Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործարարն ուզում է մաքուր աշխատել, վարչապետից օգնություն է խնդրում, բայց կառավարությունը «բանի տեղ չի դնում»

Փետրվար 16,2017 15:30

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, նրա թիվ 1 խնդիրը Հայաստանի տնտեսությունը «խելքի բերելն էր»: Հասկանալի է, որ այս կարճ ժամկետում դժվար Կարապետյանին հաջողվեր որեւէ տեսանելի ու շոշափելի արդյունքի հասնել, հատկապես, որ կախարդական փայտիկ էլ չունի: Բայց պարզ է, չէ՞, որ մեր տնտեսության «հերն անիծում են» առաջին հերթին ստվերն ու անհավասար մրցակցությունը, կոռուպցիան ու մենաշնորհները: Սա նորություն չէ, այս մասին տարիներ շարունակ հայտարարում են թե տնտեսագետները, թե գործարարները, նույնիսկ պաշտոնյաները:
Կարեն Կարապետյանն ամեն առիթով հայտարարում է՝ Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը ամբողջովին ազատ, մրցակցային եւ արդար գործարար միջավայրի ստեղծումն է, ինչն էլ իրականացնելու համար նոր ու իր համար վստահելի թիմ հավաքեց, անգամ իր օգնականների ու խորհրդականների հեռախոսահամարները հրապարակային դարձրեց, որպեսզի քաղաքացիներն իրենց դժգոհություններն անմիջապես վարչապետին մերձ անձանց հասցնեն:

Հեռու ենք այն մտքից, որ վարչապետի օգնականներն ամբողջ օրը պարապ նստած են, բայց քանի որ ստանձնել են պատասխանատու պաշտոն ու իսկապես օգնական են, ապա նրանց աչքից չպիտի վրիպի որեւէ քաղաքացու դժգոհություն, անկախ նրանից՝ անձամբ օգնականին են զանգահարել, թե, ասենք, լրատվամիջոցով է խնդիրը բարձրացվել:
Օրերս «Առավոտը» հրապարակել էր մի գործարարի դժգոհություն, որը անձնական խնդիր չէ, այլ գործարար միջավայրի, այս գործարարը կոնկրետ տնտեսությունում առկա ստվերի տեղերից մեկն է նշում:

Մենք փետրվարի 9-ին հրապարակել էինք ««Խարբերդ» ընկերությունը կործանվում է՝ առանց ստվերի աշխատելու պատճառով» հոդվածը, որտեղ մսի պահածոներ արտադրող, շուկայում 15 տարի աշխատող «Խարբերդ» ընկերության հիմնադիր Լեւոն Հակոբյանը մանրամասն ներկայացնում է խնդիրը: Մասնավորապես, գործարարը պատմում է, որ իր ընկերության իրացման ծավալները նվազում են հատկապես այն պատճառով, որ ընկերության հիմնադիրը չի ուզում ստվերով աշխատել, մաքուր աշխատելով էլ ընկերության գործերը օրի օրի վատանում են: Շատ սուպերմարկետներ ու խանութներ հրաժարվում են «Խարբերդի» արտադրած ապրանքը գնել կամ էլ համաձայնվում են ձեռք բերել առանց հաշիվ-ապրանքագրի: Այն խանութներն ու սուպերմարկետները, որոնք աշխատում են ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի դաշտում, հրաժարվում են «Խարբերդի» պահածոները գնել, որովհետեւ «Խարբերդը» շրջանառության հարկման դաշտում է, այսինքն՝ իր շրջանառությունից է հարկ վճարում: «Խարբերդի» հետ գործ բռնող սուպերմարկետը կամ խանութը այդ ընկերության պահածոն ձեռք բերելով` հետո ավելի հարկ պիտի վճարի՝ 20% ԱԱՀ, ինչը նրանց ձեռնտու չէ:

Նրանք էլ, որոնք չեն հրաժարվում ապրանքից, հաշիվ-ապրանքագրից են հրաժարվում, ասում են՝ «կամ ապրանքդ վերցնում ենք առանց հաշիվ-ապրանքագրի, կամ էլ էս կողմերը չերեւաս»: Եվ քանի որ «Խարբերդի» պահածոները դրոշմապիտակավորվում են, ՊԵԿ-ից յուրաքանչյուր պահածոյի համար դրոշմապիտակ են ստանում՝ պետք է ցույց տան դրանց իրացումը: Եվ որպեսզի ապրանքն իրացնի, Լեւոն Հակոբյանը ստիպված իրացումը ՀԴՄ-ով է ցույց տվել, այսինքն՝ այն խմբաքանակի համար, որը տվյալ խանութը վերցրել է առանց հաշիվ-ապրանքագրի, «Խարբերդ» ընկերությունը ՀԴՄ կտրոն է, այսպես ասած, խփել: «Հարկային տեսուչներն այս խնդրի մասին շատ լավ գիտեն: Մի անգամ էլ ՀԴՄ խփելու մասին ասացին՝ «էդ լվացքի մեքենան եք միացրել»: Այսինքն՝ այդպես մաքրում են եղածը: Լավ, հիմա ես ի՞նչ անեմ՝ չարտադրե՞մ, չիրացնե՞մ, ո՞վ ճանապարհը ցույց կտա»,- պատմել է Լեւոն Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը հույս ուներ, որ Պետական եկամուտների կոմիտեից, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից, կառավարությունից կարձագանքեն, քանի որ սա համատարած խնդիր է, եւ վտանգված են փոքր ընկերությունները: Սակայն պետական կառույցներից՝ քար լռություն: Եթե, ասենք, վարչապետի օգնականները թերթեր չեն կարդում, ապա գոնե կառավարության, ՊԵԿ-ի եւ նշված նախարարության լրատվական բաժինների մի մեծ խումբ աշխատակիցների գործառույթներից է լրատվամիջոցների հրապարակումներին հետեւելն ու իրենց «շեֆերին» զեկուցելը:
Եվ եթե մինչ օրս գործարարի բարձրացրած խնդրին պետական այս կառույցներից արձագանք չի եղել, կարելի է եզրակացնել՝ կամ լրատվականի աշխատողները չեն կարդացել, կամ էլ կարդացել, զեկուցել են՝ «շեֆերը» «բանի տեղ չեն դնում»:
Հա, վերջերս էլ վարչապետն ասել էր՝ «Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար»: Ներեցեք, բարեփոխումների համար օրներդ գուցե չհերիքի, բայց 30 րոպեն հաստատ կհերիքի գործարար Լեւոն Հակոբյանին լսելու, նրա նշած խնդրին ծանոթանալու համար:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728