Հայաստանի Հանրապետությունը համապետական հերթական ընտրությունների շեմին է: Հերթականը այս դեպքում, պարզապես խորհրդարանի ժամկետի ավարտին, իր ժամանակին ընտրություններ կազմակերպելու բնութագիր է, ըստ կարգի եւ ըստ ձեւի, քան ըստ էության:
Խորքում նոր համակարգի` խորհրդարանական համակարգի առաջին ընտրություններն են, որ կազմակերպվում են: Այս խորհրդարանը հետզհետե կստանձնի նորացված Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Այլ խոսքով, ընտրվող Ազգային ժողովը մինչեւ 2018 կիրականացնի այն բոլոր գործառույթները, որոնք հետզհետե գործող Սահմանադրության վերածվող գերագույն իրավաթղթով վերապահվել են իրեն. այն բոլորը, որոնք չեն հակասում գործող նախագահի լիազորություններին:
Խորհրդարանական անցում կատարած մեր երկրի առաջին խորհրդարանն է, որը ընտրվում է այս ձեւով, հետեւաբար քաղաքական գիտակցությունը գերակա պիտի լինի այս առումով:
Այն բոլոր ուժերը, որոնք կտրուկ դեմ էին կառավարման համակարգի փոփոխությանը, որոնք գործող իշխանությունների վերարտադրության միակ շարժառիթն էին տեսնում այս բոլորի մեջ, այսօր արդեն շատ աշխույժ մասնակցում են ընտրություններին:
Կարդացեք նաև
Եթե մի կողմից կա այն տեսակետը, որ համակարգի փոփոխության դեմ եղած ուժը չի կարող կրավորական դիտել ընտրական գործընթացները, եթե ուզում է ազդեցիկ դառնալ քաղաքականության վրա, մյուս կողմից կա նաեւ գիտակցական մոտեցում, որը նոր Սահմանադրությամբ ճշտված ընդդիմությանը տրվող դերով գոյանում է հնարավորություն ազդելու երկրի թե՜ ներքին եւ թե՜ արտաքին քաղաքականությունների վրա: Ներկա պայմաններում բացառված է այլեւս միակուսակցական կամ միանձնյա ղեկավարումը: Համախոհական կառավարության կազմությունը գրեթե անխուսափելի է եւ քաղաքագիտական ընկալումով պարտադիր-օրինաչափ:
Անկախ այն իրողությունից, որ կազմվող-քանդվող դաշինքների մեջ երբեմն բացակայում է սկզբունքայնությունը եւ հաճախ ընդգծվում է քաղաքական ծրագրի բացակայությունը եւ անկախ դրանից մանավանդ, որ ռեյթինգային բաժնի ներառումը ընտրակարգում, ըստ էության խախտում է հարյուր առ հարյուր համամասնական դրությունը, այսուհանդերձ պետք է կենտրոնանալ ստեղծված եռուզեռի վրա:
Բանակցությունները, համաձայնությունները, բանավեճերը եւ ընտրական պայմանավորվածությունները` ընդգծում են նորացված Սահմանադրության բերած նորարարությունը, ընտրական նոր մշակույթը, ինչը նաեւ նպատակ էր կառավարման համակարգի փոփոխությունը առաջադրող ուժերի համար:
Համամասնական ընտրացանկերի հետզհետե հրապարակումը այն տպավորությունն է թողնում, որ կուսակցական եւ առ այդ այս դեպքում խորհրդարանական դաշտի գրագիտացման գործընթացը իրագործելի առաջադրանք է հատկապես իշխող կուսակցության եւ ընդհանրապես ընտրություններին մասնակցող ուժերի համար: Ռեյտինգային ընտրակարգը ստվերում է այդ միտումը, այն պարզ պատճառով, որ այդ ընտրակարգով առաջադրվողների քվեահավաքի դերը չի կարող իրականանալ զուտ գաղափարական-քաղաքական աշխատանքներով, բնականաբար տեղի տալով լծակային գործոնի գերակայությանը:
Այս բոլորվ հանդերձ սակայն, անպայման, պետք է տեսնել բաժակի կիսալեցուն բաժինը եւ հաստատել, որ մենք իբրեւ Հանրապետություն, մի քայլ առաջ ենք դեպի ժողովրդավարական ընտրություններ կայացնելու ուղու վրա:
Անշուշտ, գործընթացը ունի քաղաքական հնչեղություն եւ պատահական չէ, որ ԵՄ կառույցները դրական գնահատականներ տալով փուլ առ փուլ զուգահեռ շարժումի մեջ են տեղադրել ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրման գործընթացը` ընտրական յուրաքանչյուր նորարար միջոցի որդեգրման հետեւելով եւ համապատասխան արձագանք ունենալով պաշտոնապես:
Պետության ճիգը ակներեւ է ընտրության օրը աշխարհին ներկայանալու ժամանակակից, թափանցիկ եւ առավելագույն չափով անառարկելի: Մինչեւ քվեատուփ հասնելը սակայն ստվերի գործարկման եւ զանգվածային քվեն ուղղորդելու ավանդական միջոցները բանելու նախադրյալները համոզում են, որ բուն ընտրությունը այս պայմաններում կարող է կայանալ մինչեւ քվեարկությունը:
Սահմանադրության փոփոխությունը, նորացված ընտրակարգը հիմնականի մեջ հետապնդում են համակարգային փոփոխություն, իսկ համակարգային փոփոխության կայացման համար անհրաժեշտ է նաեւ արմատական փոփոխություն ըստ էության ընտրական մշակույթի եւ ոչ թե սոսկ քվեարկության միջոցառման:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր