«Առավոտ» օրաթերթի 12.09.2014թ. տպագրված «Բնակարանի գնորդին կալանել են,
ապա «գլխի ընկել», որ քաղգործ է» հրապարակումից անցել է երեք տարի:
Արփինե Մայսուրյանին «կոտրելու» համար քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը դիմեց անգամ նրան կալանքի վերցնելու միջնորդությանը: 31-ամյա անփորձ Արփինեն քառասունմեկ օր մնաց անազատության մեջ՝ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ապա երկու միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Կենտրոնականի քննչական բաժին էր դիմել Զարուհի Պողոսյանը: Նա հայտնել էր, թե Խանջյան փողոցի իրենց բնակարանը վաճառելու նպատակով առքուվաճառքի պայմանագիր է կնքվել Արփինե Մայսուրյանի հետ: 2010թ. բնակարանը գնել էր Ա. Մայսուրյանը, նոտարական գործարքը կատարվել էր Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանի միջոցով: Վերջինս իբրեւ վկա հանդես գալով՝ հայտնել էր, որ նոտարական վավերացման ժամանակ թե բնակարանը գնողը, թե Զարուհի Պողոսյանը օրենքով սահմանված կարգով են դիմել իրեն, ամեն ինչ եղել է օրինական հիմքերի վրա, վավերացման ժամանակ այդ երկուսից բացի, որեւէ մեկը ներկա չի գտնվել: «Եթե որեւէ կասկած ունենայի, գործարք չէի անի»,-ասել էր նոտարը:
«Նոտարը իրենց ներկայությամբ բարձրաձայն կարդաց առուվաճառքի պայմանագիրը, Զ.Պողոսյանին հարցրեց, թե արդյոք գումարը ամբողջությամբ ստացե՞լ է, թե՞ ոչ, նույնիսկ երկու անգամ կրկնել է՝ վստա՞հ եք, նորմա՞լ է ամեն ինչ, իսկ Զ.Պողոսյանը ձեռքերը դնելով պայուսակի վրա, հայտնել է, որ իր մոտ է գումարը, եկել է գործարքը կնքի, գնա»,-արձանագրվել էր դատարանում:
Նույն օրը բնակարան վաճառողը նույն նոտարի մոտ մեկ այլ գործարք էլ էր կատարել՝ քսան հազար դոլարի չափով գումար էր տրամադրել ոմն Արմենակի: Ի դեպ, Արմենակը պնդել էր, թե գումար է վերցրել եւ այն կվերադարձնի, բայց փորձել էին կեղծ վկաների միջոցով Արմենակին «կապել» Արփինե Մայսուրյանի անվան հետ:
Դա էլ չէր հաջողվել: Այն, իբր թե Արփինեն մտերիմ, փաստացի ամուսնական կապերի մեջ է գտնվել Արմենակի հետ, կրկին չէր հաստատվել. աղջիկը մեկ այլ անբարո փորձություն էլ էր անցել. դատաբժշկական ստուգման էին ենթարկել, պարզվել էր, որ նա կույս է: Ա. Մայսուրյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հուզվում ու կարմրում է: Արփինեի տեղեկացմամբ, Ուկրաինայում բնակվող նրա ծնողները, եղբայրը ցանկացել են Հայաստանում մոտ երեսուն հազար դոլարի չափով բնակարան գնել: Արփինեն մինչ Երեւան գալը, բնակվել է Գորիսում՝ պապիկի տանը, սակայն բնակարանը այրվելուց հետո տեղափոխվել էր Երեւան, քառասունհինգ հազար դրամով վարձակալել էր բնակարան, աշխատում էր խոհարար ՍՊ ընկերություններից մեկում:
«Ընտանիքս որոշեց բնակարան գնել: Այդ նպատակով մի քանի անգամ գնացի անշարժ գույքի շուկա: Այցելություններիցս մեկի ժամանակ ինձ մոտեցավ Զարուհի Պողոսյանը, ով ասաց, թե ցանկանում է վաճառել Խանջյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը: Նա ասաց, թե երեսուն հազար դոլարով է այն մտադիր վաճառել: Երբ ցանկացա տեսնել բնակարանը, տիկինն ասաց, թե այնտեղ վարձակալությամբ ուսանողներ են բնակվում: Բնակարանը, որը հետագայում տեսա, անմխիթար վիճակում էր գտնվում: Տիկին Զարուհին ցույց տվեց մի կցակառույց էլ, ասաց, թե դրա մասով վճարումներ պետք է անի, ուստի բնակարանի գինը դարձրեց քսանութ հազար դոլար: Նախնական հինգ հարյուր դոլար եմ տվել Զ.Պողոսյանին, որպեսզի նա կարողանա բնակարանի սեփականության վկայականի հետ կապված հարցերը լուծի, ապա 27 500 դոլարը: Գումարը ստանալուց հետո ենք գնացել նոտարի մոտ»,-պատմում է Արփինեն:
Բնակարանը գնելուց մեկ ամիս հետո մայրը նրա հետ է՝ Խանջյանի բնակարանում:
Զ.Պողոսյանը գումարը ստանալու մասին ստացական էր տվել: Ստացականը ենթարկվել է դատաձեռագրաբանական փորձաքննության, եւ փորձագետը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ Զարուհին ինքն է ստորագրել եւ գրել, գրառումները նրանն են:
Մեկ անգամ հանցակազմի բացակայության հիմքով գործը փակվել էր:
Քաղհայցով մտնելով դատարան՝ Զարուհի Պողոսյանը դիմել էր գործարքն անվավեր ճանաչելու, բնակարանից Արփինեի ընտանիքը վտարելու պահանջով: Դատարանները մերժել են Զ.Պողոսյանի հայցը:
Պարտվելով քաղաքացիական դատարանում՝ նորից «վերաբացվում է» քրեական գործը, այս անգամ քննիչ Աշոտ Մխիթարյանի ձեռամբ: 2014թ. դեկտեմբերի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատավոր Գագիկ Պողոսյանը հունվարի 27-ին հրապարակեց դատավճիռը եւ 5 տարվա ազատազրկման դատապարտեց Արփինե Մայսուրյանին: Դատավճռից հետո Արփինեին ստիպված եղան շտապօգնության մեքենայով տանել բուժհիմնարկ, ապա՝ տուն:
Բնակարանի վրա նախաքննության ժամանակ արգելանք էր դրված, դա մնացել է դեռ անփոփոխ: Արփինեի պաշտպանը՝ Արթուր Ալիխանյանը, դիմելու է վերաքննիչ քրեական դատարան՝ նրան արդարացնելու պահանջով:
Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն. «Ամբաստանյալ Ա. Մայսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Արմենակ Հովհաննիսյանի հետ, 2010 թվականի սեպտեմբերի 15-ին խարդախությամբ հափշտակել է Զարուհի Պողոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը, բացի այդ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, պատրաստել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող «Հայտարարություն» եւ «Ստացական» վերնագրով գրություններ, բնակարանի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ, որոնք էլ որպես ապացույց քաղաքացիական գործի ընթացքում 2011թ. օգոստոսի 2-ին ներկայացվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»: Ի դեպ, քաղգործը քննել է դատավոր Էդիկ Ավետիսյանը, եւ այդ վճիռներն օրինական ուժի մեջ են մտած:
Քրեական գործի նախաքննության ժամանակ, Արփինեի պաշտպանը՝ Արթուր Ալիխանյանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալը առերեսվի ոչ թե կեղծ վկաների հետ, որոնց նույնիսկ չէր ճանաչում, այլ՝ տիկնոջ հետ:
Առերեսում չկազմակերպվեց, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի դատաքննությունն ընթացավ առանց «տուժողի», քանի որ նա արդեն մահացել է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Տարիներ առաջ ամբաստանյալը աշխատել է «Օրիֆլեյմ» ընկերության Գորիսի մասնաճյուղում, իսկ Արմենակը, որը ներկայումս բացակայում է հանրապետությունից, մեկ այլ ընկերության առաքիչներից էր: Եվ Արփինեի մայրն այդ առաքիչից ապրանքներ էր վերցրել, մոր անվամբ ապրանքների գումարներ է փոխանցել:
«Առավոտ»
15,02.2017