Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ»

Փետրվար 15,2017 17:35

«Երևանի պետական համալսարանը շարունակում է նշանակալից դեր կատարել թե´ գիտակրթական, թե´ հասարակական գիտակցության ձևավորման առումով, և պետք է քննարկել, թե ինչպես կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնել», – ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը ԵՊՀ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրով նախատեսվող միջոցառումները և բարեփոխումները՝ նշելով.  «Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջև դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ և գրագետ»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշ թվային տվյալներ է ներկայացրել. բուհն ունի շուրջ 19000 ուսանող, 19 ֆակուլտետ, 4 ինստիտուտ, որից 2-ը գիտակրթական են, 15 ուսումնական ու գիտական կենտրոն, շուրջ 50 լաբորատորիա և 3 նորաստեղծ ուսանողական Start up լաբորատորիա: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն գնում է գերազանցության կենտրոններ ստեղծելու ճանապարհով, որտեղ կենտրոնացվում է բուհի նորարարական և գիտական լավագույն ներուժը:

Արամ Սիմոնյանն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությանը, ուսանողական կառավարման մարմինների գործունեությանը, խոսել ընթացիկ և հետագա ծրագրերի մասին:

Վարչապետն ընդգծել է, որ բուհական համակարգը, դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը պետք է սերտ փոխկապակցված լինեն, ինչը կապահովի գիտական արդյունքի և կիրառական պրոդուկտի ավելի բարձր մակարդակ:

Գործադիրի ղեկավարը հետաքրքրվել է բուհի գիտական կառույցների աշխատանքի գնահատման չափորոշիչների, ներդրումների ծավալի, ակնկալվող և փաստացի արդյունքի, պետություն-բուհ-մասնավոր հատված համագործակցության մասին:

Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բարձրակարգ մասնագետների պահանջարկի խնդրին՝ կարևորելով ոլորտի ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը: «Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին: Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, և պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ», – ասել է վարչապետը:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային և ընդերքի ռեսուրսների կառավարման, դեղարդյունաբերության և այլ ոլորտներում գիտական ներուժի հասցեական կիրառմանը, նորարարական գաղափարների ու տեխնոլոգիաների ներդրմանը, գիտական արդյունքի ձևավորմանը և հարակից այլ հարցեր: Կարևորելով գիտական ներուժի առևտրայնացումը՝ վարչապետն առաջարկել է կառավարություն ներկայացնել կիրառական ծրագրեր, որոնք կուսումնասիրվեն, կգնահատվեն համապատասխան գերատեսչությունների կողմից և արձագանք կստանան:

***

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը և կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները: «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ  դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ և չհարմարվող լինելով», – ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում:

Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին:

Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ «Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջև դնում ենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք ևս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետև տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել», – նշել է կառավարության ղեկավարը:

Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն: «Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և երբ եք դուք մեզ միանալու», – ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», – նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:

Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձևավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը և որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր:

Պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին վերաբերող և, մասնավորապես, ապրիլյան պատերազմի համատեքստում հնչած հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների համար գոյություն ունի ծրագիր, որն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը՝ հստակ բյուջեով և ձևակերպված անելիքներով: Ե´վ պետությունը, և´ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բարոյական պարտավորություններ ունեն այդ ընտանիքների նկատմամբ, և մենք պետք է հետևողական լինենք այդ հարցում»:

Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն՝ վարչապետն ասել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»:

Ամփոփելով հարցուպատասխանը՝ վարչապետը կոչ է արել ուսանողներին գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները և մասնակցել կառավարություն-հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ձևավորմանը: «Ես բազմիցս եմ ասել՝ ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք: Ակտիվ մասնակցեք մեր նախաձեռնություններին կամ դուք էլ նախագծեր ներկայացրեք», – ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, Start up լաբորատորիաներում, ինչպես նաև վերջերս վերանորոգված մարզահամալիրում, ծանոթացել աշխատանքներին և ծրագրերին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728