ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված է մի լուսանկար` «Երաժշտական» ընթրիք՝ նախարարի հրավերով» մակագրությամբ: Լուսանկարի հետ զետեղված տեղեկատվությամբ ասվում է, որ Արմեն Ամիրյանի հրավերով երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ հավաքվել են կոմպոզիտորներ և ստեղծագործական խմբերի ղեկավարներ՝ քննարկելու, թե ինչու ստեղծագործական խմբերը չեն կատարում հայաստանցի ժամանակակից կոմպոզիտորների գործերը եւ, ի վերջո, ի՞նչ տեսակի երաժշտություն է ուզում լսարանը:
«Նախարարական» ընթրիքին մասնակցել են Ռուբեն Ալթունյանը, Ռոբերտ Մլքեյանը Էդուարդ Թոփչյանը, Սոնա Հովհաննիսյանը, Սերգեյ Սմբատյանը եւ ուրիշներ:
Aravot.am-ը ճանաչված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Ալթունյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է նման ձեւաչափով հանդիպումների մասին:
«Տպավորված ենք… Խոսակցության եղավ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ավելի շատ կատարելու վերաբերյալ, ահագին հարցեր բարձրացվեցին: Մենք առաջին անգամ մշակույթի նախարարի հետ սեղանի շուրջ նստեցինք այս 40 տարվա մեջ, իսկապես լավ երեկո էր: Ընդհանուր խոսք էր գնում հայ կոմպոզիտորների գործերի քիչ կատարման մասին, ստեղծագործական խմբերի ղեկավարներն էլ ասացին, որ այնքան ենք կատարել, ուղղակի դուք տեղյակ չեք: Նաեւ ասացին, որ ցանկացած գործ կկատարեն, կարեւորը որակով լինի: Մյուս կողմից էլ ամեն ինչ սիմֆոնիկին չի կարելի առաջարկել, իրենք իրենց ծրագրերն ունեն»,-նշեց կոմպոզիտորը:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ վերջին անգամ սեղանի շուրջ նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ է հանդիպել` 2 տարի առաջ արտասահմանում:
«13 հոգանոց ժողգործիքների անսամբլ ունեի, այդ անսամբլով մեկնել էինք արտասահման, որպեսզի միջոցառումներին հայկական երաժշտություն նվագեինք: Դա երկու տարի առաջ էր, հատուկ ընթրիք չի եղել, բայց երեկոները թեյ ենք խմել նախարարուհու հետ միասին, մեզ հետ նաեւ սփյուռքահայեր կային, բայց նման տեսակի կազմակերպչական զրույց-հանդիպում ոչ մեկի հետ չի եղել, ոչ Հովիկ Հովեյանի, ոչ էլ մնացածի»,-նշեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Հարգելի Գոհար, չգիտեմ եթէ հոդվածի վերնագիրը քո հարցականն է, սակայն արտօնէ որ մի կերպ ջանամ պատասխանել:
Մշակոյթի մարդոց էական կոչումը, գործը, պարտականությունն ու պատասխանատվությունը՝ … մշակոյթն է:
Այո, կան երբեմն կարգ մը մշակոյթի անձիք, որոնք կ’որոշեն դառնալ քաղաքական ակտիվիստ: Թեպէտ շատ անճարակ են այդ ոլորտում, անոնցմէ ոմանց մղումներն ալ երբեմն վիճելի են, բայց ոչինչ, լաւ, ուզում են քաղաքական դաշտում մի բան ասել, մի բան անել, իրենց որոշումն է, հաջող:
Սակայն կարելի չէ ակընկալել – կամ, կարծես թէ՝ պահանջել – որ բոլոր մշակոյթի մարդիկը դառնան քաղաքական գործիչներ:
Կարելի չէ մշակոյթի մարդուն այպանել որ ինք ուզում է կեդրոնանալ իր կոչումին վրա:
Հետեւաբար, թէ անոնք նախարարի սեղան նստեր են կամ ոչ, ի՞նչ կարեւորություն: Մշակոյթի մարդիկ ստիպված չեն բոյկոտ կատարելու պետության նկատմամբ:
Աւելին՝ նոյնիսկ եթէ այդ սեղանին վրա նստելով, մշակոյթի անձ մը ակընկալում է որ օգուտ մը ստանալու է, իր արվեստին, մշակոյթի՛ն վերաբերյալ օգուտ մը, պիտի որ անկէ՞ ալ հրաժարի… Վասն ինչի՞, հանուն ո՞ւմ…
Երկրում արդէն անցյալի մշակոյթի մակարդակից շատ բան չի մնացել: Ուզում ենք որ եղա՞ծն ալ վերջանա, անհետանա, հանուն քաղաքականության…
Ամէն մարդ իր գործը որ կատարէ, շատ աւելի լաւ կը լինի ամէն բան: Արդէն, պէտք եղածից շա՜տ աւելի մեծ թիւով, բացառապէս քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կան Հայաստանում, երեւի դեռ աւելիին կարիքը չկա:
Հարգելի Հ.Շ., կարծեմ նյութում որեւէ վիրավորական արտահայտություն չկա մշակույթի մարդկանց մասին: Ես էլ Ձեզ պես ուզում եմ, որ հրաշալի գործեր ծնվեն ու մշակույթի մարդիկ միշտ մնան իրենց բարձրության վրա:
Հարգանքով` Գոհար Հակոբյան
հաւատացէք որ ոչ մի վիրաւորական բան չէի նկատած հոդվածում…
թէ ոչ, կ’ասէի
պարզապէս տեսա մի հետաքրքիր հարցական, հիմնված մտայնության մը վրա որու հաճախ եմ հանդիպել – ոչ միայն Հայաստանում -, մտածեցի ուրեմն պատասխանել, թերեւս կարդացող կը լինի… (ի դէպ, հակառակ ոմանց տպաւորության, այսօրվա միակ մեկնաբանությունս այս էջում է)
նոյնպէս ու միշտ հարգանքով՝
Հայդուկ Շամլեան