Կամ՝ ինչու չեն գրվում
երկեր ջութակահարների դուետի համար
Հայկական կամերային երաժշտության ոլորտում (դուետ, տրիո, կվարտետ, կամերային տարբեր կազմերի անսամբլներ եւ այլն) վերջին շրջանում կոմպոզիտորները կարծես դադարել են ստեղծագործել հատուկ ջութակահարների դուետի համար, հավանաբար մշտական գործող նման կազմ չլինելու պատճառով: Այս կարծիքին են երաժիշտներից շատերը, որոնք մեզ հիշեցրին ժամանակին Հայաստանում, ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում հանդես եկող երկվորյակ Ճենտերեճյան եղբայրների մասին: Հայտնեցին նաեւ, որ տարիների ընդմիջումից հետո եղբայրները կրկին հայրենիքում են:
Նշենք, որ ժամանակին կոմպոզիտորներ Էդվարդ Հայրապետյանը, Էմին Արիստակեսյանը, Էրիկ Հարությունյանը, Էդուարդ Սադոյանը, Արշակ Իկիլիկյանը, երկար տարիներ Վրաստանի կոմպոզիտորների միության նախագահ Վաժա Ազարաշվիլին, Լադիսլավ Կուպկովիչը, Իգոր Գոլուբեւը եւ այլք հատուկ ստեղծագործել են այդ դուետի համար եւ նրանց նվիրել շուրջ 40 երկ: Ի դեպ, Խորհրդային Միությունում 1950-60-ականներին մշտապես գործել է միայն հայր ու որդի Դավիթ եւ Իգոր Օյստրախների դուետը: Հավանաբար հարկ է շեշտել, որ Ճենտերեճյան դուետը, որի կարիերան սկսվել է 1970-ականներին, եղել եւ մնում է միակը՝ գոնե նախկին ԽՍՀՄ-ում: Հանդիսատեսի «տեսադաշտից» նրանք «անհետացան» շուրջ 5 տարի առաջ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմեն եւ Աշոտ Ճենտերեճյաններին խնդրեցինք ներկայացնել իրենց դուետի ստեղծման առիթը կամ պատճառը: «1975 թվականն էր, Երեւանի կոնսերվատորիայի կամերային դասարանի ավարտական դիպլոմային աշխատանքը՝ Պրոկոֆեւի Երկու ջութակի համար գրված սոնատը: Պրոֆեսոր Լեւոն Մամիկոնյանը մեզ հետ իսկապես ոսկերչի աշխատանք էր կատարել, ինչն էլ հանգեցրեց նրան, որ մտածենք ջութակահարների դուետ հիմնելու ուղղությամբ:
Հետո արդեն սկսվեցին համերգները ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում, այլեւ եվրոպական երկրներում: Հիշում ենք մեր՝ Երեւանում կայացած վերջին ելույթը: Դա 2011 թվականին էր, Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ՝ «Տաղարան» անսամբլի հետ»,- հայտնեց Արմենը: Եղբայրը՝ Աշոտը, ներկայացնելով իրենց հետագա գործունեությունը, ասաց. «Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի հրավերով նույն թվականի աշնանը մեկնեցի Լիբանան՝ որպես այդ հաստատության տնօրեն: Եղբայրս էլ հաջորդ տարի հրավիրվեց նշյալ երաժշտանոց՝ որպես վերջինիս մասնաճյուղի տնօրեն: Սկսվեց մեր ոչ միայն «տնօրինական» գործունեությունը, այլեւ բեմական: Շրջանավարտների եւ ուսանողների հետ կազմեցինք իսկապես հիանալի կամերային նվագախումբ, որը հանդես էր գալիս ոչ միայն սոլո գործունեությամբ, այլեւ մեր ընկերակցությամբ: Չգիտեմ՝ հարկ է հիշատակել, թե ոչ, բայց մեզ համար մեծ պատիվ էր, որ եղբայրներիս գործունեությունն արժանացավ գնահատանքի՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, որը մեզ հանձնեց Մեծի տանն Կիլիկիո Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Մինչ Լիբանան մեկնելը, Արմենը Հալեպում էր, տնօրինում էր տեղի «Կանաչյան» երաժշտանոցը, իսկ ես շուրջ չորս տարի Ստեփանակերտում էի, կոնցերտմայստերը դիրիժոր Գեւորգ Մուրադյանի հիմնած ԼՂՀ պետական կամերային նվագախմբի: Հետո էլ տեղափոխվեցի Լաչին, որտեղ գործում էր իսկապես հիանալի ժողգործիքների նվագախումբ, որի տնօրենն էի…»:
Զրույցի ընթացքում եղբայրները թեեւ համեստորեն լռեցին իրենց այն գործունեության մասին, որ ծավալել են ղարաբաղյան պատերազմի տարիներին, փոխարենը մանրամասն ներկայացրին «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի սաների հաջողությունների եւ կամերային նվագախմբի մասին, որն, իրենց ձեւակերպմամբ՝ «Երաժշտանոցի սաները սկսեցին հանդիսատեսին, այդ թվում՝ իրենց ծնողներին, ներկայանալ ոչ միայն, ասենք՝ ջութակով «Յասամանի ծառի տակ» հանրահայտ երգը նվագելով, այլեւ կատարել համաշխարհային երաժշտական գրականության գանձարանից ընտիր նմուշներ»: («Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցը սփյուռքում գործող միակ երաժշտական տասնամյա հաստատությունն է, որի սաների վկայականները վավերացնում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Դա նշանակում է, որ ավարտական քննություններին Երեւանից ժամանում են պրոֆեսորներ տարբեր մասնագիտությունների գծով- Ս. Դ.):
Հետաքրքրությանը, թե արդեն մի քանի ամիս երաժիշտներն այստեղ են, հավանաբար կրկին հնարավորություն կունենանք վայելել նրանց արվեստը եւ հարցրինք՝ կշարունակե՞ն, արդյոք, իրենց մանկավարժական աշխատանքը, մանավանդ՝ ժամանակին դուետի բեմական, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ դասավանդել են Երեւանի երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում, ինչպես նաեւ կոնսերվատորիայում, Ճենտերեճյան երկվորյակները «երկվորյակ» էլ պատասխանեցին. «Տեւական դադարից հետո պատրաստվում ենք բեմ բարձրանալ: Ինչ վերաբերում է մանկավարժական գործունեությանը, եթե մեր կոնսերվատորիան հարմար կգտնի, որ հիմնվի ջութակահարների դուետի դասարան՝ սիրով կդասավանդենք»:
Ի դեպ, ընթացիկ տարին հոբելյանական է արվեստագետների համար. լրանում է նրանց ծննդյան 65 եւ ստեղծագործական 45-ամյակները: Մի բան էլ հիշեցինք. մշակույթի էքսնախարար Հովիկ Հովեյանի բանաստեղծական ժողովածուներից մեկում կարդացել ենք Ճենտերեճյան դուետին նվիրված ստեղծագործություն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Ճենտերեճյան եղբայրներն ու Արամ Ա կաթողիկոսը:
«Առավոտ»
15,02.2017