Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է բնակիչներին լճի վրայով չքայլել և ավտոմեքենա չվարել

Փետրվար 15,2017 18:01

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմում զգալի տեղ են զբաղեցնում սառցային երևույթները: Առաջին սառցային երևույթները, ձևավորվում են ափի մոտ` սկսած նոյեմբերի սկզբից: Սևանա լճում ափասառույց ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ միշտ:

Բաց լճի վրա սառույցը առաջանում է հունվարի երկրորդ կեսից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում: Վերջին տարիներին լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման պատճառով առաջին սառցային երևույթները 15-17 օր ավելի շուտ են սկսվում, քան այն ձևավորվում էր լճի բնական մակարդակի ժամանակ:

Երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից ցածր է, իսկ փետրվարին առանց քամի եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի, ապա լճի վրա ձևավորվում է համատարած սառցածածկույթ, որից լիճն ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին:

Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով էապես փոխվել է լճի ջերմային ռեժիմը՝ ջերմության պաշարները նվազել են, որը զգալիորեն ազդել է լճի սառցային ռեժիմի վրա, և եթե մինչև 1947թ. լիճը սառույցով ծածկվում էր 5-15 տարին մեկ անգամ /1890, 1905, 1921, 1926, 1937, 1949 թվականներին/, ապա 1948թ. հետո` 1-7 տարին մեկ անգամ /1950, 1954, 1957, 1959, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1992, 1993, 1997, 2000, 2007, 2008, 2012 թվականներին/:

Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008թ. հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959թ. փետրվարի 28-ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972թ.-ին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45սմ:

Պայմանավորված 2017թ. եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 3-ից Մեծ Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ, իսկ Փոքր Սևանը սառցապատ է մասամբ (80-90%), սառցի հաստությունը հասնում է 10-15 սմ:

Ընդհանուր առմամբ լճի համատարած սառցակալումը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրականն այն է, որ սառցածածկի պայմաններում գրեթե բացակայում է գոլորշացումը, որը փետրվար ամսին օրական միջին հաշվով կազմում է 1,1 մլն խոր.մ ջուր: Բացասական կողմերից է այն, որ լճի վրա առաջացած մակերևութային սառույցը խոչընդոտում է ջրում թթվածնի լուծունակությանը և պակասում է թթվածնի քանակությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ափամերձ բնակավայրերի բնակիչներին լճի վրայով չքայլել և ավտոմեքենա չվարել, քանի որ սառցածածկի հզորությունը մեծ չէ և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728