Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակում ուշագրավ անձինք կան՝ նախագահի նախկին թեկնածուից մինչեւ քաղաքացիական ակտիվիստ:
«Ելքի» ցուցակում է ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր, նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Հովիկ Աղազարյանը, որը ցուցակի 50-րդ տեղում է:
«Ելքում» է նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը. նա 62-րդ տեղում է:
Այս դաշինքում է նախորդ տարի Քաղցրաշենի ոռոգման համակարգի դեմ պայքարի կազմակերպիչներից, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բողոքի ցույցի ժամանակ դեմ առ դեմ դուրս եկած Գառնիի բնակիչ Արուսյակ Այվազյանը: Նա դաշինքի ցուցակի 85-րդ տեղում է: «Ելքում» նաեւ Արտաշես Գեղամյան կա. նա, իհարկե, ՀՀԿ-ի ցուցակի Արտաշես Գեղամյանը չէ:
Կարդացեք նաև
Այս դաշինքում է նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների համար, այսպես ասած՝ պայքարող, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանը:
«Ելքում» է նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը. նա, հիշեցնենք, դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանն է եղել, ինչպես նաեւ մի քանի հնչեղ դատական գործերում է պաշտպանություն իրականացրել, այդ թվում նաեւ՝ «Սասնա ծռերի» գործով:
Ցուցակի ամենավերջին տեղում «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն է:
Իսկ ՀՀԿ-ի ցուցակում տեղ է գտել նախկին ՀՀՇ-ական Պետրոսյան Վարդան Վանցետի: Նա 1995 թվականին «Հանրապետություն» խմբակցության պատգամավոր է եղել: Վարդան Պետրոսյանը ՀՀԿ ցուցակի վերջին թեկնածուն է՝ 197-րդ տեղում է, այսինքն՝ ոչ անցողիկ:
Այս ցուցակում է ընդգրկվել նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը. Հիշեցնենք, որ նրա որդին՝ Ռոբերտ Երիցյանը, ըստ ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացրած մահափորձի պատվիրատուն է եղել:
Աղմկահարույց դեպքերի կենտրոնում հայտնված եւս մեկ անձ կա ՀՀԿ ցուցակում՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Հիշեցնենք, որ Հակոբ Բեգլարյանը պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարն էր, վերահսկիչ պալատը 230 միլիոն դրամի չարաշահումներ էր հայտնաբերել այս կենտրոնում, որից հետո Հակոբ Բեգլարյանն ազատվել էր պաշտոնից, սակայն որոշ ժամանակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նոր պաշտոն ստացել: Գագիկ Բեգլարյանն այս անգամ խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակում չկա:
ՀՀԿ-ի ցուցակի նոր դեմքերից է նաեւ հայտնի մանկաբույժ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը. նա 92-րդ տեղում է:
Մեկ այլ հայտնի բժիշկ էլ, պլաստիկ վիրաբույժ, եւս նախկին ՀՀՇ-ական Արտավազդ Սահակյանը ՀՅԴ ցուցակում է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ