«Ես ընդհանրապես զարմանում եմ, որ հնարավոր է ասել, որ բանակը չի խառնվել Մարտի 1-ի գործերի մեջ, բա 0032 հրամանը ի՞նչ էր, ամպի՞ց է ընկել, ո՞րտեղ է գրվել»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը Մարտի 1-ի վերաբերյալ, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ լրագրողների հարցին, թե Մարտի 1-ի գործի բացահայտումը լինելո՞ւ է իր օրակարգում, Սեյրան Օհանյանը պատասխանել էր՝ ոչ միայն Մարտի 1-ը. «Եթե գործեր կան, որոնք բացահայտված չեն եւ օրինապահ մարմինները զբաղվում են, մենք մինչեւ ավարտ պետք է հասցնենք»:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ եթե Օհանյանը ուզում է ապացուցել, որ կապ չունի դրա հետ, թո՛ղ ճշմարտությունը ասի. «Ես չեմ ուզում դատախազի կեցվածք ընդունել եւ մեղադրել: Ես ասում եմ, որ փաստերը սրանք են: Հիմա թո՛ղ մի մարդ, որը եղել է պատասխանատու պաշտոնյա այդ ժամանակ, որն ավելի լավ է տիրապետում այդ ինֆորմացիաներին, բացատրություն տա՝ ինչ էր նշանակում 0032 հրամանը: Ես նախապես որեւէ մեկին չեմ ուզում մեղադրել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ