ՀԱԿ դաշինքի ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն 72 տարեկան է: Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ առաջին նախագահը քարոզարշավներին ակտիվ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:
Նա պատասխանեց. «Թե ոնց կկազմակերպվի քարոզարշավը՝ դժվար է ասել: Աշխատանքները դեռ սկսված չեն, որովհետեւ մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք թեկնածուական կազմի կազմավորման վրա: Ռեյտինգային ցուցակը պետք է ավարտենք, որովհետեւ դրա հիման վրա կառուցվում է կենտրոնական ցուցակը: Բոլոր ռեյտինգայինները պետք է ընդգրկվեն կենտրոնականի մեջ: Մինչեւ չավարտես ռեյտինգային ցուցակի կազմավորումը, չես կարող կառուցել կենտրոնական ցուցակը»:
Հարցին՝ ծածկո՞ւմ եք բոլոր ընտրատարածքները, ունե՞ք բավականաչափ մարդիկ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ունենք: Կարծում եմ, մենք կունենանք ամենաներկայացուցչական ցուցակներից մեկը գոնե»:
Ռեյտինգային ցուցակը համարվում է թաղային հեղինակությունների համար հարթակ: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Այնպես չի, որ մենք շատ երջանիկ ենք, որ մտնում ենք այդ տիպի պայքարի մեջ: Մեր գլխավոր քննադատությունն այս Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ինչի պատճառով մենք դեմ ենք քվեարկել եւ չենք ընդունել այն, հենց այդ ռեյտինգային համակարգի համար էր: Մենք դեմ ենք, հենց իշխանության գանք՝ անմիջապես դա վերացնելու ենք, որովհետեւ ամբողջ նպատակն այս ռեյտինգային համակարգի վերածելն է ընտրությունները փողի եւ արդարության միջեւ պայքարի, Մամոնայի եւ Աստծո միջեւ ընտրության: Մենք դրան շատ դեմ ենք, բայց քանի որ կռիվը գնում է այդ կանոններով, մենք ստիպված ենք ադապտացնել մեր համակարգը այդ կանոններին: Իսկ դրա համար պետք է ճիշտ թեկնածուական կազմ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակն ինչպե՞ս է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Շատ լավ» եւ ավելացրեց. Не дождетесь!»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ