Մի քանի կուսակցությունների՝ Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուների անուններն արդեն իսկ հրապարակվել են, այդ ցանկերում գրեթե չկան մականունավոր մարդիկ։ Այստեղ պայքարի են դուրս եկել բժիշկներ, ուսուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյան, Արման Սահակյանը, Հովհաննես Մարգարյանը, Շիրակի նախկին մարզպետները՝ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանն ու ՀՀԿ ցուցակում ընդգրկված գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, «Ծառուկյան դաշինքը» ներկայացնող Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը՝ (ի դեպ, նա արդեն իսկ պարզաբանել է, թե որտեղից է ծագել իր Ապար մականունը, վերջինս մեծ շրջապատ ու հարգանք ունեցող անձանցից է)։
Aravot.am-ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին հարցրեց, թե կարող ենք արձանագրել, որ Շիրակի մարզը գոնե այս առումով փոքր-ինչ տարբերվում է։ Հովսեփ Սիմոնյանն ասաց․ «Ցանկացած դեպքում պատգամավոր դարձնում է ժողովուրդը, հիմա չգիտեմ մականունով են դարձնում, առանց մականունի են դարձնում, լավին են դարձնում, թե վատին են դարձնում, մենք պիտի հասկանանք, որ յուրաքանչյուրիս քվեն դրա վրա ազդեցություն ունեցել է։ Ինչն է հետաքրքիր, խոսում ենք մի մարդու մասին, որն առաջադրվել է, չենք խոսում մեր մասին, որ հազարավորներ գնացել, էդ մարդուն ձայն ենք տվել։ Միշտ մեկին քարկոծում ենք, ասում ենք՝ դու լավը չես, դու իրավունք չունեիր, մյուս կողմից ոչ մեկս չենք ասում՝ լավը չէիր, չընտրենք, թող էդ մարդը չհայտնվի այդտեղ։ Երկրորդ կողմի մասին ընդհանրապես չենք խոսում։
Մտածում եմ, որ ինչ ուզում է լինի, մարդը ինքը պիտի որոշի՝ էդ տեղում հարմա՞ր է, թե՞ հարմար չէ։ Նույնիսկ զրույցի մեջ, երբ միասին զրուցում ենք ինչ-որ նյութի մասին, եթե մարդը տեղյակ չէ, իրեն լավ չի զգում, եթե, իհարկե, մի քիչ գիտակցություն ունի։ Մեզանից յուրաքանչյուրը փորձում է հայտնվել այն միջավայրում, որտեղ որ ինքը ի վիճակի է իրեն լավ զգալու։ Եթե մարդը պետք է հայտնվի այն միջավայրում, որը իրենը չէ, ես չգիտեմ ինքնասպանության նման բան է։ Ես իմ վրա եմ վերցնում, եթե ես էդ բանից չեմ հասկանում, պարտադրված ընկնում եմ այդ միջավայրի մեջ, որտեղ որ ես ինձ լավ չեմ զգում, ոնց որ ես իմ ձեռքով գնամ, ինձ համար խնդիրներ առաջացնեմ։ Մտածում եմ, որ առաջինը իրենք պետք է մտածեն այդտեղ չհայտնվեն, որովհետև դա իրենց դաշտը չէ։
Պատկերացրեք, ձեր ոլորտին չտիրապետող մարդը գալիս, ընկնում է էդտեղ, իրավիճակն ինչ է լինում։ Դա կապ չունի պատգամավոր, վարպետ, չգիտեմ բանվոր ինչ-որ մի տեղ, միևնույնն է՝ եթե դու բահը բռնելու ձևը չգիտես, իրավունք չունես հայտնվելու փորողների մեջ, նույնը սա է։ Շատ ժամանակ մարդիկ իրենք են նախաձեռնում իրենց նսեմացումը։ Անձն ինքն իրեն պետք է բարձրացնի, ինքը պիտի փորձի գտնել, ճիշտ տեղում դնել իրեն։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի, որ իր բացերի մասին քիչ խոսեն։ Ավելի ճիշտ, պիտի քիչ բացեր ունենա, որ քիչ խոսեն, էս է ամբողջ խնդիրը։ Գտնում եմ, որ յուրաքանչյուր թեկնածու, որն առաջադրվում է, պետք է պատկերացնի՝ ԱԺ պատգամավոր դառնալով ինքը ի վիճակի՞ է այդ խնդիրները, գործառույթները իրականացնել, որը Ազգային ժողովին պատգամավորին է վերապահված, թե՞ ընդամենը անձեռնմխելիության խնդիր ունի; Դուք տեսնում եք, որ կամաց-կամաց այդ բաները վերանում են, արդեն էական չէ անձեռնմխելի ես, անձեռնմխելի չես, եթե հանցագործ ես, հաստատ այդ ճանապարհը կա, որ քեզ ձերբակալեն։ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը քեզ իրավունք չի տալիս քո միջավայրի, քո քաղաքի, քո շրջապատի մեջ դու քեզ լկտի պահես։ Ամենաճիշտը երկիրը, պետությունը սիրելով, հարգելով կարգապահ քաղաքացի լինես»։
Կարդացեք նաև
Հարցին էլ՝ ի՞նչ տեսակի ընտրություններ ենք կանխատեսում Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, երբ քաղաքական ասպարեզ է վերադառնում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իսկ նրա ու Մարտուն Գրիգորյանի ընտրապայքարի ընթացքում բազմաթիվ սկանդալների, աղմկոտ դեպքերի ենք ականատես եղել, Շիրակի մարզպետն ասաց․«Մի տարի է՝ ես պաշտոնավարում եմ, երբ որ ստանձնեցի մարզպետի պաշտոնը, կար այն հարցը, թե արդյո՞ք մեր քաղաքում կլինի հանդարտություն, հանգստություն, կկարողանա՞ն ամբողջ խնդիրները համախմբած, շատ հարցերում չհակադրվելով լուծել։ Ես, երևի, չտամ գնահատականը, դուք լավ գիտեք, որ ապահովվեց, մենք չենք ունեցել պահ, որ մարդիկ իրար հետ խնդիրներ ունենան, եթե եղել են խնդիրներ, քաղաքակիրթ ձևով ենք խոսել։
Ես հույս ունեմ, որ մեր բոլոր թեկնածուները ցանկանում են ունենալ հանգիստ, հանդարտ քաղաք և պետություն։ Եթե այսօր առաջադրված են ԱԺ պատգամավոր դառնալու, իրենց կեցվածքից ելնելով՝ շատ բաներ են ճշտվելու, շատ բաներ են լինելու։ Ես՝ որպես մարզպետ, բոլորի հանդեպ ունեմ հարգանք, կցանկանամ բոլորին էլ լինի հաջողություն, և իհարկե, կհորդորեի, որ բոլորս միասին այս ընտրություններն առանց ցնցումների անցկացնենք, տանենք քաղաքակիրթ պայքար։ Թեկնածուները ներկայացնեն իրենց տեսակետները, ոչ թե ներկայացնեն, թե նա ինչու է վատ, այլ՝ ցույց տան, թե ես ինչու եմ լավը։ Չեմ կարծում մենք կունենանք արտառոց բաներ, փոխվել են ժամանակները, մարդիկ իրենք էլ են հասկանում, որ էդ ոճով հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել։ Էսօր ավելի ճիշտը հանդարտ, հանգիստ ճանապարհով գնալն է։ Ես մտածում եմ ընտրությունները իրենց հետ պետք է բերեն դեպի հայրենիք գալու հարցը, մենք այնպիսի ընտրություններ չպիտի կազմակերպենք, որ էս ինչ մարդը ուզի այլևս չլինել հայրենիքում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինքնահավան, իրականությունից կտրված անձ: Միջավայրի թեման ոնց որ սեփական անձի մասին արտահայտվի:
Բարև բոլոր մականունավորներից Հովսեփ:))