Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին ցուցակներում շատ աղքատիկ է ընդգրկված»․ անցողիկ տեղերում միայն Վարդևան Գրիգորյանն ու Հովհաննես Մարգարյանն են

Փետրվար 16,2017 19:55

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների հրապարակած համապետական ցուցակներից պարզ է դառնում, որ մոտ 240 հազար ընտրող ունեցող Շիրակի մարզից անցողիկ տեղերում սահմանափակ թվով թեկնածուներ են ընդգրկված։ Այսօր պարզ դարձավ, որ «Ծառուկյան դաշինքի» 10-րդ հորիզոնականը զբաղեցնում է Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի 4-րդ տեղում Հովհաննես Մարգարյանն է։

ՀՀԿ-ի համապետական ցուցակում Շիրակի մարզից թեև անցողիկ տեղերում ընդգրկված են Սամվել Ֆարմանյանն ու Սամվել Նիկոյանը, սակայն առաջին երկու տասնյակում չկա և ոչ մի գյումրեցու անուն, անգամ վերջին երկու գումարմանը այս ցուցակով խորհրդարան անցած Սուքիաս Ավետիսյանինը։ Այս պատգամավորը ցուցակի 171-րդ տեղն է զբաղեցնում (շիրակցի թեկնածուներին, բացառությամբ Նաիրա Կարապետյանի, որ ցուցակի 36-րդ համարն է և Մկրտիչ Մինասյանի, որը 42-րդն է, հատկացվել է ցուցակի 170-180 տեղերը, օրինակ՝ Ֆելիքս Ցոլակյանը 180-րդ տեղում է)։ Փոխարենը բոլոր կուսակցությունները մեծ թվով վարկանիշային թեկնածուներ են առաջադրում Շիրակի մարզում՝ մեծ լարվածություն ստեղծելով առանց այն էլ հոգսերի մեջ թաղված այս տեղանքում։

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեզ հետ զրույցում ասաց․«Ձեր բարձրացրած հարցը շատ կարևոր է, որովհետև վերջին երկու-երեք օրերի ընթացքում, երբ որ նայում ես թե մեր կուսակցությունները, որոնք արդեն ակտիվ ներգրավված են նախընտրական գործընթացի մեջ, ինչ ցուցակներ են ներկայացրել, թվում է, որ Շիրակը մարզն իրոք շատ աղքատիկ է ներկայացված։ Ես ի նկատի ունեմ համապետական ցուցակները, «Ծառուկյան դաշինքի» անցողիկ տեղերից մեկը տրված է Վարդևան Գրիգորյանին, «Հայկական վերածնունդից» էլ Հովհաննես Մարգարյանին։ Հանրապետական կուսակցության առաջին տասնյակում անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր ունի միայն Սամվել Ֆարմանյանը՝ որպես Շիրակի մարզի ծնունդ ու Գյումրիում ապրած անձ։

Մյուս դեպքերում չկան շիրակցիներ, չենք տեսնում։ Իհարկե, շատ կուզենայի, որ ունենալով բավական մեծ թվով ընտրողներ՝ Շիրակի մարզը ևս ներկայացված լիներ համապետական ցուցակների անցողիկ տեղերում, բայց թե՛ Հանրապետական կուսակցությունը, թե՛ մյուսները աշխատում են հետևյալ կերպ՝ իրենց տարածքային՝ վարկանիշային ցուցակներում ընդգրկված անձինք հիմնականում կոճակ սեղմողներ են, այսինքն` մարզերից ինտելեկտուալ խավ Ազգային ժողով չի գնում։ Ես կոնկրետ Գյումրիի ցուցակներն եմ վերցնում, այնտեղ շատ քչերին կարելի է դասել ինտելեկտուալ խավի մեջ։

Նրանք այն մարդիկ են, որոնք ասենք Հանրապետական կամ մյուս կուսակցությունների համար մեծ քանակությամբ ձայներ են ապահովելու։ Ինչ վերաբերում է համապետական ցուցակներին, առաջին հայացքից ինտելեկտուալ խավը բավական մեծ է, այսինքն` տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ տնտեսագետներ, իրավաբաններ, մանկավարժներ և այլն․․․Եվ վարկանիշային ցուցակներում մտավորականների պակասը փորձում են լրացնել համապետական ցուցակներով։ Շատ դեպքերում սրանով է պայմանավորված, որ մտավորականությունը համապետական ցուցակներում հիմնականում ներկայացվում է մայրաքաղաքով։ Իրենք մարզերից տանելով հիմնականում ձայն բերողների՝ շատ լավ գիտեն, որ վաղը մյուս օր ձայն բերողները ընդամենը կոճակ սեղմողներ են լինելու, այդպիսիններից մեր Ազգային ժողովում կան։

Միտումնավոր են համապետական ցուցակում ներգրավում այնպիսի մարդկանց, որոնք քիչ թե շատ կկոմպենսացնեն այդ կոճակ սեղմողների բացասական կերպարը։Սրանով է բացատրվում այս ամենը։ Ուրախ կլինեի, որ Շիրակի մարզից ևս մտավորականներ ներգրավված լինեին համապետական ցուցակներում, բայց ունենք այն, ինչ որ ունենք, և ցավոք սրտի, թե՛ Հանրապետականը, թե՛ «Ծառուկյան դաշինքը», և թե՛ ՀՅԴ-ն Գյումրիի էլիտային անցողիկ տեղերում չեն տեսնում, չեն ուզում, չեն տեսնում կամ իրենցականը չեն․․․»։

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728