Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ խնդրով` ռուսական «պլանի» տակ

Փետրվար 16,2017 12:00

Բաքուն ձգտում է կարգավորման «ռուսական պլանով» դիվանագիտական շանտաժի ենթարկել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայկական կողմին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նշել է. «Բոլորը հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարարում՝ բացի, թերեւս, հայկական կողմից: Մենք, իհարկե, գոհ չենք, որ 20 տարվա ընթացքում օկուպացված տարածքները, ցավոք, ազատագրվում են միայն ռազմական ուժով»: Այնուհետեւ խոսելով բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորության մասին՝ Մամեդյարովն ասել է. «Մենք բազմիցս նշել ենք, որ անհրաժեշտ է սեղանը մաքրել խնդիրներից: Ամենամեծ խնդիրը հայկական զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի տարածքում: Առաջին հերթին զինվորները պետք է վերադառնան զորանոցներ, եւ դա ահռելի հնարավորություններ կբացի»:

Ապա Մամեդյարովը ցույց է տվել Բաքվի համար ցանկալի լուծման հասնելու ուղին` նկատելով, թե իրենք կողմ են Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը. «Անցած ամիս ես Մոսկվայում էի, եւ մենք Լավրովի հետ քննարկում էինք այդ պլանը: Մինչ այդ, ինչպես գիտեք, նախագահներն են հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Բոլորը հրաշալի գիտեն, թե դա ինչ պլան է, եւ մենք ինչպես պետք է շարժվենք: Ամեն ինչ գրված է: Քաղաքական կամք է պետք, որը պետք է ցուցաբերի հայկական կողմը»:

Մամեդյարովը, փաստորեն, կրկին խոսել է ռուսական պլանի, այսպես կոչված` «Լավրովի պլանի» մասին: Հայկական կողմին, ըստ ամենայնի, մինչ այժմ հաջողվել է խուսանավել, ցույց տալ մերժողական կեցվածք, բռնելով` բոլորը գիտեն ինչի մասին է խոսքը, բայց չեն բարձրաձայնում գլխավորի մասին, սկզբունքով:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնական Երեւանը կոշտացրեց դիրքորոշումը, եւ առայժմ պահպանում է այն: Իսկ այդ դիրքորոշմանը նպաստեց Ադրբեջանը իր ապակառուցողական պահվածքով: Պաշտոնական Երեւանը կշարունակի Բաքվի կողմից սահմանային հետաքննության մեխանիզմների կիրառման մերժումը որպես հաղթաթուղթ պահել իր ձեռքում, բայց պարզ է նաեւ, որ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ հատկապես Ռուսաստանը Բաքվի ապակառուցողական պահվածքին ուղղակի ուշադրություն էլ չեն դարձնում:

Հետաքրքրական կլինի ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ` ԼՂ կարգավորման գործընթացում ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր համագործակցությունը, հնարավոր համաձայնությունները: Կողմնակից կլինի՞ Վաշինգտոնը «Լավրովի պլանի» հետագա գործարկմանը…

Փետրվարի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը, թե հակամարտությունը վտանգ է ԱՄՆ ազգային անվտանգությանը, նկատել էր. «Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հայտարարությանը, ապա, անկասկած, դա նրա գնահատականն է՝ որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Չմեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը, որն իրավունք ունի ինքնուրույն գնահատել սեփական անվտանգության սպառնալիքը, կցանկանայի ասել, որ պետք է հաշվի առնել, որ հակամարտությունն ինքնին ուղղակի վտանգ է գլխավորապես Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը եւ հետագա զարգացմանը»:

Ապրիլյան քառօրյայից հետո Մոսկվայի «աշխուժացման» դրդապատճառները դեռ այդ շրջանում էին ակնհայտ: Կարգավորման «ղեկն» ինչ-որ առումով Ռուսաստանի ձեռքում է, եւ նրանք հարկ եղած պահին հիշեցնում են իրենց դերակատարման մասին:
Օրերս Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ զինված միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման եւ հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, մինչ ներկա պահը դեռեւս չեն իրականացվել: «Ավելին, անցած տարվա դեկտեմբերի 29-ին մարտական բախումներ տեղի ունեցան արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, հարձակվող ադրբեջանցի զինվորներից մեկը սպանվեց Հայաստանի տարածքում»,- ընդգծել է դեսպանը:

Նա հավելել է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն անցկացվեցին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում շփման գծում քառօրյա պատերազմից հետո, ապա հավելել է. «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում` հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի միջնորդական միջամտության շնորհիվ, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի «համանախագահ երկրները մի շարք քայլեր ձեռնարկեցին իրավիճակի կարգավորման ուղղությամբ»: Ռուսաստանը, ըստ Վոլինկինի, հանդես է գալիս «Անդրկովկաս խաղաղության եւ կայունության վերադարձի օգտին»: «Մենք խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում, Մինսկի խմբի գործընկերների հետ համատեղ կշարունակենք ջանքեր գործադրել՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանը»,- նշել է Վոլինկինը:

Հավելենք նաեւ, որ վերջերս մի տարօրինակ տեղեկատվություն տարածվեց ադրբեջանական ԶԼՄ-ներում: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե լավատեսություն չունի հունվարի 24-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ բանակցություններից, Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը ադրբեջանական կայքերից մեկին ասաց, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նոր նախաձեռնություններ է պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: «Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ Ղազախստանը ձգտում է օգնել Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- ասել էր Բիժանովը։

Մամուլում տեղեկություններ կային, որ Նազարբաեւն առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Բաքու: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը պետք է այցելեր Հայաստան եւ Ադրբեջան 2016թ. հոկտեմբերին, սակայն առողջական խնդիրների պատճառով նա չեղյալ էր հայտարարել իր այցերը: Ըստ ամենայնի, Նազարբաեւը փորձելու է իր այցը «նշանավորել»` կողմերին ներկայացնելով իր «առաջարկները»: Սակայն Նազարբաեւը վերջին տարիներին բացահայտ ցույց է տվել ադրբեջանամետ, իսկ Հայաստանի հանդեպ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական դիրքորոշում: Դա արդեն իսկ բավարար է նրան որպես «միջնորդ» կողմնակալ համարելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցյալ տարվանից տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆրանսիան է պատրաստ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, որն այդպես էլ չկազմակերպվեց:

Այս շաբաթվա վերջին Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում հնարավոր են հանդիպումներ ԼՂ կարգավորման թեմայով: Հիշեցնենք. ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել էր, թե Մյունխենի համաժողովի շրջանակում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում: Սակայն պաշտոնական Երեւանը հստակ հասկացրեց, որ լավատես չէ նման հանդիպման կազմակերպման գաղափարով: Հունվարի 31-ին ՀՀ 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով այդ հանդիպման կազմակերպմանը` ասաց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը…»:

Պաշտոնական Բաքուն ձգտում է կարգավորման «ռուսական պլանով» շարունակել դիվանագիտական շանտաժի ենթարկել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ հայկական կողմին: Իսկ պաշտոնական Երեւանն արդեն տեւական ժամանակ հասկացնում է, որ ռուսական առանձին պլանին չի կարող համաձայնել: Բոլորի համար պարզ է, որ ԼՂ կարգավորման շուրջ ստեղծված այս իրավիճակն իսկապես փակուղային է: Ռազմական գործողությունների վերսկսումն այս պայմաններում գրեթե ոչ ոք չի բացառում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728