«Ծառուկյան դաշինքի ծրագիրը, որ նայեք՝ բոլորը բխում է ժողովրդի շահերից: Հիմա ինչ վիճակի է ժողովուրդը: Այ էդ ծրագիրը, որ կարդաք, որ տեսնեք, կտեսնեք, որ եթե այդ ծրագիրն ի կատար ածվի, ժողովրդի վիճակը շատ լավ կլինի: Եվ դրա համար պետք են մարդիկ, որոնք իրոք, ոչ թե ներկայացնելու գնան, այլ այդ ծրագրերն իրականացնեն: Բոլորն ունեն իրենց ծրագրերը, կապրենք, կտեսնենք, թե ժողովուրդը ում շատ կսիրի եւ ում շատ ձայն կտա»,- այսօր Ծառուկյանի դաշինքի անդամների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա հորդորեց լրագրողներին, որ վատին վատ ասեն, լավին՝ լավ, խղճին ծառայեն. «Մենք հիմա որ խոսում ենք, մեզ չեն թելադրել, այլ, իրոք, ի խորոց սրտի ենք խոսում, վերեւն Աստված կա»:
Երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ ինչպե՞ս հասկանանք՝ հիմա դուք ընդդիմությո՞ւն եք, թե՞ իշխանություն՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Դու հլը փոքր ես, կմեծանաս, կհասկանաս»:
Aravot.am-ի հարցին՝ Դուք Հովիկ Աբրահամյանին տեսնո՞ւմ եք այս դաշինքի հետեւում՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես Հովիկ Աբրահամյանի հետ երկար տարիներ աշխատել եմ, հարգում եմ Հովիկ Աբրահամյանին, բայց երկար ժամանակ է, նրան չեմ տեսել, ոնց որ վարչապետ է եղել եւ մինչեւ այսօր չեմ տեսել: Ոչ զանգել ենք, ոչ խոսել ենք»: Մենք ճշտեցինք՝ առերես կարող է եւ չտեսնեք, բայց իր ազդեցությունը կա՞ այս դաշինքում՝ նա պատասխանեց. «Դա արդեն ինքը պիտի ասի, ինքը գիտի, իր խնդիրն է: Ես չեմ կարող ուրիշի տեղը պատասխանել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ