Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են

Փետրվար 16,2017 17:27

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 4 աշխատակցի: Ի դեպ, թեպետ նախաքննության ժամանակ ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանի և ոստիկանության ծառայող Անուշավան Բադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ փոխարինվել էր գրավով, սակայն 2017թ.-ի փետրվարի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ հիշյալ անձինք կալանավորվել են:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ոստիկանության ուղեկցող պահակախմբի ավագ Պարույր Գրիգորյանը, ոստիկաններ Արամայիս Ավետիսյանն ու Սարո Բղդոյանը նույն ստորաբաժանման նախկին աշխատակից Անուշավան Բադոյանի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 24.11.2016թ.ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից կալանավորված անձանց համար հարմարեցված հատուկ տրանսպորտային միջոցով 3 կալանավորներին տեղափոխելիս Ա. Բադոյանին թույլ են տվել դեպի «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի որոշակի հատվածն իր անձնական «Վազ 21 07» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել հիշյալ կալանավորներին՝ իրեն նախկին պաշտոնից /ուղեկցող դասակի ջոկի հրամանատար/ ազատելու հարցում վերջիններիս դերակատարման մասին նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով:

Ուղեկցող ոստիկաններն էլ, կոպտորեն խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված «Ձերբակալված և կալանավորված անձանց ՀՀ ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգ»-ը, համաձայն որի` կալանավորված անձանց ուղեկցումը կազմակերպվում է հատուկ տրանսպորտային միջոցով՝ թափքի խցերում և միմյանցից անջատ, համաձայնվել են Ա. Բադոյանի առաջարկին և ապօրինաբար թույլ տվել, որպեսզի վերջինս իր անձնական ավտոմեքենայով տեղափոխի կալանավորներին: Ընդ որում, ոստիկանության ծառայող Ա. Բադոյանը գտնվել է ոչ սթափ վիճակում, որի պատճառով էլ կալանավորներին տեղափոխելու ճանապարհին` իր վարած ավտոմեքենայով, Երևան-Իջևան մայրուղում, խախտելով երթևեկության կանոնները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ինչպես մեքենան վարող ոստիկանը, այնպես էլ երեք կալանավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն: Կալանավորներ Մ. Դավթյանը և Ռ. Սարիբեկյանը վթարի հետևանքով ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ոստիկաններ Պարույր Գրիգորյանին, Արամայիս Ավետիսյանին ու Սարո Բղդոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ավտովթարի ենթարկված ոստիկան Անուշավան Բադոյանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա մյուս 3 ոստիկաններին դրդել է չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները: Ա. Բադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով մեղադրանք չի առաջադրվել տուժողների բողոքների բացակայության պատճառով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728