված լինել նաեւ նախընտրական գործոնով, ապա Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ ավելի շուտ նման դեպքերում դոլարը պետք է էժանանա, քանի որ «մարդիկ իրենց պահած դոլարները հանում են, վերածում դրամի` այլ նպատակներով օգտագործելու»: Իսկ այս շրջանում թանկանալու պարագայում, ըստ մեր զրուցակցի, կնշանակի անվստահություն կա, եւ մարդիկ իրենց դրամական միջոցները վերածում են դոլարի, Հայաստանից դուրս են տանում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
16,02.2017