Վաղը կայանալիք ԵԿՄ 11-րդ համագումարում ԵԿՄ նախագահ կվերընտրվի Մանվել Գրիգորյանը: «ԵԿՄ-ում այլ կարծիք չկա: Զորավարը վերընտրվելու է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը` հավելելով, որ սա հերթական համագումարն է:
Համագումարում հնչելու է Մանվել Գրիգորյանի ելույթը, հաշվետություն`կատարված աշխատանքների մասին, կլինեն կանոնադրական փոփոխություններ, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի կազմերի, վարչության նախագահի ընտրություն:
Հարցին`ԵԿՄ-ն կհայտարարի՞ ՀՀԿ-ին սատարելու մասին, մեր զրուցակիցն ասաց, որ ԵԿՄ-ն արդեն հայտարարել է եւ վաղն էլ հայտարարելու է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարելու են ՀՀԿ-ին:
Պարոն Ուլիխանյանից նաեւ հետաքրքրվեցինք` Մանվել Գրիգորյանի հետ խոսե՞լ է իր առաջադրման մասին, ունի՞ նրա աջակցությունն այդ հարցում:
Կարդացեք նաև
«Իհարկե, կա աջակցություն: Ամբողջ ԵԿՄ-ական կառույցն իր ողջ ներուժով, աջակցելու է ոչ միայն իր այն անդամներին, ովքեր ռեյտինգայինով առաջադրվելու են, այլ մարզերում և համայնքներում աջակցելու է ՀՀԿ-ին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ