Media.am. 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հեռարձակման բնագավառը կարգավորող մարմինը, որ կոչվելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով (ՀՌՀ՝ ներկայիս ՀՌԱՀ-ի փոխարեն, «ազգային» բառը հանված է անվանումից), ամբողջությամբ ձեւավորվելու է միայն Ազգային ժողովի կողմից:
2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, որն անդրադառնում է նաեւ ՀՌՀ-ի ձեւավորմանն ու հաշվետվությունը ներկայացնելուն:
Այդ մասը ուժի մեջ է մտնելու 2018-ին՝ նորընտիր նախագահի պարտականությունները ստանձնելու պահից: Մենք չենք անդրադառնա «ԱԺ կանոնակարգ» օրենքով ՀՌՀ-ի ձեւավորման կարգին: Մեզ ավելի շատ տարակուսեց այդ օրենքի 133 հոդվածը: Ահա այն.
«Հոդված 133. Տեղեկատվության ազատության վիճակի մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը
1. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության, հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում»:
Մեր տարակուսանքը հարուցողը հենց հոդվածի վերնագիրն է եւ «հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում» հատվածը:
Ի՞նչն է տարակուսելին: Բանն այն է, որ «տեղեկատվության ազատություն» տերմինը ունի իր հստակ իմաստն ու ձեւակերպումը եւ վերաբերում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկություններ ստանալու ազատությանը: Ահա այդ հասկացության ձեւակերպումը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում. «տեղեկատվության ազատություն՝ տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու եւ դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացում»:
Հստակ ձեւակերպված է նաեւ «տեղեկատվություն տնօրինող» հասկացությունը. «տեղեկատվություն տնօրինող՝ տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպություններ եւ դրանց պաշտոնատար անձինք»:
Կարդացեք նաև
Ընդ որում, վերոհիշյալը միջազգայնորեն ընդունված ձեւակերպում է, եւ ամբողջ աշխարհում «տեղեկատվության ազատություն» ասելով, հենց դա են հասկանում:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը հեղինակների ուշադրությունն է հրավիրել ձեւակերպման վրա եւ առաջարկել փոխել այն՝ «Հեռուստատեսությունում եւ ռադիոյում արտահայտման ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում» ձեւակերպմամբ, որն ավելի տրամաբանական կլիներ, քանի որ արտահայտման ազատությունը սեփական կարծիք ունենալու, այն արտահայտելու, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունն է:
Ինչպես նաեւ՝ «տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը» (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության հոդված 42):
Սակայն, ինչպես տեսնում ենք, առաջարկը չի ընդունվել:
Ինչո՞ւ օրենքի հեղինակները չանսացին ԽԱՊԿ առաջարկին: Պարզվում է, որ չէին կարող, որովհետեւ, ուշադրությո՛ւն՝ նրանց ձեւակերպումը բխում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների 196-րդ հոդվածից: Այդ հոդվածի 4-րդ մասում սեւով սպիտակի վրա գրված է.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին»:
Ահա, սահմանադրական փոփոխությունների այս, մեր համեստ կարծիքով անհեթեթ, ձեւակերպումն է, որ շրջանցել չէին կարող օրենսդիրները եւ ներառել են «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Ընդ որում, Սահմանադրության փոփոխությունների հեղինակները ուշադրություն չեն դարձրել, որ հենց իրենք են նույն Սահմանադրության տեքստում տարանջատել կարծիքի արտահայտման ազատությունը (հոդված 42) տեղեկություններ ստանալու իրավունքից (հոդված 51):
Վերջինս էլ հենց տեղեկատվության ազատությունն է եւ հստակ ձեւակերպված է.
«Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»:
Արդ, հարց տանք Սահմանադրության փոփոխությունների հեղինակներին.
– Պարոնա՛յք, ի՞նչ եք նկատի ունեցել «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը տարեկան հաղորդում է ներկայացնում … հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին» ձեւակերպմամբ. ՀՌՀ-ը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչպես են հեռուստառադիոընկերություններն իրացրել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու» իրավո՞ւնքը…
Մինչդեռ, ինչպես առաջարկել է ԽԱՊԿ-ը, խոսքը պիտի վերաբերեր արտահայտման ազատությանը: Այսինքն՝ թե հեռարձակման ոլորտը որքանով է ապահովել բազմակարծությունը, բազմազանությունը եւ մարդկանց՝ «տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատության» (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության հոդված 42) իրավունքը եւ թե որքանով է ոլորտն ազատ եւ անկախ եղել: Մի՞թե դժվար էր տերմինները ճշտել եւ կրակը չգցել «խեղճ» ՀՌՀ-ին:
Եվ քանի որ հստակ պատասխան չենք ակնկալում (համարյա վստահ ենք, որ սկսելու են տարբեր մեկնաբանություններով ապացուցել, որ իրենք են ճիշտը. մեզանում սեփական սխալներն ընդունելու մշակույթ չկա) անհամբերությամբ կսպասենք սահմանադրական փոփոխությունների ամբողջական ուժի մեջ մտնելուց (2018-ից) հետո ՀՌՀ-ի առաջին հաշվետվությանը, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ են գրելու «հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին»:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ Media.am
«Առավոտ»
15,02.2017