Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ` լրագրող Սիրանույշ Պապյանն` ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի գործով

Փետրվար 16,2017 18:40

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը: Լրագրողը դիմել է դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Նա պահանջում է ոստիկանապետից հրապարակային ներողություն խնդրել իրենից:

Դատարանը որոշում կայացրեց ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել, և ապացույցների ներկայացման վերջնաժամկետ նշանակեց մարտի 31-ը` ժամը 14.30:

Լրագրող Սիրանույշ Պապյանի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե դատարանը իրենց միջնորդությունը այն մասին, թե կոնկրետ ո՞ր փաստական հանգամանքն է պատասխանող կողմն ընդունում, որը` ոչ, թե ո՞ր փաստի վերաբերյալ կողմերը կարող են ներկայացնել ապացույցներ, միջնորդությունը թողնվել է առանց քննության:

Նշենք, որ պատասխանող կողմը գտնում է, թե հայցվորը պետք է ապացուցի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Սիրանույշ Պապյանի հասցեին արված հայտարարությունների` վիրավորական լինելը, հայցվորների ներկայացուցիչը տեղեկացրեց, թե իրենք կսպասեն մինչև մարտի 31-ը, որպեսզի տեսնեն, թե ինչ ապացույց կներկայացնի կողմն առ այն, որ այդ արտահայտությունը վիրավորական չէ:

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադարձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը նախորդ դատական նիստերին հայտարարել էր, թե «խճճելու է, չի թողնելու, որ հայցը հիմնավորեն ու հետ վերցնեն»:

Դավիթ Ասատրյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է ընթանում դատավարությունն այս իրավիճակում: Նա պատասխանեց. «Եթե դատական գործով ոստիկանապետի պաշտոնական տեսակետն այն է, որ արտահայտությունը վիրավորական չէ, ապա կարող է դատարանում առանց խճճելու և դրա մասին հիշատակելու իրականացնել արդար դատաքննություն»:

Լրագրողի ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց, որ ոստիկանապետի ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում սադրիչ բառն է օգտագործել, դատարանի դահլիճում վիրավորական արտահայտություններ է անում, իրենց հարցերին չի պատասխանում: Դավիթ Սահակյանն արձանագրեց. «Ներկայացուցիչը շարունակում է իր վստահորդի գործունեությունը: Գտնում ենք, որ դա սխալ է, և այս պարագայում պետք է իրականացվի այս ամենին հարիր դատաքննություն: Ընդհանրապես, ամեն պարագայում պետք է լինել կոռեկտ և թույլ չտալ նման արտահայտություններ, դատավարական փաստաթղթերում չպետք է լինեն սադրիչ և այլ արտահայտություններ: Իրավական ձևակերպումների շրջանակներից չպետք է դուրս գալ: Դա մյուս կողմի սխալ վարքագիծն է, և ևս մեկ անգամ ապացուցում է, որ ոստիկանապետի արտահայտությունը վիրավորական է»:

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հավաստիացրեց, որ ինքը վիրավորական արտահայտություններ չի արել ու պարզաբանեց. «Այս ամենում մեղադրում եմ փաստաբանների պալատին կից գործող փաստաբանական դպրոցին, որը շատ սխալ է սովորեցնում երիտասարդ փաստաբաններին, թե ինչ է դատական գործընթացը և ինչպես պետք է վարվել: Մյուս կողմի փաստաբաններն իրենց իրավունք վերապահեցին հայտարարելու, որ ՀՀ ոստիկանապետը խուսափում է պատասխանատվությունից, որից հետո ես ստիպված էի նրանց կարգի հրավիրել, բայց կոռեկտության սահմաններում: Ոչ մի վիրավորանք չի եղել»:

Մեր այն դիտարկմանը, մի՞թե սադրիչը վիրավորական արտահայտություն չէ, պարոն Աթանեսյանն արձագանքեց. «Նայած իրավիճակ. կարող է լինել և կոռեկտ: Կոռեկտության սահմաններից դուրս չեմ եկել: Սադրիչը կարելի է հազար անկյան տակ ներկայացնել»:

Հարցին` ի՞նչ ապացույցներ են ներկայացնելու, որ փաստեն, թե ոստիկանապետի արտահայտությունը վիրավորական չէր, ոստիկանապետի ներկայացուցիչը պատասխանեց. «Այդ գործով կա մեկ ապացույց. տեսանյութն է, որը կհետազոտվի, և համապատասխանաբար իմ հայտարարությունները կլինեն: Ես, թեպետ, ներկայացրել եմ հայցի պատասխան և նշել, որ որևէ վիրավորանք չի եղել լրագրողի հասցեին: Տիկին Պապյանի ուշքն ու միտքը ոստիկանապետին ջղայնացնելն էր: Անընդհատ նույն հարցը տալով, հերքելով բարեփոխումների փաստը, հարցի փոխարեն բղավելով`նա վազում է, ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ ցուցաբերում, ուստի ստացել է համարժեք պատասխան: Այսինքն` չի կարելի համատեքստից անջատել առանձին մի բառ»:

Մեր այն հիշեցմանը, թե լրագրողի մասնագիտական առանձնահատկություններից է նաև համառությունը, ինչը ցուցաբերել է լրագրողը տվյալ պարագայում, պարոն Աթանեսյանը պատասխանեց` վստահեցնելով, թե ինքը բազում հայտնի լրագրողների է պաշտպանել դատարանում. «Գիտեմ` լրագրողի հացն ինչքան բարդ է վաստակվում, բայց դա այդ դեպքը չէ, բաներ կան, որ պետք է դատաքննության ընթացքում հրապարակեմ: Այստեղ մի լրագրող փորձում է ձեր ամբողջ կորպուսի անվան տակ դառնալ հայտնի: Այստեղ չկա պրոֆեսիոնալ լրագրողի դիպուկ, հստակ անգամ համառ աշխատանք, որի արդյունքում նրան վիրավորել են: Այդպես չէ, այլապես ես երբեք այդ գործը չէի վերցնի»:

Խճճելու հետ կապված` իր արտահայտության մասին փաստաբանը պարզաբանեց, թե ուղղակի իր մոտ ծիծաղ է առաջացրել հայցվորի ներկայացուցիչների այն հայտարարությունը, որ ինքն իր դիրքորոշմամբ և վարքագծով չի թողնում, որ իրենք իրենց հայցը հիմնավորեն: Այս առիթով փաստաբանն ասաց. «Պատասխանողը աշխատում է հենց հայցի դեմ, որ չհիմնավորվի հայցադիմումը: Փաստորեն, իրենք ինձ մեղադրեցին փաստաբան լինելու մեջ` միգուցե իրենք էլ չհասկանալով: Երիտասարդ փաստաբաններին դրա համար պետք է պրոֆեսիոնալ փաստաբաններ դասավանդեն»:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն, հեգնե՞լ եք, պարոն Աթանեսյանն այսպես պատասխանեց. «Հեգնանք չկա, ինձ ասում են, թե մեր հարցերին չի պատասխանում, որ մեր հայցադիմումը հիմնավորենք: Ես էլ ասում եմ, որ փաստաբանի գործն էլ դա է` անի այնպես, որ հայցադիմումը չհիմնավորվի: Դա ինձ ուղղակի զվարճացրեց: Թող այնքան ուժեղ լինի նրանց հայցը, որ ես ինչ էլ անեմ, դա հաստատվի»:

Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, թե լրագրողն ընդամենը դատարան դիմելու միջոցով ուզում է հայտնի դառնալ, այնուհետև պնդեց, թե հայցն անհիմն է և միանշանակ պետք է մերժվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728