Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդ երեխային պետք է ասել իր հիվանդության մասին

Փետրվար 15,2017 16:16

«Երեխային պետք է ներկայացնել, թե իր օրգանիզմի հետ ինչ է կատարվում, որովհետեւ անորոշությունն էլ ավելի է ուժեղացնում տագնապը»,-այս համոզմանն է կլինիկական հոգեբան Ալիսա Քամալյանը, որը Մուրացան hամալսարանական հիվանդանոցում հոգեսոցիալ աջակցություն է մատուցում քաղցկեղով հիվանդ երեխաներին ու նրանց հարազատներին:

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով այսօր «Մեդիա կենտրոնում» հյուրընկալված մասնագետները ներկայացրին մանկական քաղցկեղով հիվանդացության իրավիճակը Հայաստանում:

Ալիսա Քամալյանն ասաց, որ հոգեսոցիալ աջակցությունը սկսում է հենց ախտորոշման պահից եւ հիվանդության ողջ ընթացքում երեխային եւ ընտանիքին օգնում է որպեսզի հաղթահարեն հոգեբանական, հուզական դժվարությունները:

Ուռուցքաբան, արյունաբան Լուսինե Հակոբյանի տվյալներով, ամեն տարի մեր երկրում մինչեւ 100 երեխա հիվանդանում է մանկական քաղցկեղով: Եվ չնայած, որ Հայաստանում էլ բուժելիության ցուցանիշը բարձր է, այդուհանդերձ ուռուցքաբանի խոսքերով, կան դեպքեր, երբ մեր երկրում երեխային բուժելն անհնարին է: Օրինակ` ըստ նրա, կան պիլոտային ծրագրեր, որոնք մեզ մոտ ներդրված չեն, որոշ վիրահատություններ նույնպես չեն կատարվում: Մասնագետի խոսքերով, մանկական քաղցկեղի կանխարգելումը չունի յուրահատուկ մոտեցում եւ դրանից խուսափելու համար պետք է առողջ ապրելակերպ ունենալ, ճիշտ սնվել, երեխաներին զերծ պահել քիմիկատների հետ շփումներից եւ այլն:
«Օրինակ` մեծահասակների թոքի քաղցկեղի համար կա սքրինինգ, տարբեր քաղցկեղների համար սքրինինգներ կան, մանկական հասակում քաղցկեղի համար սքրինինգ ծրագրեր չկան: Սքրինինգը պետք է, որպեսզի ծնողն ուշադիր լինի եւ դիմելիություն շուտ լինի»,-ասաց Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքերով, ճիշտ է Հայաստանում քաղցկեղի ոչ բոլոր տիպերը կարելի է բուժել, այդուհանդերձ չունենք ոչ մի երեխա, որը գումարի բացակայության պատճառով բուժում չստանա կամ բուժումը հետաձգվի կամ` կիսատ մնա: Ըստ նրա, քիմիաթերապիայի մեծ տոկոսը հնարավոր է Հայաստանում իրականացնել:

Մանուկների բուժումը կատարվում է նաեւ տարբեր ֆոնդերի միջոցներով: Դրանք երեխաների համար մեր երկրում չգրանցված դեղորայք են հայթայթում, դեֆիցիտ կարգի արյուն են գտնում, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728