Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն փոխել է իր կարծիքը թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Ծառուկյանի մասին

Փետրվար 15,2017 21:03

Ծառուկյան դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀՇ խոսնակ Կարեն Կարապետյանը մեկնաբանում է, թե ինչու են համագործակցում ԲՀԿ-ի հետ, որին նախորդ ընտրությունների ժամանակ ոչ միայն քննադատում էին, այլեւ այդ ուժի հետեւում Ռոբերտ Քոչարյանի ականջներն էին տեսնում:

«Իհարկե, եղել են գնահատականներ, ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ ցանկացած իրավիճակ, քաղաքական գործընթաց տեղի է ունենում այլ իրավիճակներում: Ներկայումս փոխվել է քաղաքական իրավիճակը: Այսօր այլ մարտահրավերներ են, այլ խնդիրներ կան լուծելու:

Բնականաբար, համեմատության եզրեր տանել տարիներ առաջվա իրավիճակի եւ այսօրվա իրավիճակի միջեւ, հակասություն կառաջացնի: Մեր նպատակն է անել հնարավորիս, որ Հայաստանում տեղի ունենա նորմալ ժողովրդավարական արժեհամակարգին հարիր ընտրություններ: Բացի այդ, անել հնարավորինս, որ Հայաստանն ունենա տնտեսական ու քաղաքական զարգացում, այլ ոչ թե գնա լճացում: Այդ առումով գտնում եմ, որ այս պահի դրությամբ, մեր համագործակցությունը միանգամայն նորմալ է ու որեւէ հակասություն մեր այսօրվա գործունեության եւ նախկինում կատարված հայտարարությունների միջեւ չկա»,-Aravot.am-ին ասաց Կարեն Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ականջներն այլեւս չտեսնելուն, պարոն Կարապետյանն ասաց. «Վստահ եմ, որ այս պահի դրությամբ, Քոչարյանի ականջները դաշինքի հետեւից չեն երեւում: ԲՀԿ-ի, Ծառուկյանի հետ մի իրողություն կատարվեց, երբ այն ժամանակ Ծառուկյանը հայտարարեց քաղաքական իրավիճակի փոփոխության մասին, ականատես եղանք՝ ինչ տեղի ունեցավ Ծառուկյանի հետ: Կարծում եմ, որ դա  հավելյալ ապացույց էր, որ Ծառուկյանն իր մղումներում ու միտումներում անկեղծ էր: Հակառակ դեպքում՝ իշխանությունների կողմից նման հետապնդման ու հարվածի չէր արժանանա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարում էր, թե Խորհրդարանական ոչ իշխանական եռյակում երաժշտություն պատվիրողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է. «Այս խողովակով հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը»:

Իսկ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ ասել էր. «ԲՀԿ-ն եւ նրա ղեկավարները պայքարող չեն, նրանք այլ բանի համար են ստեղծվել եւ այլ դեր ունեն այս հասարակության մեջ: Եվ, ընդհանրապես, ես առանց որեւէ մեկին վիրավորելու եմ դա ասում: Ցավոք, Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մարդ խոցելի է եւ թույլ, բայց հատկապես հարուստ մարդն ավելի խոցելի եւ թույլ է, նա չի կարող պայքարել, նա ուղղակի պետք է համակերպվի եւ տեղավորվի իշխանության կողմից ստեղծված նիշայի մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728