Հայաստանին շարունակում են մեկուսացնել տարածաշրջանային ծրագրերից։ Այս տարվա ընթացքում նախատեսված է «շահագործման հանձնել Բաքու– Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։
Օրերս Բաքու էր այցելել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն, որը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել է երկաթուղու կառուցման աշխատանքների ավարտին։ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ասել է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի այս տարի։ Այդ նախագիծը կնպաստի երեք երկրներից յուրաքանչյուրի զարգացմանը։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերը հիմնված են բարեկամության եւ բարիդրացիության սկզբունքների վրա»։
Իսկ արդեն Ալիեւի հետ Ջանելիձեի հանդիպման մասին Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն. «Թբիլիսին եւ Բաքուն շարունակելու են իրականացնել համատեղ ծրագրեր։ Խոսքն ամբողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերի՝ «Հարավային էներգետիկ միջանցքի» եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է»։
Նաեւ հիշեցնենք, որ ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության եւ կապի նախարար Ահմեթ Արսլանն էր հայտարարել, թե Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը։ «Մոտավորապես 2 ամսվա աշխատանք է մնացել։ Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք։ Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները՝ նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»,- ասել էր նա։
Կարդացեք նաև
Արտաքուստ այս երկաթուղու կառուցմամբ Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արեւելքի եւ արեւմուտքի միջեւ կապը։ Բայց գործնականում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը լրջագույն հարված է լինելու Հայաստանի համար, քանի որ այդ ամենի հետեւանքով էլ ավելի է խորանալու Հայաստանի մեկուսացումը։ Որպես այս ծրագրի այլընտրանք, Հայաստանը կարող էր օգտվել Աբխազական երկաթուղուց, եթե նա սկսեր գործել, նաեւ՝ Իրան-Հայաստան երկաթուղուց, եթե դա ի վերջո կառուցվեր։ Միայն թե երկու ծրագրերը որեւէ կերպ իրականություն չեն դառնում։
Տեւական ժամանակ է՝ հայկական կողմին չի հաջողվում հասնել Ռուսաստան- Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղու գործարկմանը, ինչը կարող էր ՀՀ-ի համար դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհ դառնալ։ Ինքներդ եք հասկանում՝ Վերին Լարսի անցակետը չի կարող լինել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հաղորդակցման հուսալի միջոց, սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Վերին Լարսի անցակետը տարվա մի մասը պարզապես փակ է մեկ քաղաքական, մեկ եղանակային պայմանների հետեւանքով, ընդ որում, այս անցակետը փակվում է ամիսներով՝ զրկելով Հայաստանին ԵՏՄ հիմնական գործընկերոջ հետ հաղորդակցման հնարավորությունից։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում