Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ են ավարտական քննությունները տեղափոխել 11-րդ դասարան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 16,2017 12:48

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդիպեց ավագ դպրոցի տնօրենների հետ՝ մասնավորապես քննարկելու, թե ինչ խնդիրներ են առաջացել ավարտական քննությունները մեկ կիսամյակ շուտ անցկացնելու ընթացքում եւ արդյոք ավագ դպրոցների ղեկավարները նպատակահարմար գտնո՞ւմ են, որ հաջորդ տարվանից այդ քննությունները կազմակերպվեն ավելի վաղ։

Այսինքն՝ ոչ թե 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում, ինչպես այս տարի էր, այլ 11-րդ դասարանն ավարտելիս։ Խոսքն այն փոփոխության մասին է, ըստ որի՝ շրջանավարտներին իրավունք էր տրվել պարտադիր երեք առարկաների (հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն, մաթեմատիկա) քննությունները ցանկության դեպքում հանձնել սովորականից շուտ, իսկ հաջորդ կիսամյակը տրամադրել իրենց ընտրած առնվազն երեք առարկաների ուսումնասիրությանը։

Երեւանի 118 ավագ դպրոցում հյուրընկալված տնօրենների մեջ կային մարդիկ, որոնք չողջունեցին նախարարի այս նորամուծությունը, բայց հիմնականում տրամադրվածությունն այնպիսին էր, որ իրենք պատրաստ են ավարտական քննությունները տեղափոխել 11-րդ դասարան։

Երեւանի 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն առաջարկում էր վերանայել այս փոփոխությունը՝ նկատելով, որ թեպետ դրանց հիմքում բարեփոխումների ցանկությունն էր, իրականում քննություններն արագացնելն այնքան էլ հաջողված տարբերակ չէ։ Տնօրենը հիմնավորեց, որ իր ղեկավարած դպրոցում 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ավարտական քննությունները հանձնել են այն աշակերտները, որոնք արդեն իսկ ընդունվել են Հայաստանում Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարաններ, եւ երկրորդ կիսամյակի համար ընտրել են, իր խոսքով, ձեւական առարկաներ՝ հասարակագիտություն, ֆիզկուլտուրա։ Իսկ դպրոցը նրանց մերժելու իրավունք չունի։ Արդյունքում ստացվում է, այդ աշակերտները 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում առանձնապես անելիք չունեն։

Բացի այդ, ըստ Ռուզաննա Կոստանյանի, ավարտական քննությունները ժամկետից շուտ հանձնելու դեպքում ծրագիրը կիսատ է մնում, ինչքան էլ որ այն կրկնություն է։

Նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին չհամաձայնեց ավագ դպրոցի տնօրենի հետ՝ ընդգծելով, որ քննությունների վախով երեխային դպրոցում պահելը ճիշտ ուղի չէ։ Նշեց, որ նախկինում էլ, երբ այդ քննությունները 12-րդ դասարանի վերջում էին, միեւնույն է, որակի խնդիրը լուծված չէր։ Հետեւաբար, նախարարի համոզմամբ, պետք է մտածել, թե ինչպես անել, որ դասապրոցեսը հետաքրքիր լինի, երեխան զգա, որ դպրոցն իրեն ինչ-որ բան է տալիս, ցանկություն ունենա դասերին հաճախել ու սովորել։ Ինչ վերաբերում է արդեն բուհ ընդունված լինելուն, նա նկատեց, որ եթե անգամ կենտրոնի այդ դպրոցում խնդիրը մեծ տարածում ունի, նշված համալսարաններ դիմում են ընդամենը դիմորդների մոտ 2 տոկոսը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728