Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՎԿ-ը հրապարակեց իր ցուցակը. այն կգլխավորի Արթուր Բաղդասարյանը (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 14:43

Հայկական վերածնունդ կուսակցությունը (ՀՎԿ) առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: ՀՎԿ-ում 300 հոգանոց ցուցակ են կազմել, առաջադրելու են 164 հոգի ռեյտինգային եւ 136 հոգի համամասնական ընտրակարգով:

Ցուցակի առաջին եռյակում են Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, այնուհետեւ`Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան, Մարինե Քոչարյան եւ այլն:

Ռեյտինգային ընտրակարգով ՀՎԿ-ն Էրեբունիում կառաջադրի 13, Մալաթիայում, Նոր-Նորքում, Արաբկիրում 14-ական թեկնածուներ, Շիրակի, Արմավիրի, Լոռու մարզերում՝ 15-ական, Արարատի մարզում՝ 14, Սյունիքի մարզում՝ 10, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում՝ 7-ական, Գեղարքունիքում`12:

Քիչ հետո ցուցակներն արդեն կներկայացվեն ԿԸՀ:

Երեւանում կունենան 13 շտաբ, դրանք կհամակարգի խորհուրդը, որի կազմում են Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Էդգար Առաքելյանը, Կարեն Թումանյանը:

Նախընտրական դաշինքները, ըստ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում հաջող փորձ չունեն. «Եղան դաշինքներ, որոնք դեռ չձեւավորված փլուզվեցին»: Հետընտրական շրջանում համագործակցությունը չեն բացառում ոչ մեկի հետ, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի: «Բայց առուն թռնենք նոր հոպ ասենք`ընտրությունները տեղի ունենան, արդյունքները ամրագրվեն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը` նկատելով, որ նոր Սահմանադրությամբ քաղաքական համախմբումները անխուսափելի են: Սակայն, հստակեցրեց`ՀՎԿ-ն չի լինի որեւէ կոալիցիայում, որտեղ չի ունենա որոշումներ վրա ազդեցություն: Քանի՞ տոկոս ձայն են ակնկալում հարցին՝ հնչեց այսպիսի պատասխան. «Ակնկալում են`ինչքան Աստված տվեց»: Մինչդեռ, ըստ կուսակցության նախագահի, իրենք չեն պայքարում ԱԺ մուտք գործելու համար, ավելի բարձր նշաձող են դրել:

ՀՎԿ-ի կարգախոսն առաջիկա ընտրություններում լինելու է. «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»: Ըստ բանախոսի, Հայաստանում փոփոխությունները հասունացել են, հանրության 99 տոկոսը պահանջում է դրանք, Հայաստանի բոլոր ոլորտներում վերածնունդի անհրաժեշտություն կա:

Նախընտրական ծրագրի մասին մանրամասները կներկայացնեն առանձին`շնորհանդեսի շրջանակում:

Լրագրողները նկատեցին, որ ՀՎԿ համագումարում Արթուր Բաղդասարյանի`կաշին քերթելու եւ Հեղինե Բիշարյանի`աչքեր հանելու մասին հայտնի հայտարարությունները շատ շահարկվեցին սոցցանցերում, Արթուր Բաղդասարյանին անգամ «քերթողահայր» անվանեցին: Հարց հնչեց`ո՞նց եք պատրաստվում մարդկանց կաշիները քերթել, եթե ծախվեն տեղերը: «Ես իմ կուսակիցների հետ եմ խոսել, այդ դահլիճում ինձ հարազատ մարդիկ են եղել, որոնց 99 տոկոսի հետ ես ճանապարհ եմ անցել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հեղինե Բիշարյանի հայտարարության մասին էլ ասաց. «Քանի որ նախօրեին եղել է այդ նախադասությունից ավելի շատ վատ նախադասություն, երեւի դրանով էր պայմանավորված տիկին Բիշարյանի էմոցիոնալ արձագանքը: Պետք չէ դրա մեջ ինչ-որ բան տեսնել: Դա ուղղված է եղել մեզ թաղելու եւ նման անբարո արտահայտություններ անողներին, ոչ թե ով մեր դեմ կխոսի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728