Նախկին դատավոր, ՀԱԿ նախկին համակիր ու նախկին ՀՀԿ-ական Պարգեւ Օհանյանը բացատրում է՝ Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու իր որոշումը:
«Ոչ մի դեգերումների խնդիր չունեմ: Միշտ խնդիր եմ ունեցել՝ ինչ-որ մի բանով օգտակար լինել երկրին, մարդկանց: Փորձել եմ միշտ ճշմարտության կողմը լինել, արդարության հետեւորդ լինել: Այդ է պատճառը, որ լինելով իշխանության մեջ՝ արդեն իսկ օտար էի, ինչպես՝ օտար յուրայինների մեջ: Նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, ճիշտ է մասնակցեցի ընտրություններին, բայց դե չստացվեց, Աստված չկամեցավ, երեւի բարին էլ դա էր, եւ մարդը չդարձավ նախագահ: Մնացածը ինչ բացատրեմ ձեզ: Ես չեմ համարում՝ երբեւէ եղել եմ կուսակցական, իրականում երբեւէ չեմ եղել ՀԱԿ անդամ ու հիմա էլ չեմ: Արդարանալու բան պետք է չունենամ, բայց ասեմ, որ բավական երկար ժամանակ իշխանության մեջ, ըստ էության, եղել եմ ընդդիմադիր: Իմ հայացքները չեն փոխվել, դրանք միշտ կայուն են…
Իմ գործը ՀԱԿ-ի հետ ավարտվել է Սահմանադրական դատարանում Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը լինելով: Այսինքն, ես ավելի շատ հանդես եմ եկել որպես իրավաբան: Հետո տեսնելով ընդդիմության տվայտանքները, տարբեր տեսակի ոչ առողջ ու անհեռանկարային դաշինքները, որը եւ կյանքը ապացուցեց, դարձա հանրապետական՝ մնալով ձեւական մինչեւ օրեր առաջ, երբ ես գրավոր ուղարկեցի իմ դիմումը՝ հենց այդպես էլ ձեւակերպելով, որ խնդրում եմ դադարեցրեք իմ ձեւական անդամակցությունը ՀՀԿ-ին»,-Aravot.am-ին ասաց նախկին դատավորը:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Պարգեւ Օհանյանը Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր Նոր-Նորքում, իսկ 2014-ին նա դարձավ ՀՀԿ-ական:
Կարդացեք նաև
Նա չկարողացավ մտաբերել տարիներ առաջ ՀՀԿ-ին անդամակցելու մասին պատմած իր անեկդոտը՝ գազարի ու վարունգի մասին եւ ասել, թե ինչ նկատի ուներ ժամանակին՝ ասելով, թե` «Վարունգը ընդամենը մի պահ է, ես նորից վերադարձել եմ գազարին». «Չէ, չեմ հիշում (խմբ. ծիծաղում է): Դա պետք է տեղին, պահին լինի, որ հիշես՝ ինչ ես ուզեցել ասել, չեմ էլ ուզում՝ հիշեցնեք»:
Հիշեցնենք նաեւ պարոն Օհանյանի պատմած անեկդոտը. «Մեկը երկար տարիներ, այնքան ինչքան ես, ավելի քան 20, գալիս է մի ռեստորան, ճաշում է, ճաշելուց հետո գազար է խնդրում, դնում է ականջի հետեւը եւ հեռանում: Անձնակազմը ասում է՝ մի հատ փորձենք, չեն հասկանում՝ ինչու է այդպես վարվում, հետո նորից է գալիս, գազար է խնդրում, ասում են՝ գազար չունենք, ասում է՝ իսկ վարո՞ւնգ, ասում է՝ ունենք, դե մի հատ վարունգ բերեք, վարունգը դնում է ականջի հետեւը, որ գնա, մատուցողը ասում է՝ ներողություն էլի, էդ վարունգը ինչի՞ դրեցիք, ինքն էլ թե՝ բա չասացի՞ք գազար չունեք, հիմա իմն է:…Վարունգը ընդամենը մի պահ է, ես նորից վերադարձել եմ գազարին»:
Պարգեւ Օհանյանը Սեյրան Օհանյանին չի համարում Մարտի 1-ին դերակատարություն ունեցած պաշտոնյա. «Նա եղել է զինվորական մարդ, որը կատարել է հրաման»:
Մեր հարցին՝ այդ դեպքում, եթե հրամանը սրտով չի եղել, ինչու է կատարել, պարոն Օհանյանը շարունակեց. «Նա կատարել է գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը, իրացրել է Սահմանադրորեն ամրագրված իր պարտականությունը, այն է՝ ԶՈՒ ապահովում են երկրի անվտանգությունը … Գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ: Մարտի 1-ի պատասխանատուները երկու նախագահներն են: Այդքան զոհեր ու կալանավորներ չէին լինի, եթե առաջին նախագահը համարձակ, ինչպես հայտարարում էր Ազատության հրապարակում՝ թող վերջին զոհը ես լինեմ եւ այլն, գնար եւ տեր կանգներ ժողովրդին: Ժողովուրդը մնացել էր առանց հովիվ, անտեր»:
Պարոն Օհանյանից հետաքրքրվեցինք՝ եթե զոհերի ու կալանավորների մասով մեղադրում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա ինչու էր 2008-ին նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանում ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի շահերը: Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր 2008-ի փետրվարի 19-ի ընտրությունները, իսկ ՍԴ նիստերը շարունակվել են նաեւ Մարտի 1-ի դեպքերից հետո: Ի պատասխան՝ պարոն Օհանյանը կրկնեց, որ ինքը որպես իրավաբան է ՍԴ-ում գործել, հետո կրկին կրկնեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն անտեր թողեց ժողովրդին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ