Ձմեռվա սեզոնին օգտակար մրգերից սերկեւիլը եւ անանասը` արքայախնձորը, կարող են զերծ պահել մի շարք հիվանդություններից, եթե պտուղը կամ հյութը ներառեք ձեր օրակարգում:
Սերկեւիլի բաղադրության մեջ մտնող պեկտինային եւ դաբաղող նյութերի առկայությունը պայմանավորված է նրա հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, լուծը վերացնող հատկություններով:
Սերկեւիլն ունի նաեւ կազդուրող, լեղամուղ, միզամուղ, հակախոցային հատկություններ: Թարմ հյութն օգտակար է թոքախտի, բրոնխիալ ասթմայի, գաստրիտի, ընդհանուր թուլության, սրտի, լյարդի հիվանդությունների դեպքում:
Ընդունում են 0.5-1 բաժակ, ուտելուց 20 րոպե առաջ: Այս հյութը մեղրի ու քացախի հետ գրգռում է ախորժակը: Սերկեւիլը պարունակում է պղինձ, երկաթ, կալիում, մագնեզիում, վիտամիններից՝ B6, A, C: Սերկեւիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Որպես միզամուղ միջոց՝ այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթեւացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը՝ մրսածության, հազի, բրոնխիտի բուժման համար։
Անանասի հյութը պարունակում է բրոմելային` ֆերմենտների յուրահատուկ խառնուրդ, որոնք իրենց բաղադրությամբ շատ մոտ են ստամոքսահյութի պեպսինին` վերջիններս պատասխանատու են սպիտակուցների մարսման համար, ուստի խորհուրդ է տրվում ճաշելիս անանասի մեկ բաժակ հյութ խմել կամ մեկ-երկու կտոր անանաս ուտել, որն օգնում է ձուկը, միսը, ընդեղենը մարսելուն: Անանասը պարունակում է վիտամիններ B1, B2, B12, C եւ PP, դիետիկ մանրաթել, օրգանական թթուներ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, ցինկ, մագնեզիում, մանգան, յոդ:
Անանասի ֆերմենտները բարելավում են սպիտակուցային սննդի մարսումը, հակաբորբոքային են, բարձրացնում են ստամոքսի ցածր թթվայնությունը:
Հյութն օգտակար է երիկամների, լյարդի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, սակավարյունության դեպքում` օգտագործվելով որպես հակալնդախտային միջոց: Շատ օգտակար է ոսկորների կոտրվածքների եւ նյարդային հիվանդությունների դեպքում: Անանասի հյութը խորհուրդ է տրվում նաեւ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:
Ընդունում են ուտելուց 30 րոպե առաջ, կես թեյի բաժակի չափով` նոսրացված նույնքան ջրով:
Հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնության եւ ալերգիայի նկատմամբ հակվածության դեպքում: Կալիումի աղերի շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը: Բացի այս ամենից` արքայախնձորը կոտրում է քաղցի զգացողությունը:
Արքայախնձորի հյութը խորհուրդ են տալիս աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ մարսողության լավացման համար: Սակայն, քանի որ արքայախնձորի հյութն ավելացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ապա ստամքոսի եւ տասներկումատնյա աղիքի խոցի, ինչպես նաեւ բարձր թթվայնությամբ գաստրիտի ժամանակ անանասի հյութի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
16,02.2017