ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հանրապետական կուսակցության հրապարակած ցուցակին:
«Սերժ Սարգսյանի՝ վերջին տարիներին ամբողջ քաղաքականությունը եղել է հետեւյալը, որ ժողովուրդ ջան, ես փոխում եմ նախագահական համակարգը դեպի խորհրդարանական համակարգ, որ այլեւս չլինեմ ո՛չ վարչապետ, ո՛չ չգիտեմ՝ ինչ: Մենք ասում ենք, որ դա սուտ է, դա իրականում գործընթաց է վերարտադրվելու համար: Ի դեպ, մենք եղել ենք միակ ուժը, որը հակառակվել է սահմանադրական փոփոխություններին: Ընդ որում, դա եղել է մի պայքար, որի արդյունքում ոչ ոք որեւէ տեղ չէր ստանում, ընդամենը պայքար էր սկզբունքի համար»,- ասաց նա:
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ ՀՀԿ ցուցակը հերթական խորամանկությունն է. «Ի՞նչ ճանապարհ է փակվում իշխանության վերարտադրման համար, նույն մարդի՞կ չեն այդ հենարանը, ինչ որ բան փոխվելո՞ւ է: Կարո՞ղ եք ցույց տալ որեւէ բան, որն ապացուցում է, որ Հանրապետական կուսակցության բնույթը փոխվել է, այլեւս չկան մենաշնորհներ, որ հովանավորում են, չկա կոռուպցիա, որ իրենք են անում, ինչ-որ փաստեր կա՞ն: Մեր ժողովրդի մասին ի՞նչ կարծիքի եք, որ կարծում եք այդպիսի հնարքներով մեր ժողովրդին հնարավոր է խաբել:
Կարեն Կարապետյանն էլ է մի խորամանկություն, Վիգեն Սարգսյանն էլ է մի խորամանկություն: Ոչինչ չփոխելով երկրում՝ չվերացնելով կոռուպցիան, չբացահայտելով Մարտի 1-ը, չվերացնելով մենաշնորհները, չստեղծելով ընդգրկուն հասարակություն, որտեղ բոլորը աշխատելու, ստեղծագործելու հնարավորություններ կունենան, կարճ ասած, չանելով ոչ մի բան, որ կարող էր ստեղծված արատավոր քաղաքական, տնտեսական համակարգը առողջացնել, նրանք խոսում են միայն անունների փոփոխության մասին, ինչը կրում է բավականին ձեւական բնույթ, որովհետեւ այդ անունների փոփոխությունը իրականում ոչինչ չի տալիս»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ