Հայկական վերածնունդ կուսակցությունն ընդդիմադիր է նախագահին, համակարգին: Իրենք ընդդիմադիր են մեր երկրում առկա բոլոր արատավոր երեւույթներին ու պայքարում եմ մեր երկրում իսկական վերածնունդ ապահովելու համար: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, ասաց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ բանախոսի, տեղին-անտեղին գոռացող ընդդիմությունն իրենց համար ընդունելի չէ եւ առհասարակ, ընդդիմություն լինելն ինչ-որ մեկի գլուխը ջարդելը չէ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում կրկին անդրադարձ եղավ 2008 թվականի իրադարձություններին եւ մարտի 1-ին: «Հայկական վերածնունդը որեւիցե առնչություն չունի մարտի 1-կի հետ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ եթե ՕԵԿ-ն այդ ժամանակ կոալիցիա չկազմեր իշխանության հետ, ապա Հայաստանն այսօր Ուկրաինա կամ Վրաստան կդառնար, որոնք տարածքներ կորցրեցին: Նաեւ հռետորական հարց հնչեցրեց`ո՞վ էր պատասխան տալու, որ Ղարաբաղն այսօր չլիներ: «Մենք կնքել ենք հուշագիր, որ Երեւանն արյան ծով չդառնա»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ըստ Արթուր Բաղդասարյանի, այն մարդիկ ովքեր «15-20 օր հավաքել էին տասնյակ հազարավոր մարդկանց, տրնգի էին պարում», պետք է հաջորդ քայլերը ապահովեին, քանի որ ակնհայտ էր, թե հետո ինչ է լինելու: «Պատասխանատուն հրապարակի տերերը եւ կրակելու հրաման տվողներն են»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
ՀՎԿ համագումարում Արթուր Բաղդասարյանը խոսել էր Հայաստանում նավթի եւ գազի պաշարների մասին: Այսօր նա լրագրողներին հավաստիացրեց, որ այդ հայտարարությունը «ֆանտաստիկայի ժանրից չէ»: Ըստ ՀՎԿ նախագահի, այդ մասին լուրջ հետազոտություններ կան, հանքերից մեկն էլ Արմավիրում է: Ունենք նաեւ պղնձի եւ մոլիբդենի խոշոր պաշարներ, առհասարակ, հարուստ ընդերք, որը «շահագործվում եւ բռնաբարվում է անխնա», պետական հոգածության չի արժանանում:
Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունի, որ ժողովուրդը քվեաթերթիկում փնտրելու է ՕԵԿ անունը, ոչ թե Հայկական վերածնունդ: Լրագրողներից մեկի հարցին, ՀՎԿ նախագահն ասաց, որ իրենք արդեն երկու տարի է այդ անվամբ են հանդես գալիս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ