Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թատրոնի առաջատար մենապարող Սեւակ Ավետիսյանը գործընկերուհու հետ բեմադրություն կիրականացնի

Փետրվար 17,2017 14:00

Արտիստը մոտ ժամանակներս հանդես կգա նոր դերապարով

«Գարնան առաջին օրերին բալետային արվեստի երկրպագուներին հաճելի անակնկալ է սպասում. տասնամյակների ընդմիջումից հետո կներկայացվի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Այդպիսով Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կլինի միակը, որի խաղացանկում կընդգրկվի Խաչատրյանի եռապատումը՝ «Սպարտակը», «Գայանեն» եւ «Դիմակահանդեսը»,- «Առավոտի հետ զրույցում հայտնեց թատրոնի առաջատար մենապարող Սեւակ Ավետիսյանը, որն, ի դեպ, «Դիմակահանդեսում» «կիսելու» է Արբենինի դերապարը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ: Բեմադրության խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը:

Շուրջ 15 տարի Սեւակ Ավետիսյանին հանդիպում ենք թատրոնի խաղացանկային բոլոր ներկայացումներում, այդ թվում՝ «Սպարտակում» (Սպարտակ), «Գայանեում» (Արմեն), Ադանի «Ժիզելում» (Ալբերտ), Բիզե-Շչեդրինի «Կարմենում» (Խոզե), Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում» (Ռոմեո), Մինկուսի «Դոն Կիխոտում» (Բազիլ) եւ այլն:

Սպարտակ՝ Սեւակ Ավետիսյան, Ֆրիգիա՝ Սյուզաննա Փիրումյան:

Թատրոնի բալետային խմբի հետ հանդես է եկել Ռուսաստանի, Դուբայի, Եգիպտոսի, Քաթարի, Սիրիայի, Թուրքիայի թատրոններում: Վերջին հյուրախաղը կրկին Դուբայում էր (2016-ի ավարտին), այս անգամ՝ ոչ թատրոնի խմբի հետ: Մեզ հետ զրույցում արտիստն ընդամենն ասաց, որ դա ժամանակակից ներկայացում էր Նանսերի խորեոգրաֆիայով եւ հավելեց, որ Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքը՝ Դուբայը, վերջին տարիներին, հատկապես 2016թ. ամռանը օպերային թատրոնի բացումից հետո, հյուրընկալում է աշխարհահռչակ օպերայի եւ բալետի արտիստների, երաժիշտների, ինչպես նաեւ երաժշտական թատրոնների:

Կիտրի՝ Սյուզաննա Փիրումյան, Բազիլ՝ Սեւակ Ավետիսյան:

«Օրինակ, անցյալ տարի Մեծ թատրոնն էր այնտեղ, գովազդներից տեղեկացա, որ փետրվարին կկայանա Միշել Լեգրանի հյուրախաղերը, մարտին առաջին անգամ կներկայացվի Պուչինիի «Բոհեմ» օպերան եւ այլն: Նշեմ, որ Դուբայի դասական երաժշտարվեստի ոլորտում հանդես են գալիս հիմնականում հյուրախաղորդ արտիստներ»,- ասաց Սեւակ Ավետիսյանը:

Մեր զրուցակցին հիշեցրինք, որ «Առավոտի» առաջին հանդիպումը իր եւ գործընկերոջ՝ Ռուբեն Մուրադյանի հետ կայացել է ավելի քան 10 տարի առաջ, երբ Յուրի Գրիգորովիչի բալետային արտիստների միջազգային մրցույթից հայրենիք վերադարձան արծաթե եւ ոսկե մեդալներով: Այսօր Ռուբենին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ իրեն… Եվ հետեւելով թատրոնի բալետային խաղացանկին, նոր ներկայացում բեմադրելիս երկուսին էլ մշտապես հանձնարարվում է նույն գլխավոր դերապարը: Հարցրինք՝ օրինակ, «Դիմակահանդեսի» պրեմիերայի առաջին օրը եթե որոշվի, թե Ռուբենն է հանդես գալու, ինքը շատ ծա՞նր կտանի: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ մենք հիանալի ընկերներ ենք, հետո նոր գործընկերներ: Եթե ես «Դիմակահանդեսում» Ռուբենից հետո հանդես գամ, ասենք՝ 6-րդ անգամ, իմ, եւ համոզված եմ՝ հանդիսատեսիս համար նույնպես պրեմիերա է: Ինչ վերաբերում է վաստակավորի կոչմանը, ուրախ եմ, որ վերջապես Ռուբենին անցյալ տարի շնորհեցին: Իսկ բալետային խմբից ներկայացված էին նաեւ Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը եւ ես: Հասկանալի է, որ միանգամից բոլորս չէինք կարող արժանանալ այդ պատվին: Մյուս կողմից՝ չեմ թաքցնի, որ արտիստի համար վաստակավորի կամ ժողովրդականի կոչմանն արժանանալը հաճելի է, մանավանդ որ՝ գնահատվում ես երկրիդ կողմից»:

Մեր զրուցակցին հիշեցրինք նաեւ ժամանակին իր գործընկերների՝ Ժակլին Սարխոշյանի, Ռուբեն Մուրադյանի, Արման Բալմանուկյանի օրինակով ինքն էլ, եթե չենք սխալվում՝ 2015թ. կայացած գալա համերգի ժամանակ ներկայացրեց «մինի» բեմադրություն իր եւ Սյուզաննա Փիրումյանի մեկնաբանմամբ: Հետաքրքրությանը՝ չի՞ ցանկանում բալետային համարը հասցնել բեմադրության, Սեւակ Ավետիսյանը նախ նշեց, թե մեր ձեւակերպմամբ՝ «մինի» բեմադրությունն իրականացրել էր առաջատար մենապարուհի Սյուզաննա Փիրումյանի հետ, հետո էլ ասաց. «Ես եւ Սյուզին այս տարի ավարտում ենք թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժինը եւ աշխատում ենք Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտի ու Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայից մի հատվածի համադրությամբ «Անահիտ» բեմադրության վրա՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի: Սա էլ կհանդիսանա մեր դիպլոմային աշխատանքը եւ գուցե հետագայում ընդգրկվի թատրոնի խաղացանկ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728