Փակուղում հայտնված Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը պատրիարքարանում ճգնաժամի պատճառ է դարձել: Հոգևոր խորհրդի նախագահ` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը գրավոր կերպով տարածել է իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու լուրը:
Եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի մասին նամակում մեղադրվել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Մաշալյանը հայտնել է, որ նման որոշում կայացրել է Աթեշյանի պահվածքի պատճառով: Նամակում Մաշալյանը նաև հայտնել է, որ պատրիարքական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Նամակում Մաշալյանը նշել է նաև քաղաքը լքելու իր մտադրության մասին:
Հրաժարականի տեքստը թուրքերեն լույս է տեսել «Ակօս» շաբաթաթերթում: «Ակունքն» իր ընթերցողներին է ներկայացնում հրաժարականի մասին նամակի հայերեն թարգմանությունը:
Հոգևոր խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի նամակը
Պատրիարքական ընտրությունների շուրջ վերջին զարգացումների լույսի ներքո պարտքս եմ համարում ժողովրդիս պարզաբանումներ կատարել ներքոհիշյալ հարցերի վերաբերյալ:
Պատրիարքի անաշխատունակ դառնալու հետևանքով թափուր մնացած աթոռին նոր պատրիարք ընտրելու համար Եկեղեցական ընդհանուր խորհուրդը որոշում էր կայացրել ընտրություններ անցկացնել և սկսել համապատասխան գործընթացը: Համաձայն մեր ավանդույթների՝ ընտրական գործընթացը պետք է ընթանար հետևյալ կերպ. նախ պետք է տեղապահ ընտրվեր, այնուհետև ընտրություններ անցկացնելու համար նախաձեռնող հանձնաժողով կազմվեր, և զարգացումների վերաբերյալ նամակով նահանգապետարանին հայտնելուց հետո հարցին օրինական բնույթ հաղորդվեր: Այս գործընթացն ամենաշատը մի քանի շաբաթ պետք է տևեր, սակայն, ցավոք, այս պարզ գործընթացը պատրիարքի փոխանորդ` հարգարժան Արամ արքեպիսկոպոսի համառության և ձգձգելու հետևանքով ևս մեկ անգամ փակուղի մտավ: Ցայսօր ոչ մի իրավական դիմում չի ներկայացվել։
Արամ սրբազանը թույլ է տվել հետևյալ զանցանքները․
1․ Պատրիարքական աթոռը թափուր մնալուց անմիջապես հետո պետք է տեղապահ ընտրվեր։ Սակայն Արամ սրբազանը տարատեսակ քմահաճույքներով և սպառնալիքներով խոչընդոտեց այս ընտրությունները։ Հաշվի առնելով որոշ զգայուն հանգամանքներ՝ Հոգևոր խորհուրդն ստիպված եղավ աչք փակել Արամ սրբազանի տեղապահությանը։ Ցավոք, Արամ սրբազանը փոխանորդությունը չիրականացրեց տեղապահին հարիր կերպով, կուլ գնալով իր նախկին սովորություններին՝ գործեց ինքնագլուխ։ Այսպիսով, ևս մեկ անգամ պարզ դարձավ՝ պատրիարքի բացակայության պայմաններում պատրիարքական ընտրությունների կանոնավոր ընթացքն ապահովելու համար որքան կարևոր է փոխանորդի դերը։
2․ Եկեղեցու Ընդհանուր խորհուրդը չորս հոգևորականից բաղկացած հանձնաժողով ստեղծեց, որը պետք է պատրիարքական ընտրության անցկացման համար պաշտոնական դիմում-նամակ կազմեր։ Այս հանձնաժողովը, ուսումնասիրելով նախորդ դիմումները, դրանց բովանդակությամբ նամակ կազմեց։ Դիմումը տեղեկատու նամակի տեսքով պետք է լիներ։ Նամակում անպայման պետք է նշվեր պատրիարքական ընտրության նախաձեռնող խմբի գոյության մասին, ինչպես նաև տեղեկացվեր, որ նախաձեռնող խմբի անդամների անուններն ավելի ուշ ներկայացվելու են նահանգապետարանին։ Արամ սրբազանը սրտաճմլիկ դիմադրությամբ պահանջեց չնշել նախաձեռնող խմբի առկայության մասին և պատրիարքական ընտրությունների անցկացման համար պետությունից թույլտվություն խնդրել։ Ընդհանուր հայտարարի գալուց հետո գրված դիմում-նամակը չծառայեց իր նպատակին, այլ սպասեցինք նահանգապետարանի պատասխանին։
3․ Այդ ընթացքում հարգելի Պետրոս Շիրինօղլուն՝ որպես Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար խորհրդի նախագահ, հանդիպում ունեցավ հարգարժան նախագահի հետ և ավետեց, որ համայնքային ընտրական խնդիրները կարգավորվելու են հանրաքվեից անմիջապես հետո։ Այս լուրը պետք է որ արագացներ ընտրական գործընթացը։ Մինչդեռ այս ավետիսը Արամ սրբազանի համար ընտրություններից խույս տալու մեկ այլ պատրվակ դարձավ։ Խախտելով հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, համայնքին տված իր խոստումը՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու հայտարարեց, որ ընտրության անցկացման համար դիմում չի ներկայացնելու: Հոգևոր խորհուրդն ու ես՝ այդ խորհրդի նախագահս, լրատվամիջոցներից լսեցինք այդ լուրը։
Այսօր՝ 2017թ․ փետրվարի 13-ին, գումարված վերջին Հոգևոր խորհրդի հանդիպման օրակարգում էր այս խնդիրը, սակայն Արամ սրբազանն իր մեթոդներով, կապրիզներով, սպառնալից կեցվածքով և ժողովը լքելու սպառնալիքներով կարողացավ շահարկել ժողովը: Հոգևոր խորհրդի մեծամասնությունը մերժեց Սահակ Սրբազանի առաջարկը:
Առաջարկս հետևյալն էր․
Նախագահից ոչ պաշտոնական ճանապարհներով մեզ հասած լուրերը պետք է որ արագացնեին պատրիարքական ընտրության աշխատանքները։ Ասենք, օրինակ, կարող էինք չորեքշաբթի օրն անմիջապես նոր նախաձեռնող խորհուրդ կազմել, հինգշաբթի օրը՝ դիմումն ուղարկել նախանգապետարան և դիմում-նամակի բովանդակությունը ներկայացնել ժողովրդին։ Այսպիսով, հանգիստ սրտով կարող էինք սպասել հանրաքվեին հաջորդող ընտրության տարեթվի նշանակմանը։ Սա կլիներ այն ողջամիտ և արժանապատիվ մոտեցումը, որը ժողովուրդն ակնկալում էր Հոգևոր խորհրդից: Այս առաջարկս մերժվեց։
Սակայն խնդիրն այլևս հանրաքվեից հետո դիմում ներկայացնելու մեջ չէ։ Արամ սրբազանը հին մեթոդներով Հոգևոր խորհրդին ստիպեց հանրաքվեին հաջորդող դիմումում պետությունից ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ստանալու որոշում կայացնել։ Այսինքն՝ նախաձեռնող խորհուրդը կազմվելու է ընտրության թույլտվությունը ստանալուց հետո։ Բարեկամաբար փորձել եմ իրեն բացատրել, որ իրավաբանորեն աշխարհիկ պետությունից նման թույլտվություն երբեք չի տրվի, և ընտրությունները ոչ թե մնալու են գալիք գարնանը, այլ փակուղի են մտնելու։ Սակայն Արամ Սրբազանը, ով ակնհայտորեն նախաձեռնող խորհրդից ավելի է վախենում, քան սատանայից, այս հարցում էլ իր նպատակին հասավ։ Կարճ ասած՝ այս ընտրությունները հարաքվեից հետո էլ ՉԵՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ։ Դեռ որքա՞ն է այս հնացած փլավը հրամցվելու այս մոլորված ժովորդին, և նրանք դեռ որքա՞ն են ախորժակով ուտելու դա։ Կներեք, բայց ստամոքսս այլևս չի ընդունում։
Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը պատրիարքի փոխանորդ է, այս ընտրությունները չեն անցկացվելու։ Պատրիարքական աթոռի թափուր մնալուց հետո, գնալով խորացող քաոսի պայմաններում բոլորը համակարծիք են, որ Արամ սրբազանի օրոք ստեղծված իրավիճակը ոչ միայն չի կարգավորվի, այլև ավելի կվատթարանա։ Նման իրավիճակում այլևս անհնար է Արամ սրբազանի պահվածքն ու արարքները գնահատել որպես ակամա և պարզ սխալներ։
1․ Եկեղեցու Ընդհանուր խորհրդի՝ պատրիարքի ընտրության որոշումն անմիջապես չի իրականացրել, ընդհակառակը՝ փոխանորդի բոլոր իրավասություններն ընտրությունները հետաձգելու համար են օգտագործվել:
2․ Անուշադրության է մատնել իրենից ավելի բարձր իրավասություններ ունեցող Հոգևոր խորհրդի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը, տեղյակ չի պահել զարգացումների մասին և ինքնագլուխ որոշել է պատրիարքի ընտրություն անցկացնելու համար դիմում չներկայացնել։ Այսպիսով՝ Արամ սրբազանը եկեղեցու Ընդհանուր խորհրդի և Հոգևոր խորհրդի առջև ծանր կարգապահական զանցանքներ է թույլ տվել։
3․ 1717 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցու պատմության մեջ ոչ մի պատրիարքական կամ կաթողիկոսական աթոռ 9 տարի թափուր չի մնացել։ Լիազորությունները շահագործելով` 9 տարի շարունակ կատարած մանիպուլացիաները, պաշտոնը և լիազորություններն անձնական շահի համար օգտագործելը հանցանք է համարվում, և համաձայն եկեղեցական օրենքների՝ պատիժ է նախատեսվում։
Այլևս խոսք չի կարող լինել վախկոտների բանակ հիշեցնող նման հոգևորականների ամբոխի կողմից պատժվելու և ամեն տեսակ սկանդալներով հայտնի Արամ սրբազանի հետ նույն ճանապարհով քայլելու մասին։
Հոգևոր խրհրդի նախագահի պաշտոնից հրաժարվում եմ:
2․ Գարշահոտ, այլևս կոյուղու պես բուրող «Հովակիմ 1461» հիմնադրամի ղեկավար խորհրդի երկրորդ նախագահի պաշտոնից հրաժարվում եմ։
3․ Մի մարդու քմահաճույքներն ամեն կերպ ողջունող, ինքնամփոփ և անհեռատես համայնքային հիմնադրամների ղեկավարներին, եկեղեցական և համայնքային հարցերին անտարբեր և անզգա մի ազգի այլևս ծառայել չեմ ցանկանում։ Լքում եմ այս քաղաքը։
4․ Վերադառնանք բոլորին տանջող հարցին․ պատրիարքի թեկնածու չեմ։ Կյանքիս մնացյալ բեղուն տարիներն ավելի իմաստալից գործերի եմ նվիրելու։ Ըստ էության, այդ աթոռին ցմահ սիրահար մի շարք թեկնածուներ կան:
Հոգևորականնե՛ր, ղեկավարնե՛ր և ժողովու՛րդ, ինձ միայնակ եք թողել։ Սա պարտության ճիչ է, սակայն սա լոկ իմ պարտությունը չէ, դուք բոլորդ եք պարտվել: Եվ նորից միայն մի հոգի է հաղթողը։
Աստվա՛ծ մեզ օգնական։
Եպիսկոպոս Սահակ Մաշալյան
13 փետրվարի, 2017 թ.
Գում Գափու
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը