Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային մարմիններում կոռուպցիան 99 տոկոսով վերացել է». ՀՅԴ-ն պարզաբանում է, թե ինչու էլ չեն խոսում թալանի մասին (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 15:50

Այսօր ՀՅԴ-ն հրապարակեց իր ցուցակները, նաեւ հայտնի է կարգախոսը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»:

ՀՅԴ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենց համար արդար Հայաստանը զարգացող, ուժեղ Հայաստանն է, ինքնիշխան, խաղաղ, բարեկեցիկ, երիտասարդ, խաղաղ, իրավունքի, հոգեւոր մշակույթի Հայաստանն է:

Հարցին՝ նախորդ ընտրություններին ընդդիմություն էիք ներկայանում, հիմա իշխանության մաս եք, ձայների առումով դա ինչպե՞ս կանդրադառնա՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դրականորեն: Որ դժգոհություն կա օբյեկտիվ եւ արդարացի, ոչ մեկը չի ժխտում: Մենք եղել ենք ընդդիմություն, եղել ենք իշխանության մաս, նորից ենք եղել ընդդիմություն, մենք չենք փոխվել: Մեր խնդիրները, մեր նպատակները, մեր առաջնահերթությունները…դուք չեք գտնի մի բան, որ մենք ասենք, հետո դրանից հրաժարվենք: Դուք չեք գտնի մեր ասածների մեջ պոպուլիստական, զուտ ձայն հավաքելու համար ասած մի միտք, որն իրատեսական չի ու փաստ չի: Աբսուրդի ենք մենք հասնում: Վերցրեք 10 տարի առաջ ընդդիմության ասածներն իշխանության հասցեին, վերցրեք այսօրվա իրենց ընդդիմություն հռչակած այդ ժամանակվա իշխանություններին եւ նայեք իրենց ասածներն այսօրվա իշխանության հասցեին. Ոչ մի բառի տարբերություն չեք գտնի: Մեզ չեք կարող մեղադրել: Մենք այս երկրում համակարգային փոփոխություն ենք արել, էապես մեր շնորհիվ նոր ընտրական համակարգ է ձեւավորվել»:

Աղվան Վարդանյանը վստահ է, որ կլինեն մարդիկ, որ կտեսնեն ՀՅԴ-ի արածը:

Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, որ իրենք քառյակում նույն ծրագրով են ներկայացված եղել. «Բայց մե՞նք ենք մեղավոր, որ մեր մյուս գործընկերները չընդունեցին մեր մոտեցումները, մենք դուրս եկանք, իրենք մնացին ու պառակտվեցին: Մենք շարունակեցինք եւ հասանք մեր նպատակին»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասում եք՝ չի եղել մի բան, որ մենք ասենք ու հրաժարվենք, բայց Արծվիկ Մինասյանը նախկինում քառյակում խոսում էր տնտեսության վիճակի, թալանի մասին, պահանջում էր, որ բոլորին հասարակությունը պատժի եւ պախարակի, բայց ՀՀԿ-ի հետ կոալիցիոն անդամ դառնալուց հետո թալանի մասին այլեւս չլսեցինք, թալանը վերացա՞վ, Արծվիկ Մինասյանն ու դուք հասկացաք, որ թալան չի՞ եղել, թե՞ նորից եք բարձրացնելու այդ խնդիրները:

Աղվան Վարդանյանն ի պատասխան խորհուրդ տվեց չսեւեռվել թալան բառի վրա:Նա ասաց, որ իրենք 20 տարի խոսում էին հակակոռուպցիոն անկախ մարմնի մասին, այսօր կա այդ մարմինը. «Այսօր, գնացեք հարցրեք գործարարներին, հարկային մարմիններում կոռուպցիան 99 տոկոսով վերացել է, մաքսայինում դեռ կա այդ խնդիրները: Այսօր առողջապահության, այլ ոլորտներում մաքրելու ինչ-որ բաներ է գնում օդիոզ դեմքերից, ֆիգուրներից, ուղղակի սա պետք է տեսնել: Համաձայն եմ, քիչ է, բայց մենք սրա հիմքն ենք դրել»:

Նա հորդորեց չսրել եւ բեւեռացման չտանել:

Արմեն Ռուստամյանի պարզաբանմամբ՝ «Արծվիկ Մինասյանը, երբ ընդդիմություն էր, պետք է բնականաբար խոսեր այն ոճով, որն ընդդիմության դերակատարումն է: Արծվիկ Մինասյանը հիմա նախարար է, նա կատարելու դաշտը արդեն ունի, չպիտի խոսի: Նա պետք է հիմա ոչ թե խոսի, այլ պիտի գործ անի: Իշխանությանը գործերով են գնահատում, ոչ թե ասում են՝ լծակներ ունենք քարոզելու, եկեք քարոզչական մեթոդներով տպավորություն ստեղծենք, որ երկրում լավ վիճակ է: Դրանով ոչ մեկին չես խաբի, պիտի գործ անես: Շատ ուրախ եմ, որ Արծվիկ Մինասյանը նույն ծավալով չի խոսում, ինչ խոսում էր ԱԺ-ում: Շատ տրամաբանական է, հիմա դրա ժամանակը չունի: Նա պիտի աշխատի, այդ բոլոր հարցերը լուծի, հարթի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Բեժանյան says:

    Հետաքրքիր է, թե ՀՅԴ-ի հայտարարություններն ինչ հիմք ունեն։ Թրանսփարենսի Ինթերնեյշնըլի տվյալներով Հայաստանը 113-պդ տեղում է՝ դասվելով համակարգային կոռուպցիա ունեցող երկների շարքում։ Մեկ-մեկ ՀՅԴ-ի սուտը կուրացնելու աստիճան փայլատակումներ ունի… ։)

    https://news.am/eng/news/369543.html

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728