Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳ նախարար. «Արարատյան բակալավրիատը մեր ամենակարևոր աշխարհայացքային նշանակության փոփոխություններից մեկն է»

Փետրվար 16,2017 11:15

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նիստի սկզբում խորհուրդը հաստատել է օրակարգը, այն է`  ՀՀ Նախագահի հետ ԿԳ նախարարի հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի և ՀՀ կառավարության հանձնարարականների կատարման շրջանակում հանրակրթության ոլորտի զարգացման նորարարական ծրագրերի ներկայացում` «Գերազանցության կենտրոններ /Արարատյան բակալավրիատ/» /զեկուցող` Կրթության գերազանցության ազգային ծրագրի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մանուկյան/, «Հեռավար ուսուցման գործընթաց /զեկուցող` ԿԳՆ հանրակրթության վարչության  նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյան/, «Դպրոցներում ֆինանսական կրթության ներդրում» /զեկուցող` ԿԳՆ հանրակրթության վարչության  նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյան/:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հասարակական խորհուրդը պետք է տեղյակ լինի կրթության ոլորտում իրականցվող բոլոր ծրագրերին, հետևաբար յուրաքանչյուր նիստին կներկայացվեն իրականացվող հիմնական նախագծերը: «Արարատյան բակալավրիատը թերևս մեր ամենակարևոր աշխարհայացքային նշանակության փոփոխություններից մեկն է: Ներկայումս մշակվում է ՀՀ կրթակարգը, որի շրջանակում փորձում ենք այլընտրանք հասկացողությունից խուսափել, այսինքն՝ բացել կրթական պլատֆորմը՝ ցանցային ձևաչափով, հորիզոնական և ուղղահայաց կապեր ստեղծել և այդ պլատֆորմ հրավիրել բոլոր այն արդյունքները, որոնք կրթության ոլորտում իրականացվում են: Այսինքն՝ Գերազանցության կենտրոնները պետք է ունենան շոգեքարշի դեր, հետևաբար մենք ոչ թե ստեղծում ենք էլիտար կառույցներ, որոնք ընդհանուր համակարգից կկտրվեն, այլ բոլոր այդպիսի կենտրոնները, կլինի դա Արարատյան բակալավրիատը, Ֆիզմաթ դպրոցների ցանցը, Քվանտի կրթական ծրագիրը, ուղղահայաց ձևով կդասավորվեն կրթական համակարգում: Ի դեմս Արարատյան բակալավրիատի՝ առկա է 10-ամյա քրտնաջան և հետևողական աշխատանք, որի արդյունքում ստեղծված և մեր ազգային կրթակարգն ընդգրկող հայալեզու կրթական ծրագիրն այսօր ճանաչվել է միջազգային երկու գերազանցության կենտրոնների կողմից»,-նշել է նախարարը և հավելել.«Ընդ որում՝ այդ կազմակերպություններն առաջին անգամ են օտարալեզու համազոր ծրագիր ճանաչում:

Այլ խոսքով՝  ունենք մեր կրթակարգին համապատասխան բարձր որակական աստիճան և բացելով այդ համակարգը՝ հանրակրթական դպրոցներին տալիս ենք հնարավորություն՝ որոշակի շրջափուլ անցնելով՝ մոտենալ այդ որակին: Ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ, և որտեղ հնարավոր է, ծրագիրն իջեցնում ենք ներքև, որի արդյունքում այն դառնում է աշխատող: Այս փուլում ընտրվել է մարզային 54 դպրոց, որոնց հետ պետք է փորձենք աշխատել: Եթե կարողանանք համակարգը սահուն անցկացնել, մեր ընդհանուր ձևաչափի մեջ կլինի մի միջին մակարդակ, որը կունենա պիկեր: Սակայն արդյունքը պետք է հասանելի լինի բոլորին, հաղթահարելի՝ անգամ ամենափոքր գյուղական դպրոցի համար: Հիմա ամենաբարդ փուլն է՝ ուսուցիչների վերապատրաստում, որակի պահպանում և այլն: Նույնը պատրաստվում ենք անել ֆիզմաթ դպրոցների հետ՝ արդեն ուղղված բնագիտական առարկաների կոմպլեքս պահպանման  գերազանցության ծրագրին: Հիմա ծրագրի մեկնարկին ենք. ունենք առարկայական նկարագիր, առաջին վերապատրաստված ուսուցչական կազմ, բայց ավելի խորքային ռեֆորմի խնդիր ունենք: Բայց նաև պետք է արհեստականորեն չշտապեցնել համակարգը, որովհետև պարտավոր ենք ընդհանուր միջին ստանդարտը պահել, որը պետք է աստիճանաբար բարձրացնել և անկումները վերացնել»,-մասնավորապես նշել է նախարարը:

Նիստի առաջին զեկուցող, Կրթության գերազանցության ազգային ծրագրի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մանուկյանը ներկայացրել է «Գերազանցության կենտրոններ/Արարատյան բակալավրիատ/» շնորհանդեսը: Ըստ բանախոսի` մարդկային կապիտալը Հայաստանի մրցունակության գլխավոր գործոններից մեկն է, իսկ հանրակրթությունը նման արդյունավետ և մրցունակ կապիտալ ստեղծելու հիմքն ու նախապայմանը: «Կրթության գերազանցության ազգային ծրագրի նպատակը Հայաստանը կրթություն արտահանող և կրթությամբ միջազգայնորեն առաջատար պետություն դարձնելն է։ Ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը: «Այբ» կրթական հիմնադրամը համագործակցում է միջազգային հեղինակավոր կրթական հաստատությունների՝ «Cambridge International Examinations (CIE), Cambridge University» (Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոն) և «Institute of Education (IOE), University College London» (Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտ) հետ»,-նշել է Նարեկ Մանուկյանը` որպես ԱԲ ազդեցության ոլորտներ ընդգծելով` առարկայական ծրագրեր և կրթակարգ, ընթացիկ և ավարտական քննական համակարգ, ուսուցչի որակավորում և կարիերա, դպրոցի որակավորում և մրցունակություն:

Որպես ԱԲ-ի ծրագրի հաջողության գրավական` նշվել են փորձարկված ծրագիր, միջազգայնորեն ճանաչված ծրագիր, կառավարության գերակայություն, իսկ որպես ԱԲ-ի դպրոցի` նախաձեռնողականություն և պատրաստակամություն: «Դպրոցների ընտրության համար սահմանվել են հետևյալ նախապայմանները` դպրոցը պետք է տեղակայված լինի ՀՀ մարզերում և այն պետք է լինի  միջնակարգ և ավագ դպրոց, վարժարան և կրթահամալիր: Մրցույթին չեն կարող մասնակցել հատուկ կամ մասնագիտացված դպրոցները։ Միևնույն մարզի միանման դպրոցների դիմելու դեպքում նախընտրությունը կտրվի այն դպրոցին, որն ունի նշանակալի աշակերտական և ուսուցչական ձեռքբերումներ վերջին երեք տարիների ընթացքում, ակտիվ դերակատարություն համայնքային կյանքում, ավելի մեծ թվով աշակերտներ։ Թեկնածության փուլի ավարտին ակնկալվում է ունենալ բարեփոխված կառավարման համակարգ, հավաստագրված ուսուցիչներ, բարելավված կրթական միջավայր»,-նշել է բանախոսը` ընդգծելով, որ ներկայումս դիմում-հայտ է ներկայացրել ՀՀ մարզային` ավագ բաղադրիչ ունեցող 54 դպրոց /44 տոկոս ավագ, 3 տոկոս` միջնակարգ դպրոց, 27 տոկոս` վարժարան/: Անդրադառնալով այն խնդրին, թե ինչ կտա Արարատյան բակալավրիատն ուսուցիչներին, Նարեկ Մանուկյանը նշել է, որ կտա աշխատանք ԱԲ-ի համակարգի դպրոցներում, կարիերայի աճ և ստեղծարար միջավայր, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև մասնագիտական համայնքին անդամություն:

Զեկուցումից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման գործընթացում բուհերը ներգրավելուն, օրենսդրական հնարավոր փոփոխություններին և այլն:

Ծավալվել է քննարկում ինչպես գերազանցության ազգային ծրագրի առաքելության, այնպես էլ հանրակրթական դպրոցներում առկա հիմնական խնդիրների վերաբերյալ:

Քննարկման ավարտին` ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը որոշում է կայացրել օրակարգով հաստատված երկու թեմաները տեղափոխել խորհրդի առաջիկա նիստի օրակարգ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728