Այսօր հրապարակվեց ՀՀ ԱԺ ընտրության մասնակից «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը, որում, սակայն բացակայում էր «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի անունը, որը դաշինքի ստեղծման գործում բավականին ակտիվ էր: Վարդանյանի բացակայության վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:
-Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես, շարժման ղեկավար Արման Վարդանյանի գործոնն այդ դաշինքում:
– «Միասնություն» համազգային շարժումը մեր գործընկերն է: Մենք, քանիցս, ասել ենք, որ կարևորում ենք մեր երկրում և, առհասարակ, քաղաքական դաշտում առողջ, ճիշտ և գրագետ սերնդափոխությունը: Եթե քաղաքական միավորումներում առողջ և գրագետ սերնդափոխություն չկա, այդ քաղաքական ուժերի ապագան ուղղակի տորպեդահարվում է: Արման Վարդանյանը դեռևս նախորդ ավագանու ժամանակներից՝ ղեկավարելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մեզ հետ ճանապարհ անցած գործընկեր է և շատ ակտիվ դերակատարում է ունենալու թե՜ այս փուլում՝ խորհրդարանական ընտրություններին, թե՜, վստահաբար կարող եմ ասել, առաջիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Մայիսի 14-ին արդեն նշանակված է Երևանի ավագանու ընտրություն, և մենք սահուն կերպով խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մտնելու ենք ընտրական երկրորդ փուլ: Ես Ձեզ ասեմ, որ և՜ դաշինքի ներսում, և՜ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են քննարկումներ, և մեր մոտեցումն այն է, որ Արման Վարդանյանը Երևանի ավագանու ընտրություններին, լինելով մեր ֆավորիտը, գլխավորի «Ծառուկյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը:
– Ի՞նչ նշաձող է սահմանել «Ծառուկյան» դաշինքը ապրիլին՝ խորհրդարանական, իսկ մայիսին՝ ավագանու ընտրություններում:
Կարդացեք նաև
-Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը ցանկացած ոլորտում մեկ կարգախոս ունի՝ միայն հաղթանա՜կ, հաղթանա՜կ հանուն ժողովրդի: Բոլոր ոլորտներում մեր կարգախոսը եղել է հաղթանակը, քաղաքականության մեջ ևս մենք սահմանել ենք ամենաբարձր նշաձողը՝ հաղթանա՜կ, հաղթանա՜կ հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն արժանապատիվ, անվտանգ, կայուն ու խաղաղ Հայաստանի եւ Արցախի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արման ջան.. Շատ եմ հարգում Ձեզ.. Միշտ առաջ և հաղթանակ
Պարոն Ծառուկյանին և Պարոն Վարդանյանին շատ հարգում եմ.. ազգասեր մարդիկ են.. միայն ու միայն հաղթանակ եմ մաղթում Ձեզ