Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1994թ. մարտին ծնված Կարեն Անանյանը 2012-2014թթ. եղել է ժամկետային զինվորական ծառայության մեջ, ծառայել է ԼՂՀ Մարտակերտի շրջանում, առաջնագծում պաշտպանել հայրենիքի սահմանը: 2014թ. հունիսին զորացրվել է, նույն ամսվա վերջին պայմանագրային զինծառայության անցել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում, ծառայել Նոյեմբերյանի սահմանագոտում:
2014թ. դեկտեմբերի 3-ին գտնվել է մարտական դիրքում, դիտորդի պարտականություններն է կատարել: Զինծառայողներից մեկը դասակի հրամանատարի հետ վեճի է բռնվել, Կարենը փորձել է նրանց իրարից բաժանել, դասակի հրամանատարը ինքնաձիգից պատահաբար կրակ է արձակել:
Գնդակը դիպել է Կարեն Անանյանի ձախ ազդրի վերին երրորդական հատվածին: Դեպքից հետո նա Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում վիրահատվել է, այնտեղ բուժվել 24 օր: Դրանից հետո 5 ամիս գտնվել է տնային բուժման մեջ: 2015թ. մայիսին Լոռու մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից նրան տրվել է հաշմանդամության 3-րդ խումբ: 2016թ. հունիսին նույն հանձնաժողովը Կ. Անանյանին զրկել է հաշմանդամության խմբից:
Կարենը մեզ հայտնեց, որ իր առողջական վիճակը ներկայումս բավարար է, նա ցանկանում է պայմանագրային զինծառայության անցնել: 2 անգամ՝ 2016թ. դեկտեմբերի 5-ին եւ 2017թ. փետրվարի 6-ին նա գրավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, խնդրելով իրեն ընդառաջել, որպեսզի անցնի ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն եւ կրկին դառնա պայմանագրային զինծառայող, պաշտպանի Նոյեմբերյանի սահմանագոտին:
Կարդացեք նաև
Կ. Անանյանի ծնողները չեն աշխատում, նրա պայմանագրային զինծառայության անցնելը թույլ կտար բարելավել ընտանիքի սոցիալական վիճակը:
Կարեն Անանյանը հայտնեց, որ նախարար Վ. Սարգսյանին 2016թ. դեկտեմբերի 5-ի իր դիմումին պատասխան չի ստացել: 2017թ. փետրվարի 6-ի դիմումին ի պատասխան փետրվարի 15-ին նրան զանգահարել են ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալից: Հոսպիտալից հայտնել են, որ պաշտպանության նախարարի 2013թ. հրամանի համաձայն՝ վիրավորված պայմանագրային զինծառայողը պայմանագրային զինծառայության համար ռազմաբժշկական փորձաքննություն կարող է անցնել հաշմանդամ ճանաչվելուց 5 տարի անց: Այսինքն՝ Կ. Անանյանը կարող է պայմանագրային զինծառայության անցնել 2020թ.-ին ռազմաբժշկական փորձաքննություն անցնելուց հետո:
Կ. Անանյանը 2016թ. հունիսին հաշմանդամ չի ճանաչվել, իրեն առողջ է զգում սահմանագոտին պաշտպանելու համար, սակայն նրան հնարավորություն չի տրվում պայմանագրային զինծառայող դառնալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ