Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունը արտահայտող բաց նամակը Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ

Փետրվար 16,2017 12:01

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության
Գլխավոր քարտուղար
Լամբերտո Զանիերին
Ուալներշտրասե 6, A-1010 Վիեննա, Ավստրիա

ԵԱՀԿ Երևան գրասենյակի փակվելու հավանականության մասին

Ձերդ գերազանցություն պարոն Զանիեր,
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո: Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:

Սույն նամակով մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակական կազմակերպություններս, հայտնում ենք մեր մտահոգությունը՝ կապված մամուլում տարածում գտած ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Գրասենյակի փակումը մեծ վնաս կհասցնի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ հետընթաց կունենանք այն շոշափելի արդյունքներից, որոնք ձեռք են բերվել Գրասենյակի աշխատանքի շնորհիվ:
Գրասենյակը հանդիսանում է Հայաստանում գործող առանցքային ինստիտուտներից մեկը, որը կարողանում է առաջ մղել կառավարական ծրագրերի՝ ժողովրդավարական արժեքներին համահունչ լինելու պայմանը:

Հատկանշական է, որ Գրասենյակը զգալի ազդեցություն ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշերի ընդունման գործում: Այն նաև ակտիվ կերպով մշտադիտարկում է պետության կողմից այդ չափանիշներին հետևելը և տալիս համապատասխան հանձնարարականներ հետագա բարեփոխումների համար: Այսօր ԵԱՀԿ գրասենյակի դերն ավելի մեծ է Հայաստանում՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաև այն մարտահրավերների, որն ունի մեր պետությունը ներկա ժամանակահատվածում:

Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարևորում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ աջակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բնագավառներում, մասնավորապես, իրավապահ մարմինների, զինված ուժերի և ընտրական բարեփոխումների գործընթացում: Գրասենյակը անվիճելի ներդրում ունի առկա խնդիրների լուծման աջակցության և համապատասխան բարեփոխումների ջատագովության տեսակետից:

Հաշվի առնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի կարևորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: ԵԱՀԿ գրասենյակի կարիքը Հայաստանը ունի:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728