Ռուսաստանում Ազգային ազատագրական շարժման (ՆՕԴ) ներկայացուցիչները պիկետ են անցկացրել Россия сегодня գործակալության շենքի դիմաց՝ դրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին մեղադրելով «թրամփամոլության» մեջ: Այս մասին հաղորդում է mk.ru պորտալը:
Twitter-ում հրապարակված լուսանկարներից երևում է, որ ակցիան տեղի է ունեցել «Ո՛չ Թրամփի պաշտամունքին մեր ԶԼՄ-ներում», «Կիսելյո՛վ, Դուք թրամփամոլ եք: Ռուսաստանի պատրիոտ եղեք, ոչ թե՝ ԱՄՆ-ի» կարգախոսներով:
ՆՕԴ շարժումը գլխավորում է «Եդինայա Ռոսսիա»-ից Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը: Շարժման մասնակիցները համոզված են, որ Ռուսաստանի իշխանական հաստատությունների մեծ մասը լի է ամերիկացի գործակալներով, և դրան դիմակայել կարող է միայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին պետք է տալ «արտակարգ լիազորություններ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ