Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ պատահեց մարդու հետ, երբ նա մեղքի պատճառով հեռացավ Աստծուց ու ինչ է մեղքը

Փետրվար 17,2017 13:00

Առանց Աստուծո մենք ոչինչ անել չենք կարող այս կյանքում: Բայց մենք ունենք կրքեր, այսինքն՝ չար ցանկություններ, որոնք մեզ դրդում են մեղքի ու հեռացնում Աստծուց: Եթե այսպես շարունակենք ու թողնենք, որ մեր չար ցանկությունները կառավարեն մեր միտքը, ապա մենք շարունակ խորը վերք կհասցնենք մեր իրական կյանքին: Մեղք գործելը սեփական անձին վերք հասցնելն է: Իսկ վիրավորված մարդը, եթե չդադարի իրեն վերք հասցնելուց ու չբուժի իր վերքերը, նա կմահանա: Ուրեմն ինչպե՞ս վարվել:

Երբ որ մեր նախահայր Ադամը մեղք գործեց ու դրա հետեւանքով վտարվեց դրախտից, դրանից հետո մարդկային բնությունը վնասվեց: Բոլոր մարդիկ, այդ թվում եւ մենք, որ ծնվել ենք դրանից հետո, հակված ենք ընդունելու անձնակենտրոն որոշումներ, որոնք ուղղորդված են մեր կրքերով, այլ ոչ թե անձնվեր սիրուց դրդված: Մարդը հակված է ավելի շատ հոգ տանել իր սեփական մարմնի ցանկությունների ու հարմարավետությունների համար, քան դիմացի մարդու կամ իր սեփական հոգու: Սուրբ Իսահակ Սիրիացին ասում է՝ մարմնի մասին մտածելն ու հոգ տանելը մեր ներսում առաջացնում է ամոթալի մղումներ ու չտեսնված ֆանտազիաներ: Եվ սրա պատճառով մենք վազում ու աշխատում ենք ստեղծել այնպիսի կեղծ արժեքներ, որոնք միայն ժամանակավոր հարմարություն են ստեղծում մեր մարմինների համար ու մենք կամ ժամանակ չենք ունենում մեր հոգով զբաղվելու, կամ էլ նույնիսկ ցանկություն էլ չի լինում հոգեւոր կյանքով զբաղվելու, որպեսզի մշտական կյանք ունենանք: Մենք մեզ խաբում ենք այս չար ցանկություններին տրվելով:

Որտեղի՞ց են գալիս մեր չար ցանկությունները

Կրքերը գալիս են մարդու ներսից, նրա սրտից: Մարկոսի Ավետարանի 7-րդ գլխում Տեր Հիսուսն ասում է. «ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»։ (Մր 7:21-23):

Այս չար ցանկությունները կամ կրքերը մարդուն անհամաձայնության մեջ են դնում համ Աստուծո, համ էլ մյուս մարդկանց հետ: Տեսեք ինչ է ասում այս առումով Պողոս առաքյալը Գաղատացիներին գրված նամակի 5-րդ գլխում. «Մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու»։ (Գղ 5:19-21)

Տեսնո՞ւմ եք, այն մարդիկ, ովքեր տրվում են իրենց չար ցանկություններին ու վճռականորեն չեն աշխատում դրանցից ազատվել, չեն ժառանգելու Աստուծո արքայությունը:
Եկեք մի պարզ օրինակ դիտարկենք: Աստված այս կյանքը ստեղծել է հստակ օրենքներով: Վերցնենք, օրինակ, ձգողականության օրենքը: Լավ օրենք է, չէ՞: Եթե ձգողականության օրենքը չլիներ, ապա կյանք չէր լինի երկրագնդի վրա: Բայց հիմա պատկերացրեք, որ մի մարդ, այնքան անմիտ ու անտարբեր է, որ բարձրանում է մի բարձր շենքի տանիքին ու ասում, ես չեմ վախենում ձգողականության օրենքից ու հիմա պիտի թռչեմ՝ ինչպես թիթեռը: Երբ նա ընկնի ու գլուխը ջարդի, նա միայն օրե՞նք խախտեց, թե՞ իր սեփական անձին վերք հասցրեց: Վնասեց իրեն, չէ՞:

Սա տեսանելի օրինակ էր: Իսկ ինչ է կատարվում մեզ հետ, երբ մենք այս նույն անմտությամբ ու անտարբերությամբ խախտում ենք Աստուծո դրած մյուս՝ հոգեւոր օրենքները, որ վերաբերում են մեր ներաշխարհին ու մտածողությանը: Դուք գիտեք՝ ինչպիսի վերք ենք հասցնում մենք ինքներս մեզ, երբ Աստված ասել է մի ստի, բայց մենք ստում ենք, երբ Աստված ասել է մի ատի, բայց մենք ատում ենք, երբ Աստված ասել է մի նախանձի, բայց մենք նախանձում ենք, երբ Աստված ասել է մի գողացի, բայց մենք թալանում ենք, երբ Աստված ասել է սիրի մերձավորիդ, իսկ մենք նրան զրկում ենք ու նրանից իր շապիկը թալանում մեր հարստության ու կոմֆորտի համար:
Ժողովուրդ ջան, սրանք մահացու վերքեր են, որ մենք հասցնում ենք մեր սեփական անձերին: Մեղքը մեր կյանքից մեր մեծ վրիպումն է, մեղքը վերք է սեփական անձի նկատմամբ, որ մեղավոր մարդն ամեն օր հասցնում է ինքն իրեն: Իսկ այդ դեպքում ի՞նչ են պատվիրանները: Իսկ պատվիրանները դրանք բժիշկ հոր զգուշացումն են իր զավակներին, թե բալիկ ջան, այսպես մի վարվի, որպեսզի այսպիսի բան չպատահի քեզ հետ: Բալիկ ջան, մեխերի վրայով ոտաբոբիկ մի քայլի, որպեսզի ոտքերդ չվնասվեն: Բալիկ ջան, կրակի հետ ձեռքով մի խաղա, որպեսզի ձեռքերդ չայրվեն:

Այս զգուշացումներին չլսելով, մենք տառապանք ենք ավելացնում մեր կյանքում: Հասկանո՞ւմ եք: Եթե դուք օրական երկու շիշ օղի խմեք, ձեր լյարդը կվնասեք: Ու մի մեղադրեք Աստծուն, թե ինչու այս հիվանդությունը բերեցիր իմ գխին: Եթե դուք օրական 2 տուփ ծխախոտ ծխեք, մի օր երեւի թոքերի ուռուցքով կհիվանդանաք: Ու մի մեղադրեք Աստծուն, թե ինչու այս հիվանդությունը բերեցիր իմ գլխին: Եթե դուք ամեն օր ստում եք, հարեւանին նախանձում, չեք կարողանում սիրել, չեք կարողանում ներել, չեք կարողանում խոնարհվել, ատում եք ու հպարտանում, փառք եք փնտրում ու հաճույք ձեր մարմինների ու անձերի նկատմամբ, ապա ձեր կյանքն էլ կլինի տառապանք, ցավ ու տխրություն, որովհետեւ նման բաներին բավարարում չկա:

Ուրեմն ի՞նչ պիտի անել այս վիճակից ազատվելու համար

Հովհաննես Ոսկեբերանն ասում է՝ «մե՞ղք ես գործել, մտիր եկեղեցի, զղջա, որովհետեւ բժիշկն է այնտեղ, ոչ թէ դատավորը, այստեղ մեղքերը չեն քննվում, այլ զղջացողը ստանում է թողություն: Այս ապաքինումը սկսում է գործել Սբ. Մկրտությունից սկսած, ապաշխարությամբ, դրոշմով: Մեղքերի թողությունը նշանակում է հաշտություն Աստուծո եւ մարդկանց հետ»: Տես. Մաթ. 5:22-26

Սիրելի բարեկամ, նվիրի քո անձը Քրիստոսին: Աստուծո առաջ դու մեկ բարեխոս ունես՝ Հիսուս Քրիստոսը: Պինդ բռնիր նրանից ու մի թող, որ ոչ մի բան քեզ բաժանի նրանից: Քո կյանքը կախված է նրանից, որովհետեւ «Որդին կենդանացնում է՝ ում կամենա» (Հովհ. 5:21): Մեծ ցավ է, երբ տեսնում ես մարդկանց, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, բայց խուսափում են Քրիստոսից, փախնում նրանից, կամ նրա մոտ գալիս, երբ մի բան են ուզում: Ամաչում են Հիսուս Քրիստոսի անունը տալուց: Բայց հիշիր, Նա է լույսը, Նա է ճանապարհը, Նա է հարությունը, Նա է կյանքը: Որդին կենդանացնում է՝ ում կամենա: Սա միշտ պետք է հիշել ու երբեք չամաչել Քրիստոսից՝ մեր փրկչից: Տեր Հիսուսն ասաց. «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամոթ կհամարի, նրան մարդու Որդին էլ ամոթահար պիտի անի, երբ գա իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով»։ (Ղկ 9:25-26):

Սիրելի բարեկամներ, նվիրեք ձեր անձերը Քրիստոսին, որովհետեւ Նա է փրկիչը, ով եկավ ապաքինելու մեզ մեր կրքերից ու միացնելու Աստծուն:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/ armen.hareyan?fref=ts

«Առավոտ»

16,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728