Մեր Ընտրական օրենսգրքում ինչ-որ բան, այնուամենայնիվ, կատարյալ չէ: Նկատի ունեմ ոչ միայն «ռեյտինգայինը», որը եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս ջրի երես բարձրանալու հասարակության տիղմին: Ընտրակաշառքի, բարերարության եւ ողորմության սպասող հսկայական զանգվածի դեպքում չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր դրանից խուսափել: Ենթադրենք, քվեարկության օրը կամ դրանից 3-4 օր առաջ հնարավոր է դա կանխել իրավապահների միջոցով (եթե վերջիններս նման ցանկություն ունենան), իսկ ի՞նչ անենք, եթե որեւէ «թագավոր ախպեր» 5 տարի շարունակ օգնություններ է բաժանել, հոգ տարել կարիքավորների համար, եկեղեցիներ կառուցել եւ այլն: Այո, նա չի արել դա անշահախնդիր՝ հակառակ դեպքում միլիոններ չէր ծախսի իր բարեգործությունը հեռուստատեսությամբ գովազդելու վրա: Դա արվել է, որպեսզի որոշակի X ժամի եւ, մասնավորապես, ընտրությունների ժամանակ դրա «տեղը հանի»: Բայց, կրկնեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր այդ մարդկանց «ողորմածությունը» կանխել:
Բայց իմ մտահոգությունը նաեւ այլ է՝ ընտրված պատգամավորների ինքնաբացարկ հայտնելու մեխանիզմը: Վերցնենք թեկուզ ՀՀԿ ցուցակը: Ամենեւին դեմ չեմ լինի, եթե, ասենք, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը կամ Արմեն Ամիրյանը պատգամավոր դառնան՝ այդ մարդիկ, ի դեպ, հասարակության մեջ բացասական էմոցիաներ չեն առաջացնում: Բայց, որքան հասկանում եմ, նրանք չեն պատրաստվում պատգամավոր դառնալ, ուզում են մնալ գործադիրում եւ ընտրություններից հետո իրենց տեղը զիջելու են այլ մարդկանց, որոնցից ոմանք այլ էմոցիաներ են առաջացնում: Հետեւաբար, ինձ թվում է, ցուցակներում պետք է գրել հե՛նց նրանց, ովքեր հավակնում են պատգամավորական մանդատների:
Մեր օրենքները որեւէ ձեւով չեն սահմանափակում այն պատգամավորների հավակնությունները, որոնք նախորդ գումարման ժամանակ տապալել են իրենց աշխատանքը: Մարդը կարող է 5 տարվա ընթացքում 3 անգամ երեւալ խորհրդարանում, բայց հավակնի պատգամավորական մանդատի եւս 5 տարով: Կամ 5 տարում չտա ոչ մի հարց, ոչ մի ելույթ չունենա, բայց դարձյալ ցանկանա նույնն անել հաջորդ գումարման ժամանակ: Իհարկե, կասեք՝ ամենամեծ պատիժը նրա համար կլինի այն, որ նրան չընտրեն: Բայց ամբողջ ցավն այն է, որ նրան ընտրում են ոչ թե օրենսդրական աշխատանքի, այլ «ողորմած» եւ «կառուցապատող» լինելու համար:
Վերջապես, կան կուսակցություններ, որոնք ընտրություններից ընտրություն հավաքում են մեկ տոկոսից պակաս ձայն կամ ընդհանրապես չեն մասնակցում: Կամ «պախկվում են» դաշինքի կամ այլ կուսակցության ցուցակի մեջ: Երկու շրջափուլ այդպես վարվելուց հետո այդ կուսակցությունները պետք է կորցնեն կուսակցություն կոչվելու իրավունքը: Ահա օպտիմիզացիայի ու «մարդ-կուսակցություններից» ազատվելու լավագույն տարբերակը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ընդամենը պետք է այս նույն ԸՕ-ով արգելել այն անձանց առաջադրումը, ովքեր իրենց անվամբ կամ այլ անվանումով ունեն բարգործական կազմակերպություն և ընտրությանը նախորդող 5 տարում զբաղվել են բարգործությամբ: Դա հաստատ մարդու իրավունքների սահմանափակման խնդիր չի առաջացնի՝ դու կա՛մ բարեգործ ես և կա՛մ քաղաքական գործիչ: