Հարգելի քաղաքացիներ,
Չորս օրից ԼՂՀ քաղաքացիներին սպասվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեին կատարել ընտրություն: Ձեր գիտակից ընտրությունից և նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքից կախված է ոչ միայն մեր պետության սոցիալ-տնտեսական զարգացումը, այլ նաև մարտունակությունը և մեր ֆիզիկական անվտանգությունը:
Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների արդյունքում ակնհայտ դարձավ Լեռնային Ղարաբաղում հասարակա-քաղաքական համակարգի ներդաշնակության, օպտիմալացման և արդյունավետության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ագրեսոր պետության՝ Ադրբեջանի կողմից մշտական պատերազմի վտանգը:
Մենք գտնում ենք, որ ցանկացած օրենք համարվում է հասարակա-քաղաքական ուժերի, հասարակության ակտիվ քաղաքացիների, ամբողջ քաղաքացիական հասարակության կարծիքների արտացոլում և իրենից ներկայացնում է առողջ օրգանիզմ, որն իր կենսագործունեության ընթացքում, հաշվի առնելով հասարակա-քաղաքական պահանջը, անհրաժեշտության դեպքում հարմարվելու է ժողովրդի կամքին:
Կարդացեք նաև
Այսօր, Արցախի Հանրապետությունում առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը, համարվում է բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, փորձագետների, Արցախի ամբողջ բնակչության աշխատանքի հավասարակշռված արդյունք:
Արցախի հանրապետական կուսակցությունը կոչ է անում ընտրական իրավունք ունեցող մեր երկրի բոլոր քաղաքացիներին փետրվարի 20-ին՝ հանրաքվեի օրը, ասել «Այո »՝ դրանով իսկ մեր ազատասեր երկրի պատմության մեջ բացելով մի նոր՝ բարգավաճման, անվտանգ ապրելակերպի և համընդհանուր բարեկեցության էջ:
Արցախի հանրապետական կուսակցություն