Շուրջ 200-300 տարի է՝ մենք` հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգեւոր նստավայր Լալիշա Նուրանից, մեր բնօրրան Շանգալից: Սակայն մենք դեռեւս սրբորեն պահպանում ու տոնում ենք մեր ազգային եւ կրոնական տոները: Գիտակցելով, որ կա Աստծո կողմից մարդուն տրված բարոյական նորմերի հավատի հաստատուն համակարգ, որին հետեւում եւ իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:
Մեր ժողովրդի պատմության մեջ կարեւոր դեր է խաղացել եւ պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը: Հարկ եմ համարում նշել, որ այս տոնը իր ուրույն եւ կարեւոր տեղը ունի մեր ժողովրդի հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման եւ միասնության ու համերաշխության գործում:
Դարերի ընթացքում մեր ժողովուրդը Սուրբ Խըդըր Նաբիի անվան հետ է կապել մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Ըստ ժողովրդական ավանդությունների՝ «Սուրբ Խըդըր Նաբին» իր հզորությամբ տիրապետել է տարբեր երեւույթների վրա ազդելու կարողության: Մեր ժողովրդի աղոթքներում եւ այլ պատումներում «Խըդըր Նաբին» դիտվել է նաեւ որպես սիրահարների հովանավոր, ուրախությունների, երջանկության եւ նպատակների իրագործման հզոր հովանավոր: Այդ օրը երիտասարդներն աղոթում են եւ խնդրում Խըդըր Նաբուն, որ իրենց իղձերն ու ցանկությունները հասցնի Աստծուն:
Եզդի ժողովուրդը արտաքին սպառնալիքներից պաշտպանվել ու անհրաժեշտությունից ելնելով՝ հիմնականում վարել է ներփակ համայնքային կյանք: Բայց խաղաղության, երջանկության եւ տարատեսակ ուրախություններ պարգեւող տոները ընդունել է նաեւ այլ ժողովուրդների հետ միասին: Անշուշտ, խոսքը վերաբերում է «Սուրբ Խըդըր Նաբիին», որը տարբեր ժողովուրդների մոտ տոնվում է, հայ ժողովրդի մոտ ընդունված է «Սուրբ Սարգիս» անվամբ:
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին տոնեց Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի եզդիները փետրվարի 14-ին, 15-ին, 16-ին ծոմ են պահում, Խըդըր Նաբի տոնը տոնում են փետրվարի 17-ին: Սուրբ Խըդըր Նաբիի գալստյան օրվա առթիվ երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում, նաեւ մատաղներ զոհաբերելու օրն է, իսկ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերը ծոմ են պահում: Տոնի օրն առավոտյան ժողովուրդը հոգեւորականների հետ գնում են գերեզմանոցներ, աղոթքներ են անում, որից հետո այցելում են մեկը մյուսի տները, շնորհավորում են միմյանց տոնը եւ ցանկանում ամենալավը: Այդ օրը միմյանցից նեղացածները խոսում են իրար հետ, մեկը մյուսին ներում է նրա արարքը: Ամենուր տիրում է սերն ու համերաշխությունը:
Կարդացեք նաև
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, մեր Շանգալում, փախստականների ճամբարներում գտնվող ու գերության մեջ եղած բոլոր եզդիներին: Աստված ապավեն:
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում հ/կ խորհրդի նախագահ
«Առավոտ»
15,02.2017