Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ 30 օրեկան երեխայի մահվան դեպքի առթիվ. զննությամբ հայտնաբերվել է գանգի կոտրվածք

Փետրվար 16,2017 15:28

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 30 օրեկան երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:05-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 30 օրեկան տղա երեխա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն , դիակի զննությամբ փորձագետները հայտնաբերել են գանգի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Երեխան ճանաչվել է տուժող, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարազատները, բուժաշխատողները։

Նախնական քննության տվյալներով՝ երեխայի մայրը ծննդաբերել է 2017թ. հունվարի 10-ին, իսկ ծննդատնից դուրս գրվել հունվարի 18-ին։ Ըստ բժիշկների՝ նորածնի մոտ նկատվել էր գլյուկոզայի նվազեցում և մաշկի դեղնության ինտենսիվացում, ուստիև՝ համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել նրան։

Հարազատների ցուցմունքների համաձայն՝ դուրս գրվելու ժամանակ փոքրիկի գլխի հետևի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարևորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո։ Հարազատները հայտարարել են, որ երեխան տանը վայր չի ընկել, գլուխը որևէ տեղ պատահաբար չի դիպել։ Բժիշկները ևս իենց ցուցմունքներում բացառել են նորածնի՝ բաժանմունքում գտնվելու ընթացքում մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը։

Քննությամբ պարզվել է, որ նորածնի հարազատները, դուրս գրվելուց հետո, նրան բժշկական հետազոտման են տարել երկու այլ բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ՝ այդ երկու բժշկական կենտրոններից առգրավվել են երեխայի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, իսկ ծննդատնից՝ ծննդաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները, ծանր մարմնական վնասվածքը ստանալու հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728