Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂ ԳՐՔԵՐ

Փետրվար 17,2017 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասուներկուերորդ

ՈՒԺԵՂ ԳՐՔԵՐ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «մենք Ուստա Հակոբի կարծիքի վրա բռնանալու իրավունք չունենք», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու ժպտալով ասաց՝ «լավ էլ գրական խոսում եք, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ե՞րբ եմ գրական խոսացել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ուրիշ տեղ ասեմ՝ չեն էլ հավատա», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «ինչի՞ն չեն հավատա», եւ Ֆելոն փռթկացնելով ասաց՝ «չեն հավատա, որ Ֆրունզիկ Մկրտչյանը խոսքի մեջ էդ «բռնանալ» բառն օգտագործել ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ուզում ես ասես, որ ինձ անգրագետ ե՞ն համարում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում եմ ասեմ՝ ժողովուրդը ձեզ իրա հարազատ զավակն ա համարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ «բռնանալը» մի քիչ քաղքենիական բառ ա», եւ Ֆրունզիկը մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո էդ «քաղքենիական»  բառն էլ պակաս քաղքենիական չի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ուրիշ տեղ ասեմ՝ դժվար թե հավատան», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «ինչի՞ն չեն հավատա», եւ Ֆրունզիկը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «չեն հավատա, որ Ուստա Հակոբի աշկերտ Ֆելոն էդ տեսակ բարդ բառեր գիտի», եւ հայրս փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «իմ աշկերտ Ֆելոն ավելի բարդ բառեր էլ գիտի», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «չեմ էլ կասկածում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «քո աշկերտ Ֆելոյի հոգին շա՜տ խորն ա», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «բայց դերասանների մեջ ամենագրագետը Փափազյանն ա», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ա ասել, որ ամենագրագետն ինքն ա», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էդ տեսակ բաները ես եմ ուրիշներին ասում, ընկեր Մկրտչյան» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Փափազյանը գիրք էլ ունի գրած», եւ Ֆրունզիկը հիացած նայեց Ֆելոյին ու ասաց՝ «մեկի տեղակ՝ մի քանի հատ», եւ Ֆելոն  Ֆրունզիկին հարցրեց՝ «Փափազյանի գրած գրքերը կարդացե՞լ եք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի մասը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց իրան ասել եմ, որ լրիվ եմ կարդացել», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, լրիվ չեք կարդացել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կկարդամ», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «փաստորեն, Փափազյանին խաբել եք», եւ Ֆրունզիկն ապշահար նայեց Ֆելոյին, հետո  հորս ասաց՝ «էս աշկերտդ լրիվ շառ ա», եւ  Ֆելոն փռթկացնելով Ֆրունզիկին հարցրեց՝ «ինչի՞ եմ շառ, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը Ֆելոյին նեղսրտած հարցրեց՝ «այսինն, ո՞նց եմ Փափազյանին  խաբել», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «փաստորեն, լրիվ չեք կարդացել, բայց Փափազյանին ասել եք թե՝ լրիվ եք կարդացել» եւ մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «Փափազյանի բոլոր գրքերն ունե՞ք», եւ Ֆրունզիկը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն ա նվիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «շատ ջերմ մակագրությամբ» եւ մի քիչ էլ  մտածեց ու ասաց՝ «շատ  ուժեղ գրքեր են», եւ Ֆելոն խորամանկ ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «որ ուժեղ են, ո՞նց լրիվ չեք կարդացել» եւ Ֆրունզիկն արդարանալով ասաց՝ «որ էդ գրքերն ինձ նվիրեց, նկարահանումների մեջ էի. քիթս սրբելու ժամանակ չունեի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի էլ եմ նկարահանումների մեջ» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «որ հետդ էսպես ժամերով խոսում եմ, չմտածես թե՝ պարապ եմ», եւ Ֆելոն մեղավոր ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «էդքան հիմար չեմ, որ ըտենց բան մտածեմ, ընկեր Մկրտչյան»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել