Երևանում շարունակում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը:
Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն իր ելույթում խոսեց ռազմական անհրաժեշտության և համաչափության սկզբունքների մասին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական օպերացիայի համատեքստում, հատուկ ուշադրություն դարձնելով Կոսովոյի պատերազմում ՆԱՏՕ-ի ուժերի գործողությունների հետ համեմատությանը։ «Զինված հակամարտությունների ընթացքում հաճախ է լինում, որ փաստական հանգամանքները կողմերից մեկը խեղաթյուրում է, որպեսզի հնարավորություն ունենա խոսել պատերազմական հանցագործությունների մասին և դա ծառայեցնել իր քարոզչական նպատակներին։ Իսկ իրականում ընդամենը քարոզչական նպատակով անուշադրության են մատնվում չոր փաստական հանգամանքները, որոնք տվյալ ռազմական գործողությունը դարձրել էին արդարացված և իրավաչափ»,-ասաց Լևոն Գևորգյանը, որպես օրինակ բերելով Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի պատերազմներից առանձին դրվագներ, որոնք վերջինի դեպքում դարձել են նաև Հարավսլավիայի ռազմական տրիբունալի քննության առարկա։
ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ այն բոլոր հրատարակությունները և գիտական աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանում և հայկական Սփյուռքում կարևոր են միջազգային տարբեր ձևաչափերում։ «Միջագզային խորհրդարանական ձևաչափերը շարունակական ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույցներ են։ Պատգամավորները գալիս-գնում են, բայց աշխատակազմերը շարունակում են իրենց գործունեությունը։ Այս կառույցներում պետք է լինի համակարգված ներգրավում, որպեսզի կարողանանք ձևավորել մեր բանակցային պաշարը: Միջազգային կառույցներում մեր համակարգված աշխատանքի լավագույն օրինակներից է 2016թ հունվարին ԵԽԽՎ-ում երկու ադրբեջանամետ բանաձևերի հետ կապված մեր աշխատանքը։ Հրաշալի է, որ կարողացանք այդ բանաձևերից մեկը տապալել մեր գործընկերների հետ միասին, իսկ մյուսը` Սարսանգի ջրամբարի իբր թե խնդրի հետ կապված բանաձևը ընդունվեց։ Այս բանաձևը հետագայում ապրիլյան պատերազմում Ադրբեջանը օգտագործեց իր հակաքարոզչության մեջ: Գովելի է նաև, որ բառացիորեն երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպումներ է ունենում Ստրասբուրգում։ Սա շատ կարևոր աշխատանք է»:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ «Ադրբեջանի իշխանությունների նպատակասլաց գործողությունների արդյունքում Իլհամ Ալիևի իշխանության տարիներից սկսած փաստացի սահմանափակեցին որևէ տեսակի շփումները ադրբեջանցիների և հայերի միջև։ Փոխարենը իշխող «Յենի Ազերբեջան» կուսակցության ջանքերով ստեղծեցին այդ կուսակցության երիտթևի անդամներից կազմված «ինտերնետ տրոլլ»-երի խմբեր, որոնք սկսեցին հայերի դեմ ցանցում տարածել ռասիստական և այլատյացության բնույթ ունեցող գրառումներ»։
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ելույթում կիսվեց այդ տարիների հուշերով: «Այսօրվա միջոցառումը ինձ ստիպեց վերհիշել իմ մանկությունը, երբ պատսպարվում էինք Ստեփանակերտի նկուղներում Ադրբեջանի ԶՈւ կողմից հրետակոծություններից պաշտպանվելու համար։ Մենք շուտով կհրապարակենք «Պաշարվածները» վավերագրական ֆիլմը, որտեղ նաև այդ օրերին Ստեփանակերտում կյանքը չպատկերացնող մարդիկ կիմանան, թե ինչ է եղել»,-պատմեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ելույթով հանդես էին եկել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ստեփանակերտի շրջափակման ականատեսներ` այդ ընթացքում Արցախում աշխատող լրագրողներ Սվետլանա Կուլչիցկայան և Կոնստանտին Վոյեվոդսկին, ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, Հայաստանի արտաքին գործերի նախարար, ինչպես նաև մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ:
Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրեցին 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ: Քննարկվեց նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» մամուլի հաղորդագրություն