Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը տարի է՝ հայ գիտական միտքը չի կարողանում պարզել, թե հրդեհի պատճառը որն է

Փետրվար 17,2017 14:30

Վնասի հատուցման գործով քաղաքացին դեռ հատուցում չի ստացել

Հենրիկ Հովհաննիսյանն առաջին ատյանի դատարանում վճիռը հրապարակվելուց հետո «Առավոտին» ասաց, թե դժգոհ է վճռից եւ այն բողոքարկելու է:

2008 թվականի հոկտեմբերի 23-ին Երեւանի Բուռնազյան փողոցի 116 հասցեում հրդեհ էր բռնկվել: Հարեւաններն անմիջապես ահազանգում են Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:

Գալով հրդեհի վայր՝ Երեւանի հրդեհային տեսչությունում նախապատրաստվում են նյութեր: Հրդեհի մասին ակտի համաձայն, շղթայական հրդեհի հետեւանքով այրվել էին հարեւան Գ. Ասատրյանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը, ջարդվել էր վրայի ազբեստաշիֆերը: Այրվել էր նաեւ հայցվորի տան տանիքը, շինափայտը, հարեւանի գազօջախի էլեկտրական օդազտիչը: Հայցվորին պատճառված վնասը կազմել էր 1.163.500 դրամ: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրդեհային տեսչության պետ Ա. Մկրտչյանի տեղեկանքի, հրդեհի օջախն առաջացել է նշյալ բնակարանի միջանցքի որմնախորշում տեղադրված սառնարանի շրջակայքում:

Իսկ ՀՀ Փորձագիտական կենտրոնի կողմից տրված հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն էլ, հրդեհի պատճառը նույն հասցեի բնակչի՝ հարեւան Արմեն Հարությունյանին պատկանող մասից էր: Նրա բնակարանի էլեկտրական սնուցման համակարգում առկա էր վթարային իրավիճակ, էլեկտրական լարման կտրուկ տատանումներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ էին տվել հարակից բնակարանի բնակիչները՝ տասներեք հարեւանները, որոնք ասել էին, թե հրդեհին նախորդող ժամանակահատվածում իրենց բնակարաններում տեղի են ունեցել էլեկտրական կտրուկ տատանումներ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայցվոր Հ.Հովհաննիսյանը հրապարակեց պատասխանող ընկերության՝ «Հարավ» մասնաճյուղի հանձնաժողովի կարծիքը: Համաձայն այդ կարծիքի՝ «հրդեհի առաջացման պատճառ կարող էր հանդիսանալ սառնարանի սնուցման խրոցի եւ փայտյա հատակին գցված երկարացման հաղորդալարի վարդակի միջեւ եղած թույլ կոնտակտը»:

Ի դեպ, հրդեհից հետո, որքան էլ տարօրինակ է, չեն պահպանվել սառնարանի խրոցն ու դրա փոխանցիչի պոլիմերային նյութից պատրաստված իրանները, իսկ վարդակի պղնձյա դետալներն անվնաս են:

Քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով մերժվում է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, ընդհակառակը՝ հետքերը տանում են դեպի բնակարաններ, բնակիչներ:

Սակայն նախաքննությունն իրականացնող մարմինը ցուցում էր տվել պարզել, թե ում մեղքով էր ծագել հրդեհը, հատուցել հարակից բնակարանների բնակիչներին հասցված վնասը:

Մեկ տարի մեկ ամիս հետո լրացուցիչ համալիր փորձաքննությանը ներգրավվում է նաեւ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ճարտարագետ Գ. Ղազարյանը: Նրա մասնակցությամբ հաստատված եզրակացության համաձայն, հրդեհի օջախը եղել է հարեւան Ա.Հարությունյանի միջանցքի որմնախորշում դրված սառնարանի շրջակայքում՝ սառնարանի խրոցի, դրա փոխանցիչի ու երկարացման լարի վարդակի միջեւ եղած թույլ կոնտակտից բոցավառումը: Հրդեհի պատճառն էլ նշված սառնարանի չարաբաստիկ խցիկը սնուցող հաղորդալարերի կարճ միացումն էր:

Այս վերջին եզրակացությունն էլ հակափաստարկ ունեցավ: «Արայ» ՍՊ ընկերության սերվիս-կենտրոնի մասնագետ Բաբկեն Պետրոսյանի, կրկնակի փորձաքննությանը ներգրավված ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մանուկ Ներսիսյանի, ՀՊՃՀ էլեկտրատեխնիկական ֆակուլտետի դեկանի տեղակալ Էդուարդ Մարտիկյանի հաստատած եզրակացության համաձայն էլ՝ «սառնարանն անսարքություն չի ունեցել, քանի որ հրդեհից հետո սառնարանի կառավարման էլեկտրոնային բլոկը եւ շարժիչը աշխատունակ են: Սառնարանը չէր կարող դեր խաղալ հրդեհի առաջացման եւ տարածման գործում»: Այս փորձագետներն էլ ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ սառնարանի վերեւն ավելի է այրվել, քան ներքեւի մասը:

Հրդեհի գործը հասել է գիտխորհուրդ, եւ յոթ տարի առաջ հոկտեմբերի նիստում գիտխորհուրդը հանգել է այն եզրակացության, թե հրդեհը բռնկվել է Արմեն Հարությունյանի բնակարանում սառնարանի խցիկում սնուցող էլեկտրալարերի հատվածում առաջացած կարճ միացումից:

Հայցվորը պնդում է, որ գործում առկա էին անհերքելի ապացույցներ՝ փորձաքննության եզրակացություններ, որոնցով «ապացուցվում է էլցանցերի ոչ օրինաչափ գործողությունները եւ դրա արդյունքում վնասի առաջացման պատճառահետեւանքային կապը: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արա Դավթյանը, Արմեն Հարությունյանը նիստերի չեն ներկայացել եւ որեւէ առարկությամբ հանդես չեն եկել»:
Ի դեպ, Արմեն Հարությունյանի հասցեն նշված էր ՌԴ, Ղրիմի ինքնավար հանրապետության Եվպատորիա քաղաքը:

Քաղաքացին գտնում է, որ իր վնասը պետք է հատուցվի, եւ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումն է նշում, համաձայն որի. «Պատճառված վնասի հատուցման գործերով դատարանները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն ապացուցման առարկայի ճիշտ որոշմանը: Մասնավորապես, դատարանները նախ եւ առաջ պետք է որոշեն այն իրավական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար եւ ենթակա են պարզաբանման գործի քննության ընթացքում: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավական նշանակություն ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունները կարգավորող նյութական, դատավարական իրավունքի նորմերով»:

Մինչդեռ, այսքանից հետո առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Սուքոյանն արձանագրել էր, թե՝ «Հայցվորը չի ապացուցել վնասի հատուցման իրավահարաբերությունում սույն գործով պատասխանողների պատշաճ պարտապաններ լինելու փաստը»:

Հենրիկ Հովհաննիսյանն ասում է, որ, ի վերջո, հրդեհը եղել է ոչ իր մեղքով, հրդեհից առաջացել է վնաս, որի հետեւանքով կրել է նյութական վնասներ, եւ իր գույքային վնասները մինչ օրս չեն հատուցվել:

Թե փորձագետները, թե բացատրություն տված տասներեք հարեւանները նշել են, փաստել էլեկտրական լարերի կտրուկ տատանումների մասին:

Զրուցակցիս խոսքերով, դատարանը կաշկանդված էր քրեական գործ չհարուցելու որոշմամբ: Այս կապակցությամբ նա «Առավոտին» ասաց. «ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նախկինում կայացված քրեական գործերով հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումների գնահատման հարցին, արձանագրելով, որ թեեւ քրեական գործերով հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ եւ գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները եւ առարկությունները հիմնավորող, ինչպես նաեւ վեճի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետեւաբար, դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաեւ այդ ապացույցների իրավական գնահատականը»:

Հ.Հովհաննիսյանն ասում է, թե ստացվում է, որ իրեն հասցված վնասը եւ վնաս հասցնողների մեղքի առկայությունն ապացուցված է, սակայն դատարանը չի անդրադարձել այդ ապացույցներին ու դրանք չի դրել վճռի հիմքում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728